...

Ինչո՞ւ է բառաչում նախագահի կովը

Ինչո՞ւ է բառաչում նախագահի կովը

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս մեր հանրապետության նախագահը աննախադեպ մուննաթով հայտարարեց, որ նախկին իշխանությունների կովը բառաչելու իրավունք չունի:

Հիրավի՝ որքան սրատես դիտարկում: Ո՞վ չի հասկանում, որ այսօր բառաչելու իրավունք ունեն բացառապես նախագահական կովերը: Ու որպեսզի սույն հայտարարությունը չհնչի որպես քծնանք նախագահական կովերի հասցեին, դիտարկենք սույնը՝ ամրագրված փաստերով: Վիճակագրական պետական վարչությունը տարին ամփոփեց մի ժուռնալով, որտեղ արձանագրված էր 12 տոկոս տնտեսական աճ, հանրապետության վարչապետն իր հարազատ կուսակցության համագումարում համարյա նախանձ անվանեց նրանց, ովքեր ինադու չեն ուզում նկատել իր վարչապետության օրոք շռնդալից ֆշշացող տնտեսական աճը: Իսկ ի՞նչ էր կատարվում նախկին հանցավորների օրոք. ի՜նչ տնտեսություն, ի՜նչ աճ. այդ ամենը միայն ուղեղի մորմոք է եղել, հալուցինացիա, որը ցրվեց ներկայիս նախագահի տնտեսական աճի իլյումինատորի տակ: Եվ այսքանից հետո մի՞թե այս երկրում կգտնվի մի դավաճան, որը կհամարձակվի վիճարկել նախագահի կովերի բառաչելու մենաշնորհը: Տնտեսությունն էլ դեռ մի կողմ. բա արտաքին քաղաքականությա՞ն դաշտում, որը հարամել էին նախկին հանցավորները՝ ի՜նչ աճեր է արձանագրել մեր նախագահը. մասնավորապես՝ ղարաբաղյան հարցի աճը: Հարցը գրվել է սառույցին. դրանից էլ լավ աճ: Մի՞թե նախկին իշխանությունները կարող էին այդքան հարամ լինել, որ ժողովրդի գոյատևելու գնով ղարաբաղյան հակամարտությունը շահարկեին սեփական աթոռը տաք պահելու համար: Ոչ, նրանք այդքան հարամ չկարողացան լինել, ուստի նրանց կովն, այո, բառաչելու իրավունք չունի: Այսպիսով՝ արտաքին քաղաքականության դաշտում ևս բառաչելու մենաշնորհը պատկանում է հանրապետության նախագահի կովերին:

Անցնենք ներքաղաքական դաշտ. բոլոր կուսակցությունները՝ ծախված, բոլոր քաղաքական գործիչները՝ տկարամիտ, նախկինում լուրջ գործչի համբավ ունեցողները՝ բոլորը հասցված ապուշության մի անկաշկանդ աստիճանի, որից այն կողմ բավականին անմեղսունակ վիճակ է սկսվում և այս բոլորի հեղինակը հանրապետության նախագահն է: Չէ, նախկին հանցավորների նման, որ կարևորում էին անգամ իրենց տակը փորող քաղաքական ուժերին ու թույլ չէին տալիս, որ ժողովուրդը տեսնի նրանց տկարամտության իրական ռակուրսը: Ու այսքանից հետո ո՞վ իրավունք ունի բառաչելու, իհարկե, հանրապետության նախագահի կովը:

Ինչ վերաբերում է ժողովրդի ինքնազգացողությանը, ապա այստեղ ևս մենաշնորհը վիճարկման ենթակա չէ. այսօր ժողովուրդը ոչ թե հեռանում է իր հայրենիքից, այլ գլխապատառ փախչում՝ մի վերջին անգամ էլ օդանավակայանում թքելով սեփական հայրենիքի ճակատին, այսօր 1000 դրամի համար թոռը հավեսով մորթում է տատին, իսկ մայրը երկու բուխանկա հացի համար կամրջից ցած է նետում իր 12-ամյա աղջկան: Մի՞թե նախկին հանցավորները կարող էին երկիրն այլասերել մինչև այն աստիճան, որ այսօր միայն Էմիրությունների բանտում 800 հայ պոռնիկ կա, իսկ Կալիֆոռնիայի բանտի 7000 հայ կալանավորներից և ոչ մեկը չցանկացավ վերադառնալ հայրենիք: Ո՛չ, նախկին հանցավորները չունեին այդքան հմտություն և չէին տիրապետում երկիրը ֆանտաստիկ արագությամբ այլասերելու արվեստին, ուստի, այո, նրանց կովը բառաչեու ոչ մի բարոյական իրավունք չունի: Նախկին հանցավորները չէին հասկանում, թե ինչպես կարելի է ստորացնել վաստակավոր արվեստագետին, որ նա ժեշտից մի մեդալի համար նախագահին ու ցանկացած իշխանավորին այնպիսի լիրիկական տողեր ձոնի, որ, անկախ քեզնից, սկսես կասկածել սույն արական սեռի արվեստագետի սեռական կողմնորոշումների վրա, իսկ ով քծնելու և իր սեռը կասկածի տակ դնելու գենետիկական հակում չունի, պիտի կախվի, ինչպես արեց «Վետերան» ծերանոցի ոչ այնքան ծեր արվեստագետը՝ մի գրություն թողնելով, որը կարդալուց հետո նախագահի կովերը ամոթից գետինը կմտնեին՝ ի տարբերություն իրենց տերերի:

Եվ այսօր, այո, մանկահասակ պոռնիկների ու օրեր առաջ աղբարկղին կռթնած՝ մահացած պառավի իդիլիական համայնապատկերի ֆոնի վրա բառաչելու իրավունք ունի միայն այս նախագահի կովը:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 222, հունիսի 22, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1862 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ