...

Մտավորականության աճյունն ամփոփելու ժամանակը

Մտավորականության աճյունն ամփոփելու ժամանակը

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Պապլավոկում մարդ սպանեցին: Իսկ մի քանի օր առաջ Ռուսաստանից ժամանած 27 լրագրողի ընդունեց հանրապետության նախագահը: Լրագրողները զարմացած էին. նրանցից մեկը նույնիսկ չթաքցրեց իր զարմանքը՝ «ձեր նախագահը շատ բարի էր»: Երևի ռուս լրագրողները, տեղյակ լինելով Պապլավոկի ողբերգությանը, սպասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա բակլան թիկնապահները մի քանի ռուս լրագրո՞ղ պիտի սպանեին: Ու երբ նրանց սպասումները չեն արդարացել, երբ նրանց շարքերից պակասողներ չեն եղել՝ դա վերագրել են մեր նախագահի անսահման բարությանը:

Կատարյալ զավեշտ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ չպիտի իրեն հյուր եկած մարդկանց հանդեպ նախագահը բարի չլիներ: Թե՞ նույնիսկ արդեն դրսի մարդիկ գիտեն, որ եթե Հայաստանում քեզ ստից տեղը չեն ձերբակալում, վրադ գործ չեն սարքում, չեն ծեծում, չեն խոշտանգում ու չեն սպանում, նշանակում է քո հանդեպ հատկապես բարի են:

Իսկ Պապլավոկի դեպքից ուղիղ երեք օր հետո, երբ դաշնակներն արդեն աղմուկ էին բարձրացրել, ու իշխանությունները հասկացել էին, որ այս անգամ գործը կոծկել չեն կարողանալու և ասացին, որ մեղավորին պատժելու են (որը, ի դեպ, դեռ ազատության մեջ է), մեր մտավորականության քաղաքացիական գիտակցությունը ծագեց ու նրանք իրենց բողոքի անաչառ ձայնը զլեցին երկրում տիրող բեսպրեդելի դեմ: Իհարկե, զլեցին այնպես, որ դրանից հանկարծ հանրապետության նախագահը չնեղանա ու իրենցից ոմանց չզրկի ամսական պայոկից:

Երբ հերթական անգամ հայ մտավորականն իրեն լաքեյի պես է պահում ու հերթական անգամ մամուլը չի կարողանում դրա վրա աչք փակել, նույն մտավորականները հռետորական ճառեր են ասում, թե չի կարելի մտավորականի կերպար փչացնել: Բայց ո՞ր մտավորականի: Եվ ո՞ւր են այդ մտավորականները, որ երևում են միայն այն տեղերում, որտեղ կամ փող են բաժանում, կամ բանկետ է, կամ էլ մեկին պիտի քծնեն՝ խմբակային կամ հատ-հատ: Եվ ի՞նչ կապ ունեն այստեղ որոշ անդաստիարակ լրագրողներ, որոնք համառորեն չեն ուզում մեր մտավորականության լավը: Չէ, ուզում ենք, պարզապես մտավորականությունը համառորեն ապացուցում է, որ ինքը շատ հին ու ձանձրալի մեռել է:

Պապլավոկում խումբ-խումբ նստած էին, երբ իրենց աչքի առաջ Քոչարյանի բակլանները բռունցքներով մարդու գլխին էին հարվածում. բայց նրանք, այդ մտավորականները, նստած էին ու՝ կա՛մ գլուխները թեքեցին, կամ սրտները վախից բռնեցին ու փախան տուն: Հաջորդ երկու օրը հայ մտավորականության և քաղաքական էլիտայի վրա խոր ամնեզիա իջավ: Նրանք ոչինչ չէին տեսել, նրանք ոչինչ չէին հիշում ու «բռնցքամարտի» պահին նրանք բոլորը մի րոպեով Պապլավոկից դուրս էին եկել: Սա է մեր մտավորականությունը, եթե, իհարկե, այն մարդկանց, որոնք այդ օրը դեպքի վայրում զվարճանում էին, կարելի է մտավորական կոչել:

Երբ գրողների միության համագումարին «սամոզվանեց» գրողների մի պարս խայտառակ շոու էր սարքել իրենց կեր տվող «աբգարոիդին» գրողների միության նախագահ շինելու համար, ու լրագրողները սույն շոուն նույնությամբ արտացոլեցին մամուլում, ոմանց քնքույշ լարերն ընդվզեցին, թե՝ չէր կարելի գրողին այդքան նվաստացնել: Բայց մի՞թե լրագրողի գործը անաչառ տեղեկատվություն տալը չի և մի՞թե հասարակությունը չպիտի իմանա, թե ովքեր են մեծ ու ազնիվ բաների մասին ճռճռան գրքեր գրող իր գրողները, մի՞թե հասարակությունը չպիտի իմանա, որ այսօր իրենց դասականի տեղ դրած հայ գրողների գերակշիռ մասը դասական մուրացիկ է, որը մի աման խաշլամայի դիմաց պատրաստ է հեզորեն ցանկացածին ծախվելու ու աչքերը փակելու, երբ իր քթի տակ մարդ են սպանում: Իսկ ինչո՞ւ պիտի հասարակությունից թաքցնենք ու չասենք՝ այ հասարակություն, ահա սրանք են քո մտավորականները ու եթե հաջորդ անգամ սրանք, այդ մտավորականները, դատարկ բեմ կգտնեն, որ ճառ ասեն, շվվացրու, թող գնան:

Իսկ հիմա, երբ նախագահի վեզիրներից մեկը հասկացրել է, որ չենք պատժելու, որ ով ինչ տեսել է, կարող է ասել, մեր մտավորականության քաղաքացիական գիտակցությունը, որ վախից ընկել էր պոչկաները, բարձրացել է. նրանք հավաքվել ու հայտարարություն են ընդունել. ինչպիսի՜ զավեշտ:

Եվ այդ ո՞նց է լինում, որ մեր մտավորականությունը միշտ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին կից է լինում. առաջներում սուլթաններին կից, հետո՝ ցեկային կից, հիմա՝ նախագահին, վարչապետին, նախարարին կամ պատահած գործարարին, որը հայ մտավորականին ցելոֆանով ուտելիք է տալիս՝ քծնանքի հերթական չափաբաժնի դիմաց:

Ու այսպես էլ ապրում ենք՝ մեր ինչ-որ մեկին մշտապես «կից» մտավորականներով, որոնք պարբերաբար զարմանում են, թե ինչու իրենց շան տեղ դնող չկա:

Որովհետև, պարոնայք կցված մտավորականներ, ձեր քաղաքացիական գիտակցությունը զարթնում է միայն այն դեպքերում, երբ ձեզ կերակրողը ձեռքը բարձրացնում ու ասում է՝ «ֆաս»:

Ներողություն ձեր մտավորական գոյությունը մի քիչ վիրավորելու համար:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 273, հոկտեմբերի 4, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ