Հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկման թեժ առարկա է դարձել կառավարության կողմից Վահրամ Ավետիսյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրումը։ Վերջինս 2008-2016 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Այս Դավիթ Ավետիսյանը եղել է մերժված քրեաօլիգարխիկ ռեժիմի իրավական անօրինությունները կյանքի կոչող, դակող սյուներից մեկը, 2008 թվականի մարտի 1-ից հետո մի քանի տասնյակ քաղբանտարկյալների հանդեպ քրեական ու քաղաքական հալածանքները օրինականացնողը։ Մի խոսքով, դատական համակարգը օրվա իշխանությանը ծառայեցնելու ճարտարապետներից մեկը ու այս ոլորտում կոռուպցիայի, այդ թվում՝ քաղաքական կառուպցիայի համակարգողը։
Ինչքան էլ փորձենք մտածել ու ելնել այն կանխավարկածից, թե ՍԴ դատավորի կառավարական թեկնածու Վահրամ Ավետիսյանը որևէ առնչություն չունի նշվածի հետ, որ զավակները պատասխանատու չեն հայրերի արարքների համար, սակայն սա այդ դեպքը չէ՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության բնույթն ու առանձնահատուկ դերը։
Առաջիկայում հնարավոր են Սահմանադրական դատարանում Մարտի 1-ի հետ կապված մի շարք գործերի քննություններ ու վերաքննություններ (նաև այլ գործերի), որոնց ժամանակ, բնականաբար, շոշափվելու է նաև Դավիթ Ավետիսյանի անունը՝ որպես մի շարք անօրինական որոշումների հեղինակ։ Հասկանալի է, որ Վահրամ Ավետիսյանը՝ որպես ՍԴ պոտենցիալ դատավոր, որևէ կերպ չի կարող օբյեկտիվորեն մոտենալ այդ քննություններին և անգամ հարյուր տոկոսանոց ապացույցների ու փաստերի առկայության դեպքում հաստատել, որ իր հայրը անօրինականություններ է գործել, այսինքն՝ հանցագործություն կատարել։
Շատ կարևոր ցուցիչ է, թե այս օրերին ընթացող քննարկումներում հասարակական-քաղաքական որ շրջանակները ինչպիսի դիրքորոշում են որդեգրել Վահրամ Ավետիսյանի առաջադրման շուրջ։
Հեղափոխությանը կողմնակից, դատաիրավական համարգում բարեփոխումներ ցանկացող, հատկապես Մարտի 1-ի լիարժեք բացահայտմամբ շահագրգիռ ուժերը դեմ են արտահայտվում Վահրամ Ավետիսյանի առաջադրմանը։ Դեմ են արտահայտվում հիմնականում վերը նշված պատճառաբանությամբ։
Սրան հակառակ, այդ առաջադրմամբ ոգևորվել են ռոբասերժական ռեժիմի ներկայացուցիչներն ու դրան սպասարկող շրջանակները։ Գիտե՞ք, թե ինչու են ոգևորվել։ Ոչ թե նրա համար, որ մտածում են անկախ դատական համակարգի մասին, այլ այդ առաջադրմամբ իրենց համար պոտենցիալ յուրային մարդ են տեսել, որը ՍԴ-ում գտնվող մյուս դիրքապահների հետ միասին կարող է սպասարկել իրենց շահերը։
Կառավարությունը, կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրելով Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը՝ ի՞նչ ուղերձ են հղում հանրությանը։ Շաբաթներ առաջ Փաշինյանը բողոքում էր, որ պետական համակարգում, հատկապես դատաիրավական ոլորտում մեծ թիվ են կազմում Սերժի մնացորդները, որոնք ընդդիմանում են բարեփոխումներին, սաբոտաժ անում, սպասարկում նախկիններին։
Հիմա, եթե Վահրամ Ավետիսյանը դառնա Սահմանադրական դատարանի դատավոր և ՍԴ-ում ինչ-որ պահի քննության առարկա դառնա ժամանակին իր հոր ձեռամբ դակված որևէ գործի օրինականության հարցը, և նա օբյեկտիվորեն չկարողանա անաչառ գտնվել ու բնականորեն սպասարկի իր հոր շահերը, նա կլինի՞ Սերժի հերթական մնացորդը, որը կառավարության բարձր հովանու ներքո բազմել է բարձրագույն դատարանի դատավորի բարձր աթոռին։ Հետո նույն Փաշինյանը, կառավարությունը էլի սկսելո՞ւ են բողոքել մերժված ռեժիմին ու վերջինիս ներկայացուցիչներին սպասարկողների մասին։
Սա է՞ կառավարության ուղերձը հանրությանը։
Համլետ Կիրակոսյան