...

Ինչո՞ւ են վարունգը, լոլիկն ու պղպեղը թանկ

Ինչո՞ւ են վարունգը, լոլիկն ու պղպեղը թանկ

Թանկարժեք վարունգն ու պղպեղը

Քաղաքացիներն ահազանգում են, որ «Երևան Սիթիում» վերջին օրերին կտրուկ աճել են բանջարեղենի գները:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարների համաձայն՝ կղծու պղպեղի կիլոգրամը դարձել է 5850 դրամ, իսկ քաղցր պղպեղինը՝ 4955: Վարունգը վաճառվում է 3955 դրամով, 5995 դրամ էլ լոլիկի մեկ կիլոգրամի գինն է:

Այսօր շուկայում վաճառվող լոլիկն ու վարունգը միայն տեղական արտադրության են: Կծու պղպեղի առաջին բերքն արդեն մի քանի օր է՝ վաճառքի կետերում է, իսկ քաղցր պղպեղն առայժմ հայկական ջերմատների արտադրանքը չէ:

Գյուղմթերքի գնացուցակից զարմացած է «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի տնօրեն, ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը: Նա «ՉԻ»-ի հետ զրույցում պնդեց, որ հնարավոր չէ լոլիկի մեկ կիլոգրամի արժեքը 5000 դրամից բարձր լինի: Հավաստիացնում է՝ ջերմոցատերերն այդ գնով ապրանք չեն վաճառում: Ասում է՝ այս շրջանում Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմերները 900-1000 դրամով են ջերմոցից լոլիկ վաճառում, գների հետագա աճի հետ իրենք կապ չունեն: Անբարեխիղճ վերավաճառողներն են գներն ուռճացնում:

Կէժանանա 

«Այս ընթացում թուրքական, պարսկական լոլիկներ չեն ներկրվել: Բոլորը տեղական արտադրության են: Այս ձմեռը տաք է եղել, և գյուղացիների մի մասը լոլիկ շուտ է դրել ջերմոցում: Մյուս մասն էլ՝ ուշ, քանի որ ի վիճակի չեն գազի սակագինը վճարել այն դեպքում, երբ դրսից էժան լոլիկ են բերում, և ֆերմերները չեն կարողանում նույնիսկ կատարած ծախսերը փակել: Ինքնարժեքը թանկ է նստում, բայց ստիպված էժան ենք վաճառում, որ կարողանանք դրսից բերած ապրանքի հետ մրցակցել»,- ներկայացրեց ֆերմերը:

«Նազրվան» սորտի հայկական վարունգն այս սեզոնին թանկ արժե: 2500-2800 դրամ է մանրածախ առևտրի գինը: Վարուժան Խոդեդանյանի խոսքով՝ վարունգի այս տեսակը տարվա այս շրջանում միշտ թանկ է եղել, բայց գինը 4000-5000 դրամի հասցնելն անընդունելի է համարում:

«Տեղական «Նազրվանը» թանկ է, բայց էլի այնքան թանկ չէ, որքան հիմա որոշ սուպերմարկետներում վաճառում են: Մոտ 30 տոկոսով իրենք գինը բարձրացրել են»,- նկատեց ֆերմերը:

Եթե առևտրի կետերում կարմիր, դեղին, կանաչ պղպեղներ տեսնեք, դրանք հայկական չեն՝ զգուշացնում է գյուղատնտեսը: Հիմա շուկայում քաղցր պղպեղ չունենք, կծու տեսակն էլ գյուղացին նոր է շուկա հանել:
 
«Այդ քաղցր պղպեղները շատ թանկ արժեն՝ 4000-5000 դրամ: Դրանք ներմուծված են և չգիտես ոնց են պահում, որ վաճառեն: Կծուն մերն է, բայց կծուն այդքան թանկ չէ, որքան քաղցրը»,- հավելեց ֆերմերը:

«Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ վարունգի, պղպեղի և լոլիկի բարձր գները երկար չեն պահպանվի: Ապրիլի կեսերից, երբ բոլորը ջերմոցի ապրանքը շուկա հանեն, գները կկայունանան՝  նվազման միտումով:

Ջերմոցը կքանդի

Բայց մինչև այս գյուղմթերքի գները նվազեն, ջրի գնով հազարն է վաճառվում: Առաջին տուժողը Վարուժան Խոդեդանյանն է:

Այս սեզոնին գյուղատնտեսը 3000 մետր ջերմոցում հազար է մշակել: Այսօր այն պահանջարկ չունի: Նախորդ տարի հազարի փունջը 300 դրամով էր իրացվում, հիմա 50 դրամով էլ գնորդ չի ճարվում:

Վաճառք չլինելու պատճառով պատրաստվում է հազարի մարգերը քանդել:

«Մեկ միլիոն դրամի արդեն գազ եմ վառել: Ապրանքը, սակայն, պահանջարկ չունի: Սննդի օբյեկտները սովորական հազար չեն գնում, գույնզգույն տեսակն են տանում: Մարդիկ կան, որոնք հասկանում են, որ այն օգտակար հատկություններ շատ ունի, օրինակ, շաքարին է լավ, գնում, տանում են: Եթե ռեստորանները չեն տանում, «կռախ» վիճակ է»,- դժգոհեց Դարակերտի բնակիչը:
 
Նրա կանխատեսմամբ՝ արտակարգ դրության պատճառով վիճակն ավելի է վատանալու:
 
«Արտահանում չկա: Փոխնախարարի հետ զրույցել եմ, որ գոնե մի պատուհան բացի այս ընթացքում, բայց Ռուսաստանում էլ ռուբլու արժեքն է նվազել: Եթե արտակարգ դրությունը շարունակվի, գյուղացին «կռախի» է ենթարկվելու»,- սրտնեղեց ֆերմերը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ