...

Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հոկտեմբերի 27-ը

Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հոկտեմբերի 27-ը

2001 թվականին «Չորրորդ իշխանությունը» մի հոդված է տպագրել, որն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Հատկապես քաղաքական հարցերում, քաղաքական եզրակացությունների գալիս արժե, որ երբեմն նայենք ինքներս մեզ՝ մեր ներսից:

«ՉԻ», No 140, հունվարի 26, 2001 թ.

1999թ. հոկտեմբերի 27-ից հետո շատերն են փորձել պարզել այս ոճրագործության պատճառները, շատերն են տարբեր վարկածներ առաջադրել դրա կազմակերպիչների, դրդողների մասին: Պատճառներ փնտրելը, իհարկե, հետաքրքիր է, այդպես ինքդ էլ մասնակից ես դառնում դետեկտիվին: Բայց ավելի դժվար է խոսել այն պայմանների մասին, որոնք հնարավոր դարձրին 27-ի հանցագործությունը: Իսկ պայմաններն ստեղծելուն մասնակցել է մեզնից յուրաքանչյուրը: 

«ՉԻ» նախորդ համարում արդեն ակնարկել ենք, որ մեր հասարակությունը «սովոր» չէ ազատ ապրել: Խոսել ենք մեր իշխանության և ընդդիմության հասարակությունը դեմոկրատացնելու անպտուղ քայլերի մասին:

Այժմ անդրադառնանք մեզ՝ մենք 1988-ին և հիմա: 

ԵՐԿԻՐ Ց՛ՊԱՀԱՆՋ 

1988-ին մենք պահանջատեր էինք: Մեզնից քչերին էր հուզում. կոմունիստական է լինելու երկիրը, դեմոկրատական թե այլ տիպի: Մեզ քիչ էր հուզում նաև Հայաստանի կարգավիճակը՝ անկախ թե հպատակ: Նույն 88-ին գործընթացները, իսկապես, մեզ համար անկանխատեսելի շրջադարձ ունեցան: ԽՍՀՄ փլուզումը սկսվել էր: Սրան մենք անպատրաստ կամակատար էինք:

ՑՈՒՅՑԻ ՊԵՉԵՆԻՆ ՊՐԾԱՎ 

Բայց հեղաշրջումն ավարտվեց, իսկ հեղափոխությունը՝ ոչ: Հասարակարգը նույնն էր, տնտեսությունը՝ հինն ու ուրիշինը, պահանջատիրությունը թևակոխել էր նոր փուլ՝ պատերազմական, Մոսկվայի նավթի դոտացիան չկար: Մեր անկախ երկիրը մնացել էր մենակ: Մենք շատ արագ՝ մեր ոսկորով զգացինք իրադրության խստաշունչ դառնությունը: Իսկ անկախ պետականություն ունենալու պատեհությունը մեզ առանձնապես չէր ոգևորում՝ ցուրտ էր ու մութ: Ցույցերում ասված ճշմարտությունները մենք վանում էինք, ուրանում, ցուրտ էր ու մութ, պատերազմ էր: Շատ անհարմար դրության մեջ էինք ընկել: Եվ...

Եվ մեր հարմարվողականության դարավոր բնազդն աշխատեց: Առաջին հերթին սկսեցինք հայհոյել անկախությունն ու դրա պատասխանատուներին: Մի կողմից ճիշտ էինք: Անկախությունը մենք չէինք նվաճել, ոնց պիտի այն գնահատեինք: Ու մեզնից յուրաքանչյուրը գտավ հարմարվելու իր տարբերակը: Մեկը թողեց գնաց երկրից, մյուսը՝ առևտուր ձեռնարկեց, երրորդը դարձավ դաշնակ, իսկ չորրորդը՝ հհշ-ական: Մեզնից յուրաքանչյուրը կառչեց որևէ շեֆի կամ շեֆիկի ու դարձավ նրա ստվերը՝ խթանելով նրա հրեշանալը: Իսկ... 

ՄԵՆՔ՝ Ի ՀԵՃՈՒԿՍ ՄԵԶ ԻԲՐԵՎ ԱՆՀԱՏ ԵՎ ԻԲՐԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 

Իսկ հրեշանում էր հասարակությունը: Նոր իշխանություններին ուղղված հայհոյանքն ու բամբասանքն անափ, անսահման էր դառնում: Իշխանությունն ու այդ իշխանության գաղափարակիրը վերածվել էր փոքրամասնության: 1993-ից արդեն դժվար էր հասկանալ, թե ո՞րն է ընդդիմությունը: Ծովածավալ դժգոհությունը ուղղորդող պատեհապաշտ ու իշխանատենչ, բայց իշխանական լծակներից զուրկ քաղաքական լիդերները, նրանց համակրող մտավորականությունն ու մասսանե՞րը, թե՞ այն քչերը, ովքեր ապրել ու ապրում էին հայ պետականության երազով: Սրանք շատ լավ տեսնում էին ամեն ինչ: Գիտակցում էին և իշխանությունների սխալները, և այն դժվարությունները, որոնք կանգնած էին երկրի առջև: Այս քչերն առանց իշխանական լծակներ ունենալու, ինչպես կարողանում էին, այնպես էլ սատարում էին իրենց ընտրած նախագահին. մեկը՝ խոսքով, մյուսը՝ գործով, էն մեկն էլ ինչպես կարող էր՝ ի հեճուկս իրեն և հասարակության: Բայց քիչ էին ու հասարակական կարծիք ստեղծել չկարողացան: Որովհետև... 

ԵՐԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՏԵՂԱԲՆԱԿ Է ԵՎ ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ
ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ 

Որովհետև մեր հասարակությունը կազմող մարդիկ չգիտակցեցին, որ իրենցից յուրաքանչյուրն անհատ է ու քաղաքացի: Իսկ քաղաքացին պարտավոր է ինչ-որ բան անել սեփական երկրի համար, քաղաքացին ինքն է կերտում իր կյանքը՝ առանց երկնքից մանանա սպասելու, քաղաքացիների հասարակությունը ստիպում է իշխանությանը պաշտպանել երկրի, պետության շահերը: Հայաստանը քաղաքացիների հասարակություն չունեցավ: Հայաստանն ունի անմեղսունակ հասարակություն: Անմեղսունակության բոլոր ախտանիշներն առկա են. 

ա) ինքնուրույն որոշում ընդունելու անկարողություն, 
բ) անկարողունակությունից՝ բամբասանքաշինություն, 
գ) որևէ գրպանից կախվածություն, 
դ) սեփական, անհատական ազատությունից փախուստ, դրժում, ընդհուպ մինչև անէացում: 

Մեր անմեղսունակությունն անհետևանք մնալ չէր կարող: Մենք բռնել ենք անէության ճանապարհը:

ՀՅԴ-Ն ՄԻՇՏ ԷՐ ՈՒ ՏԱԿԻՑ 

Եվ 90-ականների երկրորդ կեսին Հայաստանում չկար որևէ գաղափարական-քաղաքական ուժ: Չկար, որովհետև երկրի պետականության շահը պաշտպանող որևէ գաղափար չէր ոգևորում մեզ: Դաշնակների բերած կեղծ ազգայնականությունը («մահ կամ ազատությունն» այլևս հասկանալի չէր) կապված էր Ցեղասպանության ճանաչման և Արևմտյան Հայաստանի հողերի հետ: ՀՅԴ-ն անթաքույց ատելությամբ էր լցված անկախ Հայաստանի իշխանության հանդեպ և իրեն հատուկ դավադրություններ էր նյութում շատ իշխանավորների նկատմամբ: Ընդ որում, նույն կուսակցությունը հաստատ համոզված էր, որ բարձր իշխանավորներից յուրաքանչյուրի (Լ. Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Հ. Բագրատյան, Վ. Սարգսյան) սպանությունը լայն արձագանք կգտնի սեփական անկախության ատելությամբ լցված հասարակության մեջ: Այն ժամանակ դրանից շատերը գոհ կլինեին: Բայց չստացվեց: «Դրոն» բացահայտվեց և պատժվեց մասամբ:

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ «ՊԱԼԱՏԱԿԱՆ», ԲԱՅՑ Ի ՍԿԶԲԱՆԵ 

Կրկնում ենք՝ որևէ կառուցողական գաղափար մեզ չէր ոգևորում: Ուղիղ հակառակը: Իշխողը պատժելու, արյուն թափելու մոլուցքն էր: Մեր անմեղսունակության ամբողջ մեղքը դնում էինք անկախության և այդ անկախությունը խորհրդանշող ղեկավարների վրա: Մեր ռետրո-հիշողությունը դիպվածական էր: Մեր ողջ փայլն այնտեղ էինք տեսնում՝ Խորհրդային ԳՈՒԼԱԳ-ում (ռուս.): Ու մեզ օգնեցին: 1998-ին տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, որի գնահատականը դեռ կտրվի: Պետք է ասենք, որ հենց այս հեղաշրջումն էլ ազատ արձակեց տեռորի գաղափարախոսներին: Այս անգամ Հայաստանի գլուխ էր կանգնած ոչ լեգիտիմ պաշտոնյան՝ անտեղյակ այս երկրի հոգսերից, բայց բացառապես տեղյակ հասարակության իրական պատկերին՝ ինքն էլ անմեղսունակների իրական ներկայացուցիչը: 1999-ին ընտրված ԱԺ-ում ընտրվեց մի մեծամասնություն՝ նույնքան անդեմ, որքան մեր հասարակությունը: Այս ֆոնի ամբողջականությանը խանգարում էին երկու անվիճելի և լեգիտիմ լիդերներ՝ Կ. Դեմիրճյանն ու Վ. Սարգսյանը: Խանգարում էին: Եվ սպանությունն արդեն նախագծված էր: Իսկ հնարավորությունը ստեղծել էինք մենք: Որովհետև... 

ԱՆԳՈ ԵՎ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ԿԱՄ «ՆԱ ԻՄ ԵՂԲԱՅՐԸ ՉԷ» 

Որովհետև անմեղսունակ հասարակությունն անարձագանք է թողնում նույնիսկ այս ծավալի հանցագործությունը: Որովհետև աղքատ, անկարող ու բամբասանքչի այս ժողովրդին կարելի է մատուցել ամեն ինչ, և ամենամեծ սուտը մենք կընդունենք որպես ամենամաքուր ճշմարտություն: Որովհետև մեզ վարժեցնում են նրան, ինչին մենք ինքներս ենք ձգտում: Մեր պետությունը մերը չէր, անկախությունը մեզ միայն վնաս էր բերել, պատերազմում հաղթել էին ՀՅԴ-ն ու Ռոբերտ Քոչարյանը: Մեզ հիմա մեր հոգուն հարիր նոր «ինֆորմացիա» են մատուցելու. սևացնելու են հոկտեմբերի 27-ի զոհերին: Նախ՝ բամբասելու են, հետո՝ անթաքույց են ասելու: Ու մենք հրճվելու ենք այս բամբասանքից: Լավ են նախապատրաստվել ու հանգիստ են: Ինչ կուզեն՝ կանեն: Ռուսական ալիք կփակեն, կլռենք (ո՞վ գիտի՝ ՕՌՏ-ն(ռուս.) ի՞նչ էր հաղորդելու 27-ի գործի մասին), հանցագործությանը կասկածելի առնչություն ունեցածներին բարձր պաշտոն կվստահեն (Տիգրան Նաղդալյան, Ալեքսան Հարությունյան), ի՞նչ կա որ, երկիրը «Գրանդ Տոբակոն» կսեփականաշնորհի՝ ազգային բարերար է, Ռուբեն Սահակյանցի մուլտիկներն էլ արդեն բազմիցս տեսել ենք: Իսկ հետևանքնե՞րը... 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՖԻԶԻԿԱ-ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Հասարակության թշվառական անմեղսունակության պայմաններում իրագործված ոճիրի կազմակերպիչներին չբացահայտելը ծանր հետևանքներ է ունենալու հենց հասարակության համար: Այն դառնալու է կատարյալ ստրուկ, Հայաստանում հաստատվելու է տոտալիտար ռեժիմ, որը ոչնչացնելու է ինքնուրույն մտածող փոքրամասնությանը: Տոտալիտարիզմը չարիք է դառնալու երկրի համար, որը անխուսափելիորն կզրկվի սեփական պետականությունից: Դժվար չէ կանխատեսել, որ ի վերջո կիրականացվի Օսմանյան Թուրքիայի վաղեմի երազանքը: Հայաստանը կմնա առանց հայերի: 

Գրիգոր Խաչիկյան

P.S. Իսկ ո՞վ է հաստատելու տոտալիտարիզմը: Արդեն հաստատված է՝ տակից, դավադրաբար: Չե՞ք տեսնում... Հիշե՛ք Քոչարյանի չեղած հենարանի մասին ու մտածեք՝ ո՞վ է նրա հենարանը: Որոշ տնաբույծ քաղաքագետներ պնդում են, որ ոչ ՀՅԴ-ն է, ոչ էլ՝ ՀՀԿ-ն: Ճիշտ են, մենք ենք՝ անմեղսունակներս: Քոչարյանը ուղղակի ՀՅԴ-ի կամակատարն է: Իսկ ի՞նչ է լինում, երբ ՀՅԴ-ն գալիս է իշխանության, մենք արդեն գիտենք: Վկա՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրն ու դատարկված Արևմտյան Հայաստանը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ