...

Քաղաքական սպրդումներ

Քաղաքական սպրդումներ

ՉՂՋԻԿ

Չղջիկի պատմությունը գիտեք: Հենց որ գալիս են նրանից որպես թռչուն հարկ հավաքելու՝ ասում է «ես մուկ եմ»: Հենց որ գալիս են որպես մուկ հարկ հավաքելու, ասում է «ես թռչուն եմ»: Նման ազգային «շուստրիության» արդյունքում խնդրի էությունը չի փոխվում: Իսկ էությունն այն է, որ չղջիկը պարզապես մանր խուլիգան է և ստիպված է գիշեր-ցերեկ թաքնվել բոլորից:

Հայաստանի առջև այսօր երկու հիմնական խնդիր կա. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և հոկտեմբերի 27-ի բացահայտումը: Ռոբերտ Քոչարյանը ձևը գտել է. արտաքին աշխարհը պահանջում է ղարաբաղյան հարցում որևէ փաստաթուղթ ստորագրել՝ ասում է. «Չեմ կարող, առանց այն էլ երկրի ներսում դիրքերս խախուտ են՝ հոկտեմբերի 27-ի դատավարության հետ կապված: Այ, եթե այդ հարցում ինձ սատարեիք...»: Երկրի ներսում նրանից պահանջում են բացահայտել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին՝ ասում է. «Այս պահին, երբ Հայաստանի վրա արտաքին ճնշումներ են իրականացվում Ղարաբաղի հարցով, ներքաղաքական իրավիճակը ապակայունացնողներն ազգի դավաճաններ են»:

Բայց այսպես երկար շարունակվել չի կարող: Ի վերջո գալու է մի պահ, երբ բոլորը հասկանալու են, որ Հայաստանի նախագահից ինչ որ բան ակնկալելը եզան տակ հորթ փնտրելու պես բան է, և «լռությունը ոսկի է» խոսքը խուլուհամրերին չի վերաբերում: Ավելին՝ դատելով ամեն ինչից, այդ պահը գնալով մոտենում է:

Իսկ ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և հոկտեմբերի 27-ի բացահայտումը իրար հետ կապված են այնքանով, որ երկուսն էլ կարող են լուծվել միայն մի դեպքում. եթե Ռոբերտ Քոչարյանն ասպարեզից հեռանա: Ինչու՞: Ղարաբաղյան հարցում ամեն ինչ պարզ է: Քաղաքակիրթ աշխարհը Ռոբերտ Քոչարյանի ոչ լեգիտիմ գոյությունը հանդուրժում է միայն մի պայմանով՝ որպեսզի վերջինս ստորագրի ղարաբաղյան համաձայնագիրը: Եվ բոլորի համար էլ հասկանալի է, որ դրա ստորագրումից հետո Քոչարյանն այլևս անելիք չի ունենա և ստիպված կլինի կրկնել իր գործն արած մավրի ամպլուան:

Ամեն ինչ հասկանալի է նաև հոկտեմբերի 27-ի դատավարության դեպքում: Պարզապես այս մասին բարձրաձայն խոսելն, ըստ առողջապահության նախարարության, վնասակար է:

Իսկ առայժմ Ռոբերտ Քոչարյանը Ֆլորիդայում է: Հեռու տնից-տեղից:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 178, ապրիլի 6, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ