...

Ինչո՞ւ լոլիկի գինը չի իջնում

Ինչո՞ւ լոլիկի գինը չի իջնում

Գյուղմթերքը թանկ է

Գյուղմթերքի արժեքը բարձր է: Սպառողները դժգոհում են, որ տարվա այս սեզոնին լոլիկի և վարունգի գները դեռ չեն իջնում: Մանրածախ շուկայում լոլիկի մեկ կիլոգրամի արժեքը 600 դրամից է սկսվում, իսկ վարունգինը՝ 300-ից:
Նախորդ տարվա համեմատ լոլիկը 100-150 դրամով թանկ է: «ՉԻ»-ի հետ զրույցում գյուղմթերքի գնագոյացման վերաբերյալ պարզաբանում է Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը: Իսկ տեղական գյուղմթերքի գինը, ինչպես արտադրողներն են ասում, նորմալ է, քանի որ դրսից լոլիկ չի բերվում: Եղանակային պայմաններն էլ այստեղ դեր ունեն:

«Անձրևները շատ եկան և բաց հողամասում աճեցվող լոլիկի հասունացումն ուշանում է: Հիմա միայն ջերմոցում աճեցվող լոլիկ ենք ուտում: Բայց շուտով գները կկարգավորվեն և ջերմոցի լոլիկի արժեքը 250-300 դրամ կլինի»,- մատնանշեց նա:

Ֆերմերն ասում է, որ արտադրողը լոլիկի մանրածախ շուկայի արժեքի հետ կապ չունի: Իրենք էժան են վաճառում, շուկայում ձևավորված գինը վերավաճառողների ձեռքի գործն է:

«Մենք տեղում լոլիկի կիլոգրամը 300-350 դրամով ենք վաճառում: Նույն այդ լոլիկը, օրինակ, «Սասում» կարող է 2000 դրամով էլ վաճառեն: Եթե մեզանից տանեն 200 դրամով, իրենք վաճառելու են 400 դրամով: Մեզանից տանում են 300-350 դրամով, վաճառում՝ 600-650-ով: Պատկերացնում եք՝ երկու-երեք հոգու ձեռք է անցնում, մենք այդ գների հետ գործ չունենք»,- նկատեց Դարակերտի բնակիչը:

Իսկ վարունգի գինը նախորդ տարվա համեմատ 50-100 դրամով է բարձր:

««Ստելա» տեսակի վարունգը հիմա 100-120 դրամով ենք տալիս, անցյալ տարի՝ 50-ով: Մի փոքր տարբերություն կա «Նազրվան» տեսակի դեպքում: Այն այս տարի ավելի էժան է, քան նախորդ տարի: Շատ են ցանել այս տեսակի վարունգը, դրա համար է գինը ցածր, թե չէ մնացածներն ավելի թանկ են»,- ասաց մեր զրուցակիցը:

Բանջարեղենի որոշ տեսակներ թափում են

Վարուժան Խոդեդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքն է կարևորում, որ պետք է տեղական արտադրանքն արտահանել կարողանանք: Թեև վարչապետը վստահեցրել է, որ գյուղմթերքի արտահանման խնդիր չի լինի, բայց դեռ վիճակը հուսադրող չէ: Դեռևս լոլիկ դուրս չի տարվել՝ մինչդեռ լոլիկի արտադրությամբ զբաղվողը հիշում է, որ նախորդ տարի ճիշտ այս օրերին լոլիկ արտահանվել է:

«Մենք աշխատող ազգ ենք, եթե մեր արտադրանքը դուրս հանվեց, լավ կապրի մեր երկիրը, տնտեսությունը կզարգանա: Ջերմոցաշինության ծրագիրը մեծ թափով զարգանում է: Արտոնյալ վարկեր են վերցնում և ջերմոցներ են սարքում: Ահագին առաջընթաց կլինի: Մեծ ընկերությունները՝ «Սպայկան», «Մավասը», «Գրին ֆերմերը» լոլիկ և վարունգ արտահանում են, իսկ փոքր և միջին բիզնեսը՝ ոչ»,- նշեց նա:

Կորոնավիրուսն ազդել է արտադրության ծավալների վրա: Այս սեզոնին քիչ մթերք է արտադրվել, հետևաբար, գինն էլ բարձր է: Մի կողմից էլ առևտուրն առաջվանը չէ: Պահանջարկից ելնելով էլ անգամ բանջարեղենի որոշ տեսակներ չեն սպառվում:

Վարուժան Խոդեդանյանը կես հեկտար հազարը հավաքել և աղբանոցն է լցրել:

«Անցյալ տարի սննդի օբյեկտները, ռեստորանները բաց էին և վաճառք կար: Փունջը 50-60 դրամով ծախվում էր, ահագին պատվերներ ունեի, հիմա 20 դրամով վրան նայող չկա»,- դժգոհեց արտադրողը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ