...

Իշխանության դիրքապահները

Իշխանության դիրքապահները

Ընտրեցիք ԱԺ: ԱԺ նախագահ և փոխնախագահներ ընտրեցին: Նիկոլ Փաշինյանն ընտրեց կառավարության կազմը: Վերջ: Արտգործնախարար էլ ունեք: Այսինքն՝ իշխանության բոլոր դիրքապահները տեղում են՝ ներառյալ ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցին

Ընտրություններից հետո մեր քաղաքական և մերձքաղաքական դաշտի քննարկումների կիզակետում էր այն հարցը, թե որ պաշտոնն ով կզբաղեցնի, թե որ պաշտոնյան որքանով է պրոֆեսիոնալ, որն է ավելի համակրելի կամ տոլերանտ և այլն: Անիմաստ դատողությունների պակաս, իհարկե, չկա: Իսկ այս տիպի դատողություններն անիմաստ են, քանի որ իշխանությունն ունի մեկ դեմք՝ Նիկոլ Փաշինյան: Մնացածները դիրքապահներն են, որոնց հիմնական գործառույթը իշխանության հակառակորդներին չեզոքացնելն է: Չկասկածեք, որ պրոցեսը շարունակական է լինելու: Կոռուպցիայի դեմ պայքարը, դատական կամ սահմանադրական «բարեփոխումները» շղարշ են, որ ապահովում են «ներքին թշնամիներից» ազատվելու ծրագրի վերջնական իրականացումը: Ասվածն ապացուցելու համար տեսնենք, թե իրականում ինչ պետք է աներ իշխանությունը և փոխարենը ինչով է զբաղված պարտությունից հետո.

1.    Մի քիչ պատասխանատվության զգացում ունեցող իշխանությունը պատերազմից հետո պետք է հեռանար, այնինչ տղամարդկությունից պատեհ-անպատեհ խոսող վարչապետը հրաժարական չտվեց, որովհետև նրա համար կարևորը սեփական անվտանգությունն է և պաշտոնը:

2.    Երկրի սահմաններն ամրապնդելու փոխարեն ամրապնդեց իշխանության պաշտպանությունը՝ լիուլի օգտվելով պետական բյուջեի ընձեռած հնարավորություններից: Այսպես, ստեղծվեց պարեկային նոր ծառայություն, դրանից առաջ բարձրացվեցին ոստիկանների աշխատավարձերը, իսկ ԱԺ նախկին պատգամավորները հասցրին 5 անգամ ավելացնել «նորերի» ձեռքի փողը: Պարգևավճարների և թիմին տրվող այլ արտոնությունների մասին էլ չենք խոսում:

3.    ԱԺ-ում աննախադեպ հսկողություն է: Ընդ որում, սահմանափակվում են լրագրողների իրավունքները, այսինքն՝ խոսքի ազատությունը:

4.    Բարձր պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնց անձնական հավատարմությանը Նիկոլ Փաշինյանը չի կասկածում կամ որոնց պարտական է: Եթե կուզեք, անվանե՛ք սա Արգիշտի Քյարամյանի սինդրոմ:

5.    Ինչպես բանակն է բարձիթողի վիճակում, այնպես էլ մեր երկրի արտաքին գործերն են: Մինչ թշնամի երկիրն այս երկու ոլորտներում էլ անխոնջ աշխատում է, ՀՀ բոլոր ասպարեզներում ձախողված վարչախմբի ղեկավարը մեկը մեկից անպատասխանատու հայտարարություններ է անում: Օր.՝ բոլոր միջոցներով սեփական անվտանգությունն ապահովողը պետության սահմանների անվտանգության համար մուննաթ է գալիս ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, հետո էլ՝ Մինսկի խմբի համանախագահների վրա:

6.    Կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ հաշվեհարդար է տեսնում «նախկինների», իրականում ընդդիմության ներկայացուցիչների հետ:

7.    Դատական համակարգի բարեփոխումների ծեծված թեման նրան հնարավորություն է տալու ձեռնասուն դատարաններ ունենալու: Ի դեպ, դատավորներին էլ են գնելու պետական բյուջեի հաշվին, ինչի մասին արդեն բարձրաձայն հայտարարում են: Օր.՝ ԲԴԽ փաստացի ղեկավարը պնդում է, որ դատավորը պետք է 5000 դոլար աշխատավարձ ստանա:

8.    Սահմանադրական փոփոխություններ չեն լինելու, իսկ եթե լինեն էլ, ընդլայնելու են վարչապետի՝ առանց այդ էլ անսահմանափակ լիազորությունները:

Թվարկումը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է, որ հասկանանք, թե ինչու էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ն. Փաշինյանի իշխանությունն ավելի մեծ վտանգ համարում, քան թուրքականն ու ադրբեջանականը: 

Մենք իսկապես կանգնած ենք նոր պատերազմի շեմին: Մենք իշխանություն չունենք: Արտահերթ ընտրությունները հարց չլուծեցին: 

Պատրանքներ չունենք: Հայաստանի հիմնական խնդիրը մնացել է նույնը՝ ծանրագույն վիճակում ունենալ համարժեք իշխանություն, որի խնդիրը ոչ թե սեփական անձի պաշտպանությունն է, այլ երկրի: Պարզից էլ պարզ է, որ Ն. Փաշինյանին և իր դիրքապահներին պետությունը, մեր և ձեր անվտանգությունը չեն հետաքրքրում: Ուստի պետք է արագ, շատ արագ ուշքի գալ և լուծել երկրի կարևորագույն խնդիրը:

Գրիգոր Խաչիկյան

Հ.Գ. Փախչելու հույս չունենաք: Ինքնաթիռներում տեղերը սահմանափակ են լինելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ