Երեկ և այսօր արտակարգ դրության շրջանակներում Երևանում սկսել են փակել սննդի փոքր խանութները և կենդանաբանական խանութները:
Սա կոչվում է ունքը դզելու փոխարեն աչքը հանել: Որքան էլ փորձեցինք, չարչարվեցինք, բայց այդպես էլ որևէ տրամաբանություն չգտանք իշխանությունների այս քայլերում:
Անտրամաբանություն N1. դեռ երեկ բազմաթիվ լուսանկարներ և վկայություններ հրապարակվեցին, թե ինչպես են մարդիկ աշխույժ առևտուր անում սուպերմարկետներում, այդ թվում՝ «Սիթիում»: Փոխանակ սուպերմարկետները փակեն, քանի որ այնտեղ օրական հազարավոր մարդիկ են ելումուտ անում և կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է, հոսքը վերահսկելը՝ բարդ, բռնում՝ փոքր խանութներն են փակում: Ընդ որում, այդ խանութների մի մասը աշխատեցնում են սիրիահայերը, որոնք դրանով ընդամենը օրվա հացն են վաստակում: Փոքր խանութները չեն կարող խնդիրներ առաջացնել, հաճախորդները քիչ են, ընդամենը պետք էր խանութպաններին կարգադրել պահպանել վարակի կանխարգելիչ կանոնները, մեկ-մեկ հաճախորդներին ներս թողնել, դիմակով լինել և այլն: Իսկ հիմա փոքր խանութները փակելով՝ սոցիալական ծանր վիճակի մեջ են դնում հազարավոր մարդկանց, դա էլ իր հերթին դժգոհությունների ալիք է բարձրացնելու և արդարացիորեն: Ոչ մի տրամաբանություն: Շատերի խանութները տներին կպած է, տնից դուրս են գալիս, մտնում խանութ, խանութից դուրս են գալիս, մտնում տուն:
Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները Լֆիկի հետ պայմանավորվել են, որ մարդիկ միայն «Սիթիի» սուպերմարկետներից օգտվեն, ուրիշ այլ տրամաբանական բացատրություն այս ամենին չենք տեսնում: Օրինակ, քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Աստղիկ Կարապետյանը, գրել էր. «Ես որ մտնում եմ «Երևան Սիթի», կոկորդս մղկտում է, սկսում եմ հազալ։ Ակցիայով ապրանքների մոտ իրար գլխի են հավաքվում, շարքերը էնքան նեղ են, որ ուզես-չուզես հեռավորություն չես կարող պահել, էլ չասած, որ աշխատողներն առանց դիմակի են և այլն»:
Անտրամաբանություն N2. Կենդանիների խանութներ փակելը: Այսինքն, կենդանաբանական խանութները ի՞նչ վտանգ էին ներկայացնում: Այնտեղ շատ սպեցիֆիկ ապրանքներ են վաճառում, հաճախորդների նվազ քանակ է, այդ խանութներում այսպես թե այնպես ախտահանիչ գործողություններ են իրականացվում, փակելու իմաստը ո՞րն է: Այսինքն, կենդանիներ պահողները պիտի նրանց հաց ու պանրո՞վ կերակրեն: Թե՞ պիտի ասեն՝ դուրս եկեք, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք: Եթե կենդանիների խանութները փակվում են, ուրեմն ընդհանրապես բոլոր խանութները պետք է փակվեն, քանի որ մարդն էլ է կենդանի էակ: Նույնպես տրամաբանության բացակայություն ենք տեսնում: