Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցին, հայտարարել է, որ չպետք է քննարկվի կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու հարցը. «Ոչինչ չեմ կարող բացառել, բայց կարծում եմ, որ այդ հարցը չպետք է քննարկվի: Կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու մտադրություններ չկան»:
Ուրեմն, 1995թ. Սահմանադրությունը ստեղծելու համար հատուկ հանձնաժողով է ձևավորվել, որտեղ ընդգրկված էին երկրի ղեկավարները, առավել հայտնի քաղաքական գործիչներն ու իրավաբանները, փորձագետները: Մի քանի տարի այդ հանձաժողովը աշխատել է նոր սահմանադրության տեքստի վրա: Այն ժամանակ սահմանադրության տեքստը գրելու համար ուսումնասիրվել են տասնյակ պետությունների սահմանադրությունները, օրենսդրական ու իրավական դաշտը ձևավորող հազարավոր փաստաթղթեր, երկրների պատմությունները, հաշվի են առնվել բազմաթիվ քաղաքական, ազգային, հոգեբանական, մշակութային գործոններ, որոնք ազդեցություն են թողել սահմանադրության վերջնական տեքստի վրա:
Սա՝ այն մասին, թե 1990-ականներին ինչպիսի լրջությամբ և խորությամբ են իշխանությունները մոտեցել սահմանադրության հարցին: 1995 թվականի Սահմանադրությունը բավական լուրջ փաստաթուղթ էր, որը հետագայում բազմիցս ապացուցեց իր կենսունակությունը և քաղաքական մի շարք ճգնաժամերի ժամանակ դրանք հաղթահարելու միակ միջոցն է եղել:
Եվ երբ այդ սահմանադրությամբ ընտրվեց կիսանախագահական մոդելը, դա Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը ամրապնդելու կամ հավերժացնելու նպատակ չէր հետապնդում, ինչպես այն ժամանակ թմբկահարում էին ընդդիմադիրները: Հաշվի էր առնվել մի շատ կարևոր գործոն. Հայաստանում քաղաքական մշակույթի բացակայությունը, արժեքների վրա խարսխված կուսակցությունների թուլությունը կամ չկայացածությունը: Այսինքն, խորհրդարանական մոդելի համար բավարար ռեսուրս չկար: Ու մինչև հիմա էլ չկա:
Մեր մոտ մինչև հիմա էլ կուսակցությունները ստեղծվում են կամ կոնկրետ անձի, օլիգարխի շահերը սպասարկելու համար, կամ էլ՝ իրենց այսրոպեական հարցերը լուծելու համար: Իսկ դա Հայաստանում քաղաքական ճգնաժամեր ստեղծելու համար պարարտ հող է: Օրինակ, միայն Հայաստանում է հնարավոր, որ նացիոնալ-սոցիալիստական ուղղվածություն ունեցող կուսակցությունը դաշինք կազմի ծայրահեղ աջ-ցեղակրոն կուսակցության հետ: Նկատի ունենք ՀՅԴ-ՀՀԿ դաշինքը: Եվ բոլոր դաշինքներն էլ գործնականում նույն ոճով են ստեղծվում: Խորհրդարան մտնելու կամ իշխանությունը ամեն գնով պահելու համար: Ու հազար անգամ էլ տեսել են, թե ինչպես են այդ նույն դաշինքները մի օրում փլուզվում, շատ ենք տեսել, թե ինչպես է քաղաքական ճգնաժամերի ընթացքում առնետավազք սկսվում. մի կուսակցությունից մյուսն են վազում: Հայաստանում տարիներ շարունակ ֆեյք-կուսակցությունների մշակույթն է գործում:
Այսպիսի հեղհեղուկ կուսակցություններով, սկզբունքներից ու բարոյականությունից զուրկ գործիչներով Հայաստանում խորհրդարանական մոդել ունենալը դեռ շատ աղետներ է բերելու: Եվ այդ թվում՝ այս իշխանության գլխին: Այդ հիմա է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ 60-70 տոկոս հանրային աջակցություն ունի: Բա որ մի քիչ ռեյտինգը նվազի՞: Բա որ նրա քաղաքական հենարան համարվող «Իմ քայլը» դաշինքը փլուզվի՞: Պարտադիր չէ ԿԳԲ-ի ագենտ լինել, կամ խիստ հավաստի աղբյուր՝ ենթադրելու համար, որ նախկին իշխանությունները «Իմ քայլը» դաշինքի ներսում թիմ են հավաքում, կողմնակիցներ հավաքագրում, բոլորի հետ էլ փորձում մեկ առ մեկ աշխատել: Մի օր դա արդեն որպես փաստ կարձանագրվի: Ու վերջ, մեկ էլ կարող է մի օր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում զրկվել իր հենարանից, պարզվի, որ «Իմ քայլն» արդեն մեծամասնություն չէ և վարչապետին դնեն, հանեն: Կարող են ասել, ֆանտաստիկայի ժանրից է, բայց այս ժանրը Հայաստանում շատ ենք տեսել: «Իմ քայլի» դեպքում դա ավելի հեշտ է անել. այնտեղ ընդգրկված շատ պատգամավորներ առաջին օրից են վարչապետի դեմ գործում:
Հիմա իշխանությունները խորհրդարանական կամ՝ սուպերվարչապետական մոդելից դենը աշխարհ չեն ընդունում: Բան չենք ասում. ցանկացած իշխանություն շատ հաճախ է այն մոլորության մեջ ընկնում, թե ինքը հավերժ է: Որ ինքը միշտ մնալու է իշխանության, որ 70-80 տոկոս վարկանիշը միշտ մնալու է նույնը, հետևաբար, որևէ բան փոխելու կարիք չկա: Հավերժ չեք, մի օր էլ դուք եք իշխանությունից զրկվելու, բայց չէինք ցանկանա ձեզանից հետո կոտրած տաշտակ ստանալ: