...

Իսկ Բլինքենը կապ չունի

Իսկ Բլինքենը կապ չունի

Բլինքենի փոխարեն կարող էր լինել Լավրով, Մակրոն, Թրյուդո կամ մեկ այլ ազգանուն։ Կապ չունի։ Կարևորը գիծը պահելն է։

Այսպես, կարծում ենք՝ առայժմ հիշում եք, որ Արցախը գազ չուներ, գազատարը վնասվել էր (համոզված ենք՝ Ադրբեջանն էր վնասել, որովհետև զուգահեռաբար ահաբեկում էր արցախցիներին՝ «հորդորելով» հեռանալ իրենց տներից), բնականաբար, այնտեղ հումանիտար աղետ էր, բնականաբար, հայ արևմտամետներն առիթը բաց չթողեցին՝ հերթական անգամ ռուսներին մեղադրելու, իսկ ռուսասերներն այս պարագայում տեսան Արևմուտքի սադրանքը, իհարկե, Ռուսաստանի դեմ։ Հասկացա՞ք։ Երևի հասկացաք, եթե արևմտամետ եք կամ ռուսամետ։ Մենք էլ հասկացանք, բայց բոլորովին այլ բան (Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ):

Մինչև Բլինքենի անունը հիշատակելու բացատրությանն անցնելն ուզում ենք ձեր ուշադրությունը, սիրելի՛ ընթերցողներ, հրավիրել մի փոքրիկ, բայց էական դետալի վրա։ Գազատարի «վնասումից» հետո հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է դրա վերանորոգումը, այսինքն՝ պարզապես թույլ չի տալիս, որ հայերը մտնեն իր վերահսկողության տակ գտնվող տարածք։ Սա արձանագրենք։ Մարտի 16-ին կարդում ենք հետևյալ հաղորդագրությունը․ «Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը»։ Եվ ահա մեր վերլուծագանգային միտքն անցնում է գործի։ Մի մասն ուշադրություն է դարձնում «ռուս խաղաղապահներ» բառակապակցության վրա, մյուս մասը անմիջապես հիշում է, որ նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հեռախոսով խոսել էին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ, և փրփուրը բերնին՝ հայտարարում, թե գազատարի հարցը լուծվեց սույն բարձրաստիճան պաշտոնյայի շնորհիվ։ Տղաներն ու աղջիկները գիծը լավ են պահում։ Ինչպե՞ս չհիշես ծեծված մի արտահայտություն՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է․․․

Մեր վերլուծագանգերը, իհարկե, չեն տեսնում «փոքրիկ դետալները»։ Իսկ մենք տեսնում ենք, որ գազատարը վերանորոգել են ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները։ Կասեք՝ ինչ նշանակություն ունի։ Պատասխանենք՝ շատ մեծ։ Ադրբեջանը քայլ առ քայլ հասնում է իր նպատակին։ Եվ այս «փոքրիկ դետալով» նույնպես ապացուցում է, թե ով է տարածքի տերը։

Իսկ ի՞նչ էր անում մեր կառավարությունը։ Ըստ վերոնշյալ հաղորդագրության՝ Հայաստանի կառավարությունն աջակցում էր բանակցություններին, ինչպես ռուս խաղաղապահները։ Մնացածը հայտնի չէ։

Հայտնի է մի բան։ Հայաստանում չեն մնացել կամ գրեթե չեն մնացել մեր երկրի շահը պաշտպանող ուժեր։ Հայաստանը դրա համար չի վճարում։ Փող չկա։

Ավելին, ՀՀ կառավարությունը, տիտղոսակիր ընդդիմությունը, վիլսոնականներն ու պուտինականները համաշխարհային այս ծանր ճգնաժամի պայմաններում լրիվ կորցրել են իրականության զգացումը։ Ռուս-ուկրաինական բախումը նրանց ավելի է հուզում, քան Արցախը, քան Սյունիքը։ Օր․՝ փաշինյանական պրոպագանդիստները պնդում են, որ Արցախը ռուսական է, որովհետև այնտեղ ռուսական զորք է կանգնած։ Փաշինյանական կառավարությունը «տակից» աջակցում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու աջակիցների ցուցքին և զանազան հակառուս խզմալյաններին։ Ինչո՞ւ։ Որովհետև դեռ չեն կողմնորոշվել, թե կշեռքի նժարն ուր կթեքվի, այսինքն՝ ով է որոշելու իրենց իշխանության մնալ- չմնալու հարցը՝ Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը։ 

Մտավորականություն կոչվածն ապրում է Տիգրան Մեծի երազանքով, իսկ ժողովուրդը լսում է Դոգ։

Սա մեր վիճակն է։

Իսկ Բլինքենը կապ չունի։ 

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2718 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ