Անդրադառնալով առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը 60 տոկոսով բարձրացնելու որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «դատավորների և ընդհանրապես՝ պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար»։
Ականջը կանչի, ժամանակին մի քաղաքական գործիչ կար, որ անկախ նրանից, թե ինչի մասին էր խոսքը, ասում էր «պարոն Ծառուկյանն ինչ անում ա՝ ժողովրդի համար ա անում»։ Փաստորեն Նիկոլն էլ է նույն սկզբունքով առաջնորդվում և ինչ անում է՝ ժողովրդի համար է անում, պարզապես այնպես է ստացվել, որ այդ «ինչ անում է»-ի արդյունքում միայն չինովնիկների և «ուսապարկերի» աշխատավարձերն ու պարգևավճարներն են ավելանում։
Բայց ճիշտ է ասում, էլի՛ քաղաքացիների համար է, ավելի ճիշտ՝ քաղաքացիների դաստիարակության։ Ի՞նչ եզրակացություն պիտի անի շարքային քաղաքացին՝ տեսնելով, որ անհնազանդ դատավորները դուրս են շպրտվում համակարգից, իսկ մյուսների աշխատավարձը 1 միլիոն դրամից դառնում է 1,6 միլիոն, կամ իշխանություններին փառաբանելու ճանապարհով պետական համակարգ խցկված որևէ կիսագրագետ հայվան ամսական մի քանի հարյուր հազար դրամ պարգևավճար է ստանում։ Ճիշտ է, եթե ուզում է լավ ապրել՝ պիտի հետևի նրանց օրինակին և այդպիսով բարելավի իր կենսապայմանները։ Չստացվե՞ց, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելով՝ Նիկոլն անուղղակիորեն քաղաքացիներին ցույց է տալիս լավ ապրելու ճանապարհը, այսինքն՝ օգնում է նրանց։