«Վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ և երրորդ նախագահները պետական այրին վայել վարք կդրսևորեն։ Ինչն ինքը գրեթե երբեք չի արել։ Բնականաբար, չէր անելու նաև այս հոդվածով։ Ամենավերջում էլ՝ հավատում է մեր ժողովրդի համախմբվելու ունակությանը։ Երբ ինքն է պառակտել պարբերաբար։ Այսօր էլ այս հոդվածով է պառակտում»։
Գրառման հեղինակը նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանն է:
«ՉԻ». Այսօրվա երիտասարդ գործիչների «կռուտիտները» գոնե մի փոքր ընդունելի են լինում, երբ փորձում են նենգափոխել 90-ականների պատմությունը: Երբ նրանց հիշեցվում են կոնկրետ իրողությունները, սկսում են արդարանալ, թե իբր փոքր են եղել, չեն հիշում:
Աղվան Վարդանյանը չի պատկանում այդ խմբին, որովհետև այդ երիտասարդների տարիքի չափ լծված է եղել երկրին վնաս տալու և թալանելու գործին: Մանկատան երեխաների բնակարաններ ստանալու փողը յուրացնելու և Դավիթաշենում շքեղ առանձնատուն կառուցելը գործունեության դրվագներից ընդամենը մեկն է:
Թերևս մանկատան փողերի հետագան որոշելու խնդիրներով տարված՝ Վարդանյանը չի արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը նման կոչ արել է նաև 1999 թվականին, պալատական հեղաշրջումից ընդամենը 1.5 տարի հետո:
Դրսևորեց պետական այրին հարիր վարք՝ հասկանալով, թե ինչ վտանգներ են սպառնում պետությանը Հոկտեմբերի 27-ի արդյունքում, մի կողմ դրեց անձնական հակակրանքները և կոչ արեց համախմբվել այն ժամանակվա նախագահ Քոչարյանի շուրջ:
Թերևս առանձնատան սալիկներ ընտրելու գործով տարված՝ Վարդանյանը չի արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը համանման կոչ արեց նաև 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ:
Իսկ հոդվածը չի պառակտում, այլ հակառակը՝ հնարավորություն է տալիս վարդանյանների նման ժամկետանց գործիչներին, մի երկու բառ խզբզելով, տունը նստած փող աշխատել: