...

Իսկ մեծամասնությունը լուռ է

Իսկ մեծամասնությունը լուռ է

Երևանի կենտրոնում «ծավալվող» իրադարձությունները կազմակերպիչների ակնկալած արձագանքին չեն արժանանում։ Ինչո՞ւ։ Պատասխանները մի քանիսն են․

1․ Բողոքի ցույցերի կազմակերպիչները նախկիններն են։
2․ Նիկոլ Փաշինյանի աջակիցները շատ են։
3․ Հանրությունը ոչ ոքի չի հավատում։

Միանգամից ասենք՝ մեր պատասխանը մի քիչ ուրիշ է։

Ուրեմն.

1․ Նախկիններից՝ որպես հավաքականություն, հանրությունն առանձնապես չի խորշում։ Սակայն մի քանի հոգու ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում խրտնեցնում է շատերին։ Հիմնականում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են բացասական դեր կատարում, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ վախենում են նրանց վերադարձից։ Չե՞ն գիտակցում այսքանը մեր փորձված քաղաքական գործիչները։ Կարծում ենք՝ գիտակցում են։ Ուրեմն ինչո՞ւ են համառորեն իրենց ներկայությունը պարտադրում բողոքավոր զանգվածին։ Ճիշտն ասած՝ չենք հասկանում։ Թեպետ որոշ ենթադրություններ ունենք․ օրինակ՝ ա․ նախկին նախագահները չեն վստահում իրենց թիմերի երիտասարդ անդամներին, բ․ երկուսն էլ առաջնորդի դերակատարման մարմաջ ունեն, գ․ փորձում են ցույց տալ, որ ժողովրդի հետ խնդիր չունեն։ Իսկ գուցե դարձյա՞լ օգնում են Նիկոլ Փաշինյանին, որ իշխանության մնա՝ «փրկվելով» կամ յուրայիններին «փրկելով» կապիտուլյացիոն անխուսափելի նոր փաստաթուղթ ստորագրելուց։

2․ Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներ ունի, բայց նրանք բնավ այնքան շատ չեն, որքան թվում է։ Եվ սա գիտեն նաև իշխանական թիմում։ 

3․ Հանրությունը ոչ ոքի չի հավատում։ Ավելի ճիշտ՝ հանրության մեծամասնությունը ոչ ոքի չի հավատում։ Այս պնդումն ավելի մոտ է ճշմարտությանը։ 

Բնավ նպատակ չունենք հայ հասարակությանը պիտակավորելու։ Ուղիղ հակառակը։ Մեծամասնության լռությունն ապացուցում է, որ այսօր անհնար է կրկնել 2018 թվականի «հեղափոխական» ոգևորությունը։ Անհնար է ոչ թե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը «աննախադեպ առաջնորդ» էր, այլ որովհետև 2020-ի պատերազմը շատ բան է փոխել մեր կյանքում։

Այո՛, 2018-ին մարդիկ փողոց դուրս եկան՝ ընդդեմ սոցիալական անարդարության, կեղծված ընտրությունների, ընդդեմ 20 տարի իշխող ռեժիմի, որից վաղուց արդեն զզվել էին։ Այո՛, Նիկոլ Փաշինյանն ու փոքրաթիվ ՔՊ-ն օգտագործեցին լավ մշակված տեխնոլոգիաներ, այո՛, նրանք ունեին նաև դրսի որոշ ուժերի աջակցություն։ Եթե հիշում եք, այն ժամանակվա տեխնոլոգիաները բացառել էին քաղաքական տեքստը, կարելի է ասել՝ ընդհանրապես բանական տեքստը, խոսքը։ 

Սակայն պատերազմ դեռ չէր եղել։ Հասարակությունը բավականաչափ անհոգ էր այդ իմաստով և ոգևորվել էր անարդարությունից ազատվելու հեռանկարով։

Բնականաբար, պատերազմից հետո ցավն ու տագնապն են իշխում։ Նաև հիասթափությունը՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից»։ 

Ուրեմն ինչո՞ւ պետք է մասնակցեն 2018-ը կրկնող գործողություններին, այն էլ՝ դափ ու ծնծղայի տակ, երբ հետպատերազմյան տագնապն ու ցավը միայն խորանում են։ Ինչո՞ւ պետք է միանան այն բողոքավորներին, որոնք, նախկին հեղափոխականներին կրկնօրինակելով, նույնպես քաղաքական խոսք չեն ասում։ Եվ մարդիկ տարբերություն չեն տեսնում Նիկոլ Փաշինյանի և այսօրվա առաջնորդների միջև։ 

Ահա սա՛ է վերը խոստացված պատասխանը։ 

Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև քաղաքական ասպարեզի բարձրագոչ և գովազդվող այլ գործիչներ հեռանկար չեն ներկայացնում, չեն պատասխանում հասարակությանը հուզող կարևոր հարցերին։ Իսկ եթե անգամ պատասխանում են, հստակ զգացվում է անկեղծության պակասը։

Իսկ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» մանտրա-արտահայտությունը կրկնելուց հետո պատասխանե՛ք՝ ինչպե՞ս։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ