...

ՋՕ-երի աշխատանքից դժգոհ են

ՋՕ-երի աշխատանքից դժգոհ են

Ջուրը տեղ չի հասնում

Ամռան տապին ոռոգման ջուրը դժվարությամբ է հողին հասնում: Արարատի մարզի մի քանի գյուղեր ոռոգման ջրի խնդրի առաջ են կանգնած:

Մեկ շաբաթ առաջ անելանելի վիճակում էին Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի բնակիչները: Այգիներն ու հողամասերը ջրելու էին, սակայն, չէր հերիքում: Բողոքելուց հետո խաղողը կարողացել են ջրել, բայց ոռոգման ջրի հարցը ամբողջությամբ դեռ չի կարգավորվել:

«Ջուրը կա, ուղղակի չէին կարողանում բերել, բայց «կրիզիսից» դուրս եկանք: Մի քանի օր՝ ջուրը մոտ 200 լիտրով ավելացրեցին, ժողովուրդը «պիկ մոմենտից» դուրս եկավ: Ամեն տարի էլ այս ժամանակամիջոցում նույն խնդիրը լինում է: Մեկ շաբաթով ջուրն ավելացրեցին, հիմա ջուր ուզող համարյա չկա: Այգիները, որ ոռոգվում են, բույսերին ջուրը հերիքում է՝ լոլիկը քիչ է: Այգիներն էլ 15-20 օրը մեկ ենք ջրում: Այդ դժվար «մոմենտից» դուրս եկանք»,- «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Վերին Արտաշատ համայնքի բնակիչ Գուրգեն Ավագյանը:

Գյուղացիները պատրաստվել են բողոքի ցույց կազմակերպել մարզպետարանի առաջ: Սակայն, մարզկենտրոն չեն հասել, Արտաշատի ջրօգտագործողների միության տնօրենն է իրենց հետ հանդիպել և ծագած խնդիրը ժամանակավորապես հարթել:

«Հերթապահություն դրվեց, գիշեր-ցերեկ հետևել են, որ մեզ ջուր հասնի: Գիշերներն էր ջուրը մեզ հասնում, ցերեկով չէր գալիս: Ջուրը քիչ էր, և լիարժեք չէինք կարողանում այդ ջրից օգտվել: Իրենց մասնագետները եկան, նայեցին, հետևեցին, մի բան էլ ավել ջուր եկավ»,- նշեց հողագործը:

Մշակովի հողերն ավելացել են

Վերին Արտաշատն օգտվում է Ազատի ջրամբարից: Ջրանցքը, որի միջոցով ջուրը Վերին արտաշատցուն է հասնում, վերանորոգման կարիք ունի: Ջուրը չի հերիքում ոչ միայն ջրանցքների անմխիթար վիճակի և ոչ ճիշտ աշխատանքի պատճառներով: Տարածքի անմշակ հողերում գյուղացիները ծառ են տնկել, բերք են աճեցնում: Նախկին լքված մոտ 300 հեկտար հողն այսօր մշակովի է դարձել:

«Այսպես ասած՝ հողերի գրավման հետևանքով է: Մարդիկ սարերի տակի քարքարոտ հողերը մշակում են: Նրանց էլ է ջուր պետք: Մշակովի հողերն ավելացել են, դրա համար ջուրը չի հերիքում: Բացի սա, ժամանակին վերևի արտերը ջրվել է ուրիշ մագիստրալով: Այդ կողմով չեն կարողանում ջուր բերել, պոմպեր են դրել, ժողովրդին հո՞ չենք ասելու՝ ինչու եք ջուր վերցնում: Մյուսի դաշտը Քաղցրաշենի պոմպակայանից էր ջուրը վերցնում, հիմա՝ փչացել է, այդ ջրից է օգտվում»,- ներկայացրեց գյուղացին:

Նոր ժամանակներ, հին մոտեցում

Հողամասերը չորանալու վտանգի առաջ է նաև Նորաշեն համայնքը:

«Բերքը փչանում է, ժողովուրդը «եքա» ծախս է արել: Մշակել են, բերել են հասցրել այն ժամանակին, որ պետք է քաղեն ու ջուր չկա»,- վրդովվում է «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանը։

Նա վերջին մեկ ամսվա ընթացքում գյուղացիներից բազմաթիվ զանգեր է ստացել, դիմում են օգնության հարցով՝ ինչպես անեն, որ պատկան կառույցներին իրենց ձայնը տեղ հասնի:

Իսկ Հենրիկ Ավագյանը արդեն մի քանի տարի շարունակ մարզում ոռոգման խնդրի մասին է ահազանգում: Նրա պնդմամբ՝ թեև փոխվել են ՋՕ-երի տնօրենները, սակայն, հեղափոխությունից հետո համակարգում ամեն ինչ նախկինի պես է:

«Այն ժամանակ, որ բողոքում էինք, գոնե ինչ-որ հարց կարգավորվում էր, բայց հիմա ընդհանրապես ոչ մի բան չի լուծվում: Ասում են՝ գնացեք, ոնց ուզում եք ջրեք: Ոչ բանիմաց մարդկանց են աշխատանք տվել: Փոխանակ ով գործից հասկանում է, նրան նշանակեն ՋՕ-ի տնօրեն, ջրից խաբար չունեցողին են պաշտոն տալիս: Այդ մարդը չգիտի՝ ջուրն ինչով է գնում՝ առվո՞վ , թե՞ խողովակով: Տենց բա՞ն է լինում, պատահական մարդկանց նշանակում են: Չգիտեն՝ ջուրը լի՞տր է, տոննա՞ է, խաբար չեն ոչ մի բանից: Այն ժամանակ քննություն էին տալիս, նոր նշանակում, հիմա դա էլ չկա»,- նկատեց նա:

Ջրօգտագործողները համոզված են՝ եթե կազմակերպված աշխատեն, կրիտիկական վիճակ չի ստեղծվի: Հաջորդ տարվա համար վերին արտաշատցիներին հույս են տվել: Խոստացել են ջրագիծը նորոգել՝ ծավալն ավելացնել, որ ջուրը պակասություն չանի:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   802 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ