Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին ու վերջինիս հետ զրույցում ընդգծել, որ «ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում՝ ԵՄ աջակցությամբ», ապա ընդգծել է «ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը»։
Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասել է «բարեփոխումները անում եմ, դե փողը տվեք»։ Եվրամիությունը, ի դեպ, իսկապես էլ կարող է շատ հանգիստ տալ այդ 2,6 միլիարդը։ Բնականաբար՝ ըստ կատարված «բարեփոխումների» որակի։ Այսինքն՝ կարող է ընդամենը թղթի կտորի վրա մատիտով գրել «2,6 միլիարդ դոլար՝ իրա ամեն ընչով», ու որպես փող՝ տալ Նիկոլին։ Եվ դա, մեր մեջ ասած, շատ արդարացի կլինի, որովհետև Նիկոլի «բարեփոխումները» ճիշտ նույն որակի են․ գրված են թղթի վրա, բայց գործնականում գրոշի արժեք չունեն։
Իսկ ինչո՞ւ Եվրամիությունն այդպես չի վարվում։ Որովհետև արդյունքում կարող է օֆշորային գոտիների բանկերում լուրջ սկանդալ ծագել։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը․ «Մոլագար ահաբեկիչը միտումնավոր կերպով թունավորել է մանկատան սաներին որպես օգնություն հատկացված սննդամթերքը։ Տուժել են 15 պատգամավորներ, 4 նախարարներ և քաղաքապետի ընտանիքը։ Մանկատան սաների շրջանում տուժածներ չկան»։