«Արդեն ապրիլի վերջին Խաչատրյանի որդու հայտարարությունից հետո, որ իրենցից պետական մակարդակով խլում են «Յուքոմը» այլ անձի փոխանցելու համար, «Ռիա Նովոստի» գործակալությունը համակողմանի ու մանրամասն հրապարակում է արել, որն էլ դարձել է Ռուսաստանի «գոսապարատում քննարկվող» թիվ մեկ թեման։ Միշուստինը նեղ շրջանակում հայտնել է, որ տիրապետում է իրավիճակին ու համապատասխան եզրակացություններ կանի։
Մեր տեղեկություններով, «իրավիճակին տիրապետելուն» օգնում է նաև ՌԴ դեսպանությունը Հայաստանում, որն ամենօրյա զեկույցներ է ուղարկում ՌԴ կառավարություն։ Ռուսական աղբյուրները նշում են, որ Միշուստինը Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին փոխանցել է. «Сын, смело иди в гору», ինչը բառացիորեն նշանակում է՝ «առաջ գնա` չվախենալով դժվարություններից»։ Սակայն մեզ հայտնի չէ, թե բացի խրախուսելուց և դեպքերի ընթացքին հետևելուց Միշուստինը այլ քայլեր կանի, թե ոչ»,- գրում է «Հրապարակ» թերթը:
«ՉԻ». Քանի որ «Հրապարակը» միշտ ներկայացնում է հազար անգամ ստուգված տեղեկատվություն, որևէ հիմք չկա չհավատալու հրապարակման մեջ բերված փաստերին:
Հիմա արդեն պարզ է, թե ինչու է Ռուսաստանում խայտառակ վիճակ ստեղծվել: Երկրի վարչապետը, թողած Ռուսաստանի ահռելի խնդիրները, օր օրի շատացող մարտահրավերները, 120 հազարից ավել վարակակիրների փաստը, «գոսապարատում» թիվ մեկ խնդիր է դարձրել Գագիկ Խաչատրյանի որդու խնդիրը: Բայց անգամ թիվ մեկ խնդիրը դարձնելով և երկրորդ պլան մղելով Ռուսաստանի խնդիրները՝ չկարողացավ կանխել Գուրգեն Խաչատրյանի կալանավորումը:
Կրկնենք, չկա որևէ հիմք չհավատալու «Հրապարակին»: Բայց այս չափազանց կարևոր հրապարակումը պետք է հասնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա պետք է հետևություններ անի և անգամ կորոնավիրուսից բուժվելուց հետո Միշուստինին մոտ չթողնի Մոսկվայի «Սպիտակ Տուն»: Վարչապետ, որին չի հետաքրքրել նավթի գների անկման պատճառով Ռուսաստանի բյուջեի կազմաքանդումը, որին չի հետաքրքրել սովորական դիմակների բացակայությունը բուժաշխատողների մոտ, որին չեն հետաքրքրել սիբիրյան անտառների մեծամասշտաբ հրդեհները, հետաքրքրել է միայն օտար երկրում ընկերոջ բիզնեսի ճակատագիրը, պետք է այլևս մոտ չգա Ռուսաստանի պես պետության կառավարման համակարգին:
Հուսով ենք՝ «Հրապարակ» թերթի հրապարակումը կօգնի բացելու Պուտինի աչքերը, և նա կհասկանա, թե ինչ անլուրջ նշանակում արեց մի քանի ամիս առաջ: Մեդվեդևն էլ էր փորձում երբեմն օգնել Հայաստանի նախկին իշխանություններին, բայց նրանց նեղ անձնական խնդիրները երբեք չէր դարձնում «գոսապարատի» թիվ մեկ խնդիրը: