...

Կասե՞ք՝ ինչու եք պատգամավոր ու նախարար դառնում

Կասե՞ք՝ ինչու եք պատգամավոր ու նախարար դառնում

Իսկապես, ինչո՞ւ: 

Կործանարար պատերազմից հետո, պարտությունից դեռ ուշքի չեկած՝ սկսում ենք ընտրական մրցավազքը, թեպետ նույնիսկ հայտնի չէ՝ կլինե՞ն ընտրություններ, թե՞ ոչ: 

Ուստի մամուլի մեր գործընկերներին առաջարկում ենք հարցնել ցանկացած պատգամավորացուի՝ պարո՛ն կամ տիկի՛ն, ինչո՞ւ եք ուզում խորհրդարանի անդամ դառնալ, ի՞նչ ունակություններ, գիտելիքներ ունեք, կարո՞ղ եք օրենսդիր աշխատանք կատարել, այն էլ՝ այս պայմաններում:

Տասնյակ քաղաքական գործիչների ենք տեսել, որոնք Ազգային ժողովում ծպտուն անգամ չեն հանել: Շեֆի՝ նախագահի կամ վարչապետի հրահանգով կոճակ են սեղմել, և վերջ: Լավ, ասենք, նախկիններից ոմանք պատգամավոր էին դառնում կուսակցապետի ցուցումով, ոմանք էլ խորհրդարանը դիտարկում էին որպես պատսպարան՝ սեփական բիզնեսը ինչ-ինչ արհավիրքներից զերծ պահելու համար:

Հիմա դառնանք ներկաներին, այսպես կոչված՝ նորերին, որոնք փոխարինելու եկան Սեյրան Սարոյանին, Շմայսին կամ Ալրաղացի Լյովին: Ինչո՞վ են տարբերվում նախորդներից: Նիհար են, հրապարակավ դեռ չեն հայհոյում, մեկ-մեկ խոսում են, թեպետ ավելի լավ կլիներ՝ լռեին: Հանրապետականները կրծքով պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, իսկ սրանք՝ Նիկոլ Փաշինյանին, հանրապետականները գրեթե առանց առարկությունների դակում էին կառավարությունից բերված օրենքները, սրանք անվերապահ են դակում: 

Ավելին, թվում էր, թե նորերի կազմում խելացի, ուսյալ երիտասարդներ կան: Բայց թվում էր, որովհետև նրանք կամովին ստանձնեցին Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի դերը: Պատգամավորներից հետ չեն մնում նախարարները: Երեք տարում քանի՞ անգամ եք լսել, որ նրանցից որևէ մեկն առարկի վարչապետին: Չէ՛, չեն առարկում: Հաճույքով նախարար են դառնում նաև մարդիկ, որոնց ինտելեկտուալ կարողությունների վրա բնավ չէինք կասկածում: Ինչո՞ւ են այդպիսիք համաձայնում նախարար աշխատել մի վարչապետի ղեկավարությամբ, որի անգործությունը և դիլետանտիզմը հանգեցրին ազգակործան պատերազմի: 

Դասական օրինակը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն է: Մարդը դոկտոր, պրոֆեսոր է, երկար տարիներ դեկան է եղել ԵՊՀ-ում, չի վախեցել նախկին իշխանությունների օրոք, չի թաքցրել ընդդիմադիր հայացքները: Հիմա ի՞նչ է պատահել, որ համաձայնել է նախարար դառնալ, առաջ բրթել Բարձրագույն կրթության և գիտության մասին աղմկահարույց օրենքը կամ արդարանալ՝ վարչապետի՝ երևանյան բուհերի շենքերը ծախելու և բուհական քաղաք կառուցելու անպատեհ և ախմախ միտքը մեկնաբանելով: Մի՞թե նախարարական աշխատավարձն արժանապատվությունից թանկ է:

Ուրեմն ինչո՞ւ եք ուզում պատգամավոր կամ նախարար դառնալ, երբ քաղաքական գործիչ չեք: Հարցը վերաբերում է նաև նրանց, ովքեր առաջնորդ դառնալու ձգտում ունեն. կուսկացություն են «բացում», շարժում հիմնադրում: Փոքրիկ Հայաստանում արդեն մոտ 100 այդպիսի կազմակերպություն կա: Արդեն երևում է, որ դրանց մի մասը տեղավորվում է այս կամ այն ուժի շրջակայքում՝ փորձելով տեղ գտնել խորհրդարանական արևի տակ կամ գոնե ծառայություններ մատուցել, ասենք, Փաշինյանին, Քոչարյանին և Ծառուկյանին

Անգաղափար, անզեն, արագ-արագ խոսող այրերին և կանանց, տղաներին և աղջիկներին տեղեկացնենք, որ մեր փոքրիկ երկրում այլ գործեր էլ կան: Ճիշտ է, մի քիչ պակաս են վճարվում, բայց կան և պատվաբեր են: 

Գրիգոր Խաչիկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   736 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ