...

Կոռուպցիայի կանխարգելման մասին նոր օրենքը

Կոռուպցիայի կանխարգելման մասին նոր օրենքը

Մեր տեղեկությունների համաձայն, արձակուրդից վերադառնալուն պես Ազգային ժողովը մտադիր է կոռուպցիայի կանխարգելման մասին նոր օրենք ընդունել։ Գլխադասային հանձնաժողովն արդեն իսկ կառավարությունից ստացել է նոր օրենքի նախագիծը, որի հիմնադրույթներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

․․․ Հոդվ․ 4․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց կողմից ՀՀ տարածքում 50 հազար դրամը գերազանցող գնով գործարաններ, կոմբինատներ, հիդրոկայաններ և արդյունաբերական այլ ձեռնարկություններ գնելու դեպքում գնորդը պարտավոր է ներկայացնել գումարի ծագման աղբյուրը։ 

․․․ Հոդվ․ 11․ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բարեխիղճ գործարարներին արգելվում է իրենց մարզում գնել մարզի տարածքը գերազանցող հողակտորներ, իսկ հողակտորների նվազագույն արժեք է սահմանվում 3 (երեք) դրամը՝ յուրաքանչյուր հեկտարի համար։ 

․․․ Հոդվ․ 14․ ՀՀ վարչապետի եղբոր կողմից ղեկավարվող ընկերությունների թիվը 200-ը գերազանցելու դեպքում նշանակվում է ծառայողական քննություն՝ պետական գաղտնիք հանդիսացող այդ տեղեկության հանրայնացման մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

․․․ Հոդվ․ 18․ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բարեխիղճ գործարարները յուրաքանչյուր օրվա դրամի փոխարժեքի պատվերը Կենտրոնական բանկին են ներկայացնում ոչ ուշ, քան տվյալ օրվանից 5 (հինգ) օր առաջ։ Հասույթի 50 (հիսուն) տոկոսը տրամադրվում է ՀՀ վարչապետի կողմից լիազորված անձին՝ «այլ ծախսեր» հոդվածով կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով, չզեկուցվող ընթացակարգով։

․․․ Հոդվ․ 22․ «Լիցենզավորման ենթակա գործունեություն» անվանացանկում ավելացվում են հետևյալ տողերը․

 ա․ Գազաբալոնների լիցքավորում,
 բ․ Հանրային վայրերում հագուստի կրում,
 գ․ Թթվածնի սպառում՝ կանաչ տարածքներում զբոսնելու միջոցով,
 դ․ ՀՀ իշխանությունների գործունեության վերաբերյալ կարծիքի հայտնում,
 ե․ Ոչ աշխատանքային օրերին սեռական հարաբերությունների ունեցում,
 զ․ Օրենքով չարգելված այլ գործունեություն։

Համապատասխան լիցենզիաներ տրամադրելու լիազորություններ ունեցող ընկերությունների ցանկը հաստատվում է կառավարության գաղտնի որոշումներով, իսկ հասույթը բաշխվում է սույն օրենքի հոդվ․ 18-ում նշված ընթացակարգով։

․․․ Հոդվ․ 27․ Կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հրապարակումներով հանդես եկած լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտումն իրականացվում է արտահերթ՝ պարզեցված ընթացակարգով։

Կարծում ենք, խորհրդարանն այս օրինագիծը կքննարկի փակ նիստում՝ անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   742 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ