...

Կուրթանցի Մեխակը իշխանական լրատվամիջոցներին դաս տվեց

Կուրթանցի Մեխակը իշխանական լրատվամիջոցներին դաս տվեց

Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանի պատմությունը շատերին հուզեց: Հանրային ուշադրությունն այնքան մեծ էր նրա առաջին հարցազրույցից հետո, որ, ի վերջո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Մեխակից:

Բայց այս պատմության մեջ մեր ուշադրությունը մեկ այլ բան գրավեց: Վարչապետի և Մեխակ Առաքելյանի հայտնի զրույցից հետո առաջինը News.am լրատվական կայքն է լրագրողներ ուղարկել, որոնք էլ հանդիպել էին Մեխակի հետ և նրա հետ հարցազրույց արել: Սոցցանցերում սա շատերի մոտ դժգոհություն էր առաջացրել, թե ինչու է News.am-ը ափալ-թափալ վազել Նոյեմբերյան ու հանդիպել այդ տղային:

Հենց սա էլ առիթ է, որ մի փոքր անդրադառնանք հայկական լրատվական դաշտում առկա իրողություններին ու ներկայիս պատկերին: Հասկանալի է, որ լրատվամիջոցների մեծ մասը քոչարյանական և սերժա-միշիկական աղբյուրներից են սնվում: Ֆինանսական խնդիրներ չունեն, տեխնիկայի հագեցվածության խնդիր չունեն, ինչպես նաև՝ գրելու, թեմաների անդրադառնալու խնդիր չունեն: 

Եվ դաշտում կան նաև իշխանական լրատվամիջոցներ: Իհարկե, ավելի քիչ, բայց, բոլոր դեպքերում, քիչ էլ չեն և կարող են հասարակական կարծիքի ձևավորման հարցում ունենալ իրենց ազդեցությունը: Բայց իշխանական լրատվամիջոցները մի լուրջ խնդիր ունեն, և դա ակնհայտ երևաց կուրթանցի Մեխակի պատմության ժամանակ: 

News.am-ը լրագրողներ ուղարկեց Կուրթան և Մեխակի պատմությունը հանրայնացրեց: Եվ միայն այն բանից հետո, երբ հասարակական կարեկցանքի, զայրույթի ալիք բարձրացավ, նոր իշխանական լրատվամիջոցներն էլ անդրադարձան Մեխակ Առաքելյանի պատմությանը, նկարահանող խմբեր ուղարկեցին Նոյեմբերյան և այլն: 
Պատճառը ոչ թե այն է, որ News.am-ում ավելի շուտ «ֆայմեցին» հանդիպել Մեխակի հետ, այլ որովհետև իշխանական լրատվամիջոցները մինչև վերևների հետ չեն համաձայնեցնում իրենց աշխատանքը, մինչև համապատասխան հրահանգներ չեն ստանում, գործ չեն անում: Իշխանական լրատվադաշտն այսօր բավական խղճուկ վիճակում է: Վերլուծությունների, ուշագրավ հոդվածների բացակայությունը պարզապես աչքի է զարնում:

Այդ լրատվամիջոցների օրակարգում միայն այն թեմաներն են, որոնք ի սկզբանե հաստատվում են իշխանությունների կողմից: Դրանից դուրս որ մի իրադարձություն է տեղի ունենում, մարդիկ չգիտեն, ինչ անեն, անդրադառնան դրան, թե ոչ, գրեն, թե՝ անտեսեն: Ստիպված սպասում են, տեսնեն, վերևից ինչ են ասում, ու այդ ընթացքում News.am-ը արդեն Նոյեմբերյանից վերադարձած է լինում:  

Իշխանական լրատվադաշտում հիմնականում գերիշխում է այն մտայնությունը, որ բավական է՝ Նիկոլ Փաշինյանի լայվերն ու ստատուսները արտատպենք, վերջ, հանրությունը այդքանով կբավարարվի: Նայում ես քոչարյանական լրատվամիջոցները, ինչքան իքի-բիր դեմքեր կան, բոլորին խոսեցնում են: Նայում ես իշխանական լրատվամիջոցները, միշտ նույն 2-3 դեմքերն են խոսում: Բնականաբար, ընթերցողը ենթագիտակցաբար ընտրում է ավելի բազմազան տեղեկատվություն ապահովող լրատվամիջոցները, որոնք հիմնականում քոչարյանական մակնիշի են: 

Ու այստեղ մեղքը լրատվամիջոցներինը չէ, այլ՝ իշխանություններինը, որոնք բավական իմիջիայլոց են վերաբերվում քարոզչական դաշտին: Իրենց պատկերացմամբ, ամենալուրջ ու էֆեկտիվ լրատվամիջոցը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն է: 500 հազ. հետևորդ ունի, ու վերջ, պրոբլեմ չկա: Բայց կուրթանցի Մեխակի պատմությունը ցույց տվեց, որ պրոբլեմ կա ու բավական լուրջ պրոբլեմ:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1209 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ