«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլի հրաժարականից/կալանավորումից/վռնդվելուց հետո երկրում ուզենք թե ոչ լինելու է անցումային կառավարություն: Գործող ամուլ ԱԺ-ն գլուխը կախ ընտրելու է այն թեկնածուին, ում ԿՈՆՍԵՆՍՈՒՍ-ով պառլամենտին կներկայացնեն ներկայումս դաշտում ակտիվ գործող 3.5 ուժային կենտրոնները (անուններ չեմ տալու, բոլորդ էլ լավ հասկանում եք՝ ում մասին է խոսքը): Դրանից հետո նվազագույնը 1 տարի էդ անցումային կառավարությունը պետք ա երկրում կարգ ու կանոն հաստատի, ինչից հետո նոր գնանք արտահերթ ընտրությունների»:
«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց Փիլիպոս Մակեդոնացու պատմությունը: Վերջինս պաշարում է Լակոնիան, որի պաշտպաններին առաջարկում է հանձնվել. «Եթե չհանձնվեք, ապա ուժով կգրավեմ ձեզ, հողին կհավասարեցնեմ ձեր քաղաքը, անխնա կկոտորեմ բոլոր բնակիչներին», որին լակոնացիները պատասխանում են հետագայում թևավոր դարձած խոսքով. «Եթե»:
Ըստ էության, Հայաստանում կան ուժեր, որոնք իշխանափոխությունն արդեն ավարտված գործ են համարում:
Նիկոլին արդեն բռնել, կալանավորել, վռնդել են, Ազգային Ժողովը գլուխը կախ ընտրել է 3,5 ուժային կենտրոնների պարտադրած թեկնածուին, Սորոսի գրասենյակը փակվել է, Դավիթ Շահնազարյանն այնուամենայնիվ նշանակվել է ՀՀ արտգործնախարար, Նարեկ Սամսոնյանը՝ փոխարտգործնախարար, Գարեգին Բ.-ն Ռ. Քոչարյանին սրբադասել է՝ որպես «վելիկոմուչենիկ», Միքայել Մինասյանը հռչակվել է երկրի գերագույն գլխավոր հրամանատար, Արթուր Վանեցյանը՝ Հայաստանում Ռուսաստանի և «Տաշիր Գրուպի» Արտակարգ և Լիազոր դեսպան, Գառնիկ Իսագուլյանը՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավար, Ֆեյսբուքը փակվել է, Հրայր Թովմասյանի լիազորությունները երկարացվել են մինչև 2076 թվականը, Աղվան Վարդանյանը մանկատներին սնունդ մատակարարող մոնոպոլիստն է, Լարիսա Ալավերդյանը Եվրոդատարանում Հայաստանի ներկայացուցիչն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ձեռք է բերել Միկրոնեզիայի Կոլի-բե-նա կղզում գրանցված «Միշա և Մեդվեդ» ընկերությունը, Ծառուկյանը նշանակվել է երկրի գլխավոր ընդդիմադիր...
Եթե...