...

Ընդդիմության գիշերային և ցերեկային արկածները

Ընդդիմության գիշերային և ցերեկային արկածները

Սահմանում, գիտեք, խառը և լարված իրավիճակ է: Գնդակոծությունները շարունակվում են, ադրբեջանցիների ագրեսիվ գործողությունները չմարեցին նույնիսկ այն բանից հետո, երբ ՊՆ նախարար նշանակվեց Սուրեն Պապիկյանը

Չգիտենք՝ իշխանություններն ինչ են անում, բայց ընդդիմությունը քնած չէ: Բոյկոտել են խորհրդարանական նիստերը: Կարելի է ասել՝ սա մեր պատասխանն է հակառակորդին: Ավելին, Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ առաջադրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում և 12-րդ անգամ չընտրվեց: Այսինքն՝ մենք ունենք բախումների երկու ճակատ. մեկը՝ սահմանում, մեկը՝ խորհրդարանում: Մի տեղ մեր պետականության ճակատագիրն է որոշվում, մի տեղ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի:

Չնայած, երեկ երրորդ ճակատն էլ բացվեց: Այս անգամ՝ ֆեյսբուքում: Վայ, չգիտեք, ինչ պատերազմ սկսվեց գիշերը՝ «Լուսավոր Հայաստանի» ու Նարեկ Սամսոնյանի միջև: Էս նեղ մաջալին հարաբերություններ էին պարզում: Մի քանի ժամ թունդ և ինտենսիվ հրետակոծություն էր ընթանում, որի ընթացքում կողմերը կիրառում էին միջին և խոշոր տրամաչափի հայհոյանքներ: Դավիթ Խաժակյանն ու Նարեկ Սամսոնյանն իրար կոկորդից էին բռնել. է՛լ դավաճան, է՛լ ծախու, Միշիկի գործակալ, Ռոբերտի վարձկան, մեղադրանքների մի հատ աջաբսանդալ էր: 

Ուշ գիշեր հրետակոծությունը մարեց, իսկ առավոտյան Խաժակյանն արդեն ջնջել էր բոլոր այդ գրառումները: Ու ճիշտ էր արել, քանի որ այդ «բանավեճի» արդյունքներով կարող էին քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով քրգործեր հարուցվել: Օրինակ, քրօրի 167.1 հոդվածով՝ «անհատական կամ խմբակային բռնաբարության սպառնալիք», 203.3 հոդվածով՝ «ապօրինի մենամարտի հրավեր», 124 հոդվածով՝ «դալանում կամ փողոցում ռաստվելու դեպքում մարմնի տարբեր մասեր պոկելու զգուշացում», 243.6 հոդվածով՝ «կոմպրոմատների և շանտաժի այլ գործիքների վերաբերյալ հիշեցում» և այլն:  

Ահա այսպիսի ընդդիմություն ունենք. 5 հոգով 6 հատ ռազբորկա են անում: Նիկոլն էլ տեսնում, ուրախանում է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   735 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ