...

Լևոն Տեր-Պետրոսյան․մեր երկրի ողջախոհության ճրագը

Լևոն Տեր-Պետրոսյան․մեր երկրի ողջախոհության ճրագը

1991 թ․- ի հոկտեմբերի 4-ին Մովսես Խորենացու «Հայոց պատմության» 1500-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսքն ավարտում է «խորենացիական դասի մատնանշումով»։ Ահա՛․

«Դա ազգի արժանապատվության և սեփական կարողությունների սառը գնահատման այն սահմանումն է, որ Պատմահայրը տվել է իր հանրահայտ ասույթում․ «Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար, եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ՝ սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի»։ 

Փորձեմ թարգմանել․ «Թեև փոքր ազգ ենք, և շատ փոքրաթիվ սահմանված, և թույլ կարողությամբ, և մեր թագավորությունը բազմիցս նվաճված, սակայն բազում սխրանքներ գործվել են և մեր աշխարհում, որոնք արժանի են գրավոր հիշատակի»։ 

Ազգային արժանապատվության և սեփական ուժերի գնահատման հիրավի օրինակելի և իրապաշտական գիտակցություն, որ այսօր անչափ անհրաժեշտ է մեր ժողովրդին՝ Հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին ակնկալվող դժվարություններն ու զրկանքները հաղթահարելու համար»։ /Լևոն Տեր- Պետրոսյան, «Ընտրանի», Եր․, 2006 թ․, էջ 238-239/

Ուշադրությո՛ւն դարձրեք․ 1991 թվականի հոկտեմբերի 4-ն էր։ Անկախ Հայաստանի ղեկավարի համար խորենացիական կարևորագույն դասը սա էր։ Սակայն 1997 թվականի սեպտեմբերյան ասուլիսում հնչած մի հարց ցույց է տալիս, որ մենք ոչ միայն 1500 տարի չէինք հասկացել այն, այլև 20-րդ դարի 90- ականների դժվար, բայց արժանապատիվ ընթացքը նույնպես քչերին էր ինչ-որ բան սովորեցրել։ Այսպես, 1997 թ․ սեպտեմբերյան հայտնի ասուլիսում լրագրողը հիշեցնում է Տեր-Պետրոսյանի վերոնշյալ դիտարկումը և հարցնում, թե արդյոք մեր ժողովուրդը, պետությունը, իշխանությունները, քաղաքական ուժերը անցած 6 տարիների ճանապարհն անցել են հենց այս գիտակցությամբ։ ՀՀ առաջին նախագահը պատասխանում է․

«Խորենացին շատ մեծ միտք է արտահայտել դեռ 1500 տարի առաջ, կարողացել է փայլուն կերպով ձևակերպել «Ոտքերդ վերմակիդ չափով երկարացրու» բանաձևը։ Այո՛, ես գտնում եմ՝ եթե ազգը, և ոչ միայն ազգը, այլև մարդը չի կարողանում ճիշտ գնահատել իր ուժերը, այդ ազգն ու այդ մարդը կարող են մատնվել խայտառակ վիճակների, ինչպես մենք տեսնում ենք ամեն քայլափոխի։ Առնվազն ես և իմ ընկերներն առաջնորդվել ենք այդ գիտակցությամբ։ Մենք, համենայն դեպս, չենք արել մի քայլ՝ լինի դա քաղաքականության մեջ թե տնտեսության, որը վեր լիներ մեր ուժերից, մեր հնարավորությունների սահմանից։ Խորենացին դա է ասել»։ / Նույն տեղում, էջ 600/

Նորից ու նորից հիշեցնենք հենց խորենացիական այս իրապաշտությունը և տերպետրոսյանական ողջախոհությունն էին մեր անկախ պետականության և Արցախյան հաղթանակի հիմքում։ Իսկ ինչ եղավ, երբ մենք կորցրինք առողջ մտածելու կարողությունը, պարզ տեսնում եք։

Նշենք, որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին չենք ուզում հիշատակել ողջախոհության հակառակորդներից որևէ մեկին։ Արժանի չեն։ 

Եվ, այո՛, Խորենացի - Տեր-Պետրոսյան զուգահեռը գիտակցված ենք բերում։ 

Գուցե 15, 150 կամ 1500 տարի հետո հայ պատմաբաններն ու քաղաքագետները զորեն գնահատելու այն ահռելի գործը, որ արվեց առանց հերոսական կեցվածք ընդունելու, առանց «տեսլականների» և ազգայնական ծնծղաների։ Գուցե։ Սակայն այսօր մեզ կենսականորեն անհրաժեշտ են իրապաշտությունն ու ողջախոհությունը։ 

Ուզեք- չուզեք մեր երկրի ողջախոհության լույսը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Ուզեք-չուզեք լսելու եք, կարդալու եք։ Բայց կարևորը ոչ թե տերպետրոսյանական մտքերը սերտելն է, այլ նրանից մտածելու կերպ սովորելը։

Շնորհավորում ենք, պրն Նախագա՛հ։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ