Նախորդ հոդվածում անդրադարձանք այսօրվա իշխանության և ընդդիմության պայքարին ընդդեմ բանականության, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի:
Հարկ ենք համարում ընդգծել, որ սա անում ենք ոչ թե հանուն անձի (Լ. Տեր-Պետրոսյանը, համոզված ենք, մեր պաշտպանության կարիքը չունի), այլ հանուն Հայաստանի Հանրապետության:
Վերջերս հաճախական է դարձել «պարտությունից դասեր քաղել» արտահայտությունը, որ պատեհ-անպատեհ գործածում են տարբեր վերլուծաբաններ: Այնինչ պետք էր և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո անաչառ լինել, լա՛վ ուսումնասիրել 90-ականների՝ մեր հաղթանակի տարիների պատմությունը, սովորել այն ժամանակվա իշխանությունից: Այո՛, սովորել: Բայց սրա փոխարեն՝ մեր քաղաքական դաշտը ողողած բախտախնդիրները, իրենց առնվազն Մովսես Խորենացի համարող վերլուծաբանները որոշեցին հորինել սեփական հեծանիվը՝ առանց տարրական գիտելիքներ ունենալու:
Արդյունքը տեսնում ենք, ապրում ենք ամեն օր: Ապշեցուցիչ է, սակայն մինչ օրս հայ քաղաքական միտքը չի կարողանում ձերբազատվել 90-ականներից ժառանգած առասպելներից: Ավելին՝ դրանք զարգանում են՝ նվաճելով նորանոր բարձունքներ:
20 տարի շարունակ երիտասարդ սերնդի գլուխը մտցրել էին, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթել ենք՝ հակառակ ՀՀ առաջին նախագահի, հաղթանակը հիմնավորում էին միայն մեր մարտիկների ոգով, մինչև 2020-ի նոյեմբեր համարում էին, որ Արցախի հարցը լուծել են, որ ոչ մի թիզ հող չեն զիջելու, որ մեր բանակն ամենամարտունակն է, որովհետև ոգին անկոտրում է: Հիմա գոնե հասկացա՞ն, որ առանց ուղեղի, առանց ճշգրիտ հաշվարկի ոչ մի հաղթանակ էլ չէր լինի: Ուղեղը բացառում են, որովհետև լա՛վ գիտեն՝ այն իրենք չեն:
Այո՛, «դուխով», ներքին և արտաքին օգնականներով իշխանափոխություն արեցին: Եվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին թվաց, թե աշխարհն իրեն պարտք է, և ինքը կարող է Արցախյան խնդրի լուծումը սկսել իր կետից, իսկ պատերազմում հաղթել «դուխով»: Չստացվեց: Աշխարհի պետքն էլ չէր: Ապերախտներն այդպես էլ շնորհակալ չեղան «թավշյա հեղափոխության» համար…
Բայց դառնանք բուն նյութին: Հիմա նոր առասպելներ են տարածում, ավելի ճիշտ՝ մոդեռնիզացրել են հները:
Ասածները սա է. 1. ՀՀ առաջին նախագահը գիտեր, թե ինչ է լինելու, այսինքն՝ գիտեր, որ պարտվելու ենք, ինչո՞ւ էր 88 թվականին բարձրացնում Արցախի հարցը, և 2. ՀՀ առաջին նախագահը հաղթանակից անմիջապես հետո գնում էր զիջումների, որովհետև ա) մեր բոլոր ղեկավարները թույլի հոգեբանություն են ունեցել, բ) Ռուսաստանն այդպես էր ուզում, գ) պարտվողական էր:
1-ին ախմախությանը չենք պատասխանի, քանի որ պետք է Արցախյան խնդիրը վերաշարադրենք, իսկ դա մեկ հոդվածի նյութ չէ: Մի բան կասենք: Արցախյան խնդիրը ո՛չ Լ. Տեր-Պետրոսյանն է հորինել, ո՛չ էլ 88-ին է առաջացել:
2-րդ ախմախությունը տարածում են նիկոլամերձ և դաշնակամերձ շրջանակները, որոնց հիմնական բանուգործը պատերազմից հետո սեփական մեղքերն ուրիշների վրա բարդելն է:
Թեպետ համոզված ենք, որ հայոց առասպելաբանությունը դեռ ավարտուն չէ, սակայն հերթական անգամ պետք է հիշեցնենք փաստերը.
1. Այո՛, 1994 թվականին մենք հաղթանակած դուրս եկանք երկարատև և հյուծող պատերազմից: Հաղթանակն ապահովվեց թե՛ ռազմի դաշտում, թե՛ թիկունքում, թե՛ միջազգային ասպարեզում:
2. 1997 թվականին հայտնի ուժերի հավակնությունների և մեր հանրության մի զգալի հատվածի տհասության պատճառով կորցրինք արժանապատիվ խաղաղության հասնելու ամենալավ հնարավորությունը:
3. Այո՛, հանուն Հայաստանի և Արցախի՝ պետք էր զիջումների գնալ հաղթանակից հետո, այսինքն՝ որպես հաղթող կողմ, որովհետև մեզ հետ հաշվի էին նստում, մեր երկրի ղեկավարերն ունեին և՛ անհրաժեշտ փորձ, և՛ ինտելեկտ հայկական կողմերի համար հնարավոր առավելագույնն ապահովելու համար:
4. Ինչպես ցույց տվեց պարտությունից հետո անցած մեկ տարին, մեզ ստիպելու են ամոթալի զիջումների գնալ, որովհետև պարտված կողմ ենք, որովհետև իշխանությունը, մեղմ ասած, համարժեք չէ:
Ամփոփենք. 90-ականները փորփրելն այսօր մեկ նպատակ կարող է ունենալ՝ սովորել: Հերի՛ք է ինքնահաստատվեք՝ Հայաստանի առաջին նախագահի դեմ պայքարելով: Սովորե՛ք նաև հանուն ձեզ:
Զարուհի Գաբրիելյան
Հ.Գ. Այս տրագիֆարսում ամենահետաքրքիրը նրանց պահվածքն է, ովքեր ժամանակին եղել են Առաջին նախագահի կողքին: Եղել են, լսել են նրան, բայց ոչինչ չեն ընկալել: Սակայն ցմահ բարդույթավորվել են և ամբողջ կյանքում ձգտելու են նրանից ավելի ուժեղ և խելացի երևալ անգամ երկիրը աղետների մեջ գցելու գնով: Եվ սա ախտորոշում է: