...

Լրջագույն հարված խաղաղության փուչիկին

Լրջագույն հարված խաղաղության փուչիկին

Նիկոլ Փաշինյանը կարծես թե մի թեթև նեղացել է Ալիևից։ Նա «վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին» ու ակնհայտորեն նեղված է, որ ինքն այդքան անկեղծորեն ձգտում է խաղաղության, իսկ Ալիևը, պարզվում է, անկեղծ չէ։ 

Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը, երբ գերմանացի զինվորն ավտոմատի խզակոթով խփում է գերի ընկած լոռեցու գլխին ու ասում «շնե՛յլ, շնե՛յլ», իսկ սա շրջվում է ու նեղացած ձայնով դժգոհում՝ «տնաշեն, անկասկա գլխին բա կխփե՞ն»։ Նիկոլ Փաշինյանի նեղացածությունը, ահա, այդ սերիայից է։ Նա դժգոհում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական տարբեր լեզուներով են խոսում», ու թեև 2022-ի հոկտեմբերին Պրահայում և 2023-ի հուլիսին Բրյուսելում իրենք պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը պիտի որոշվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, բայց Ադրբեջանը մոռացել է դա ու էլի «Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է գեներացնում»։ Իսկ ինչո՞ւ է Ալիևը «մոռացել» դա։ Որովհետև երբ Պրահայում և Բրյուսելում նման բան էին պայմանավորվում՝ Արցախում դեռ հայեր էին ապրում, ու իրեն պետք էր, որ Նիկոլը պաշտոնապես Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջան, իսկ հիմա՝ երբ Արցախում արդեն հայեր չկան, Նիկոլի այդ «ճանաչումն» այլևս գրոշի արժեք չունի, հետևաբար՝ կարելի է մոռանալ պայմանավորվածությունների մասին և Հայաստանի նկատմամբ «նոր պահանջներ գեներացնել»։ Այլ կերպ ասած՝ Նիկոլին պարզապես մի մատ երեխայի նման խաբել են ու հիմա երեսին հռհռում են։ Իսկ նա լացակումած ձայնով ինչ-որ մեջբերումներ է անում, ինչ-որ փաստաթղթեր ճոճում ու անգամ «դրամական պարգև» խոստանում՝ հույս ունենալով, թե միջազգային կառույցներն Ալիևին կանչելու են ու ասեն «լավ, էլի, այ տղա, մեծ մարդ ես, չես ամաչո՞ւմ՝ խաբում ես, ամոթն է՛լ լավ բան ա»։ 

Զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ժամանակ առ ժամանակ արձանագրելով, որ Ալիևը ձեռք բերված պայմանավորվածությունների իր բաժինը չի կատարում, միաժամանակ նորանոր պայմանավորվածություններ է առաջարկում, որոնց համաձայն՝ ինչ-որ բան հայկական կողմը պիտի զիջի, ինչ-որ բան՝ ադրբեջանական կողմը։ Լավ իմանալով, որ ինքը զիջելու է, դիմացինը՝ ոչ։ Այնպիսի տպավորություն է, թե նա մազոխիստական հաճույք է ստանում, երբ իրեն «քցում են», ու անընդհատ այդպիսի հաճույքի նոր դոզաներ է փնտրում։ 

Վերջինը նրա՝ «ոտքի վրա» արված այն առաջարկն էր, թե «եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան»։ Մարդը, հասկանում եք, պատրաստ է պայմանագրով Ադրբեջանին թույլ տալ վերահսկել Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը՝ լավ իմանալով, որ Ադրբեջանը դրանից կօգտվի, բայց իր հերթին հայկական կողմին նման թույլտվություն չի տա։ Բայց իրեն դա առանձնապես չի մտահոգում։ Կարևորը՝ հետո կկարողանա դժգոհել, թե տեսեք՝ ինքն անկեղծ էր, իսկ Ադրբեջանը «դաղալ է», իրենք մեր սպառազինությունը վերահսկում են, բայց թույլ չեն տալիս, որ մենք էլ իրենցը վերահսկենք, ո՞ւր է նայում միջազգային հանրությունը․․․ 

Բայց մտահոգվելու կարիք չկա. չէ՞ որ, Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, ինքնիշխանության ու անկախ պետականություն ունենալու մեր վճռականության հիմնական ցուցիչը ՀԴՄ կտրոններ պահանջելն է, իսկ սեփական բանակի վերահսկողությունը թշնամուն հանձնելը՝ հեչ, մանրուք է, որն անկախ պետականությանն ընդհանրապես չի խանգարում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ