Հայաստանում գործող 5-րդ շարասյան հատկապես քոչարյանական թևի ներկայացուցիչներն այս օրերին շատ են ոգևորվել տխրահռչակ Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին արված խայտառակ հայտարարությամբ, որի առաջին տողից մինչև վերջինը ներծծված է Հայաստանի հանդեպ ատելությամբ, արհամարհանքով, վիրավորանքներով, որտեղ հայերը բնութագրվում են իբրև ոչնչացվող ժողովուրդ։
Ի՞նչն է ոգևորել քոչարյանականներին։ Նախ այն, որ ձևական առումով Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունն իբր թե ուղղված էր Հայաստանի գործող իշխանություններին, իսկ Հայաստանի իշխանությանն ուղղված ցանկացած բացասական բան քոչարյանականները ծնծղաներով են ընդունում։
Սակայն պետք է նկատել, որ, ինչպես ասվեց, Մարգարիտա Սիմոնյանի գրառումը միայն ձևական առումով, զուտ խորագրային նշումով էր ուղղված Հայաստանի իշխանությանը, իսկ բուն տեքստային բովանդակության ու հնչերանգային արտահայտչամիջոցների մեջ այն Հայաստանին, հայկական պետությանը, հայոց ինքնությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդին վերաբերող հայտարարություն-գնահատական է։ Ու, ըստ էության, այդ վերին աստիճանի հակահայկական հայտարարությունը շատ է ոգևորել Քոչարյանի կողմնակիցներին (և ոչ միայն նրանց)։
Ըստ ամենայնի, քոչարյանականներին ամենաշատը ոգևորել է Մարգարիտա Սիմոնյանի գրառման մեջ Ռոբերտ Քոչարյանի անվանման հիշատակումն ու Հայաստանի իշխանության հասցեին մեղադրանքը նրան՝ Ռուսաստանի հավատարիմ դաշնակցին, դատելու մասին։
Ահա հենց այս տիրույթում էլ քոչարյանականներն այն մտայնությունն են զարգացնում, թե իբր Մարգարիտա Սիմոնյանի բերանով խոսում է Պուտինը, Կրեմլը, Լավրովը, Պեսկովը, Ռուսաստանի քաղաքական վերնախավը և այլն, և այլն։ Անուններն ու հասցեները հնչեցնում են ըստ իրենց ճաշակի ու անձնային նախասիրությունների։
Օրինակ, ոչ անհայտ քոչարյանական «տապոռային» քարոզիչ Անդրանիկ Թևանյանն ասում է. «Հայազգի հայտնի լրագրող ու ՌԴ քարոզչական ծանր հրետանի Մարգարիտա Սիմոնյանը շատ ուղիղ տեքստով և առանց ձևականությունների ասաց Փաշինյանին այն, ինչի մասին ակնարկում էր Պուտինը և ինչի մասին անուղղակիորեն խոսում էր Լավրովը։ Դրանով Կրեմլից ցույց տվեցին, որ արդեն իրենց չի հետաքրքրում, թե արդյոք Փաշինյանը հետևություններ կանի՞ կամ կվերանայի՞ իր քաղաքականությունը»։
Այս մի հարցը (Մարգարտա Սիմոնյանի հայտարարության ծագումնաբանության ու անձնավորման թեման) «լուծելով»՝ քոչարյանականներն անցնում են հաջորդ «լեյվըլ» ու ասում՝ իսկ դուք գիտե՞ք, որ հայհոյելով ու քննադատելով Մարգարիտա Սիմոնյանին ու նրա գրառումը, դուք հայհոյում եք Պուտինին, Ռուսաստանի իշխանությանը և այլն, և այլն։ Ու հետո ավելացնում են՝ այդպես չի կարելի, դա անթույլատրելի է։
Այսինքն՝ եթե անգամ մի պահ տեսականորեն, հիպոթետիկ ընդունենք, որ Մարգարիտա Սիմոնյանի բերանով խոսում են Պուտինը, Լավրովը, Պեսկովը ու էլ չգիտես ով (ինչը գործնականում դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կա), ապա, ըստ քոչարյանական քարոզիչների պատկերացման ու աշխարհընկալման, չի կարելի նրանց հակադրվել ու հակադարձել, եթե անգամ նրանք ամենավատ ու վիրավորական բաներն ասեն Հայաստանի ու հայ ժողովրդի մասին։
Ահա այսպես մտածող անձանց ազգային, մարդկային, անհատական ինքնասիրության և արժանապատվության մակարդակն ու «որակը»։
Չնայած, ինչո՞ւ ենք զարմանում. «սատարում փողի դիմաց» ծրագրի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին աջակցողներից ու նրա «աջարակիցներից» հազիվ էլ այդ մակարդակն ու «որակը» լինի։
Համլետ Կիրակոսյան