Armlur.am-ը հայտնում է, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս օրերին ելքեր է փնտրում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացման համար: Բանն այն է, որ այդ ընտրությունների կայացման համար նախ պետք է խորհրդարանը «ցրվի» ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական ներկայացնի:
Իշխանությունները մինչև այս բանակցում էին, որ վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանական խմբակցության անդամներից ոչ ոք չառաջադրի թեկնածու, ինչի հիման վրա ԱԺ-ն կլուծարվի, իսկ դրանից հետո կլինեն ԱԺ արտահերթ ընտրությունները:
Սակայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետի հրաժարականից հետո ինքն անպայման առաջադրվելու է: Ինչի համար էլ հայրենի իշխանությունը ձևեր է փնտրում խորհրդարանը ցրելու ու ընտրություններ իրականացնելու համար:
«ՉԻ». Մենք էլ ասում ենք, էս ինչի՞ է Էդմոն Մարուքյանը կպած հայտարարում, թե առաջադրվելու է վարչապետի թեկնածու:
Փաստորեն, ոչ թե նրա համար, որ ցանկանում է վարչապետ դառնալ, այլ որ խորհրդարանը չլուծարվի: Ի դեպ, խելամիտ քայլ է: Մարդ ես, մեկ էլ տեսար, խորհրդարանը լուծարվեց, արտահերթ ընտրություններ նշանակվեցին ու հանկարծ «Լուսավորը» դուրս մնաց խորհրդարանից:
Բա դա պե՞տք է իրենց: Հազիվ խորհրդարանում են, մանդատ ունեն, ինչի՞ իշխանությունների պատճառով զրկվեն դրանցից:
Դրա համար էլ իշխանությունները փորձում են խորհրդարանի լուծարման «շրջանցիկ» ճանապարհներ գտնել: