ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրջանալու պահն էր ընդգծում դեռ 1997թ. աշնանը՝ հաղթանակից հետո: Սակայն մենք լրջանալու նշաններ ցույց չենք տալիս անգամ հիմա՝ 2021-ի ամառնամուտին՝ խայտառակ պարտությունից մոտ 7 ամիս անց:
Այնինչ պետք էր: Եվ անհրաժեշտ է:
Ընդ որում, սա վերաբերում է բոլորիս՝ անկախ մեր քաղաքական կամ ապաքաղաքական նախընտրություններից, անկախ նրանից, թե որ ճամբարում ենք: Որովհետև բոլորս մեկ երկրում ենք, և մեր երկիրը վտանգված է ծայրահեղորեն: Կարծում ենք՝ կարիք կա կրկին հիշեցնելու, որ մեզ պատուհասած աղետի արմատները 23-ամյա անլրջության, թեթևսոլիկության հետևանք են: Անշուշտ, աներկբա է, որ անլրջության, թեթևսոլիկության, անմեղսունակության խտացված կերպարը Նիկոլ Փաշինյանն է, նրա թիմակիցներն են: Բայց կար նախապատրաստական երկարատև շրջան, մի շրջան, որ հնարավոր դարձրեց այսպիսի իշխանության, ավելի ճիշտ՝ չիշխանության ձևավորումը: Ահա այդ շրջանի շեշտադրումներն են ընկած ուսապարկերի դեմագոգիայի հիմքում, այդ շրջանի շեշտադրումներն են այսօր օգտագործում նաև նրանց ընդդիմացողները: Թվարկենք գլխավորները.
1. հաղթանակի սեփականաշնորհում և շահագործում
2. նախորդ շրջանի ձեռքբերումների մերժում
3. քաղաքական հակառակորդի դեմոնիզացիա
Սկսենք առաջինից: 1997-98թթ. սկսած՝ իշխանության եկած «նոր» ուժերը՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և արբանյակները, ամեն ինչ արեցին Արցախյան առաջին պատերազմի հաղթանակն իրենցով անելու, ՀՀ առաջին նախագահի և նրա հետ իշխանությունից հեռացած թիմի ավանդը հասարակության հիշողությունից ջնջելու համար: Նրանք նպաստեցին, որ հաղթական պատերազմի տարիները հայկական չափազանց «ազատ» մամուլի թեթև ձեռքով և հայ ազգայնական մտավորականության գործուն աջակցությամբ հորջորջվեն «ցրտի ու մթի»: Նրանք ամեն ինչ արեցին, որ փոխզիջումների միջոցով արժանապատիվ խաղաղության հասնելու, Արցախն ու Հայաստանը անվտանգ պահելու ծրագիրը համարվի պարտվողական: Եվ վերջապես, բացարձակացնելով, թմբկահարելով հաղթանակը՝ արժեզրկեցին այն: Այսպես կոչված ազգային գաղափարախոսության (ի դեպ, սա մինչ օրս սահմանում չունի, ձևակերպված չէ) թունդ քարոզիչներն իրենց դատարկաբանությամբ արժեզրկեցին պետականության գաղափարը, Հայաստանն ու Արցախը:
2-րդ: 1998-ից իշխանության եկած ուժերը, սրբագրելով իրենց իսկ իշխանական անցյալը, երկրի բոլոր դժվարությունների համար մեղավոր նշանակեցին նախորդներին: Կրկնենք՝ նպատակը մեկն էր՝ ջնջել անկախ Հայաստանի առաջին նախագահի և նրա թիմակիցների ավանդը: Ազգային ժողովի ամբիոնից, մամուլում և հեռուստատեսությամբ տարածվում էին բացարձակ ստեր: Ի՜նչ արժեր միայն մազութը լափելու մասին երկարուձիգ «մուղամը», մանավանդ երբ հենց իրենց ԱԺ-ում իրենց ստեղծած հանձնաժողովը հանցակազմ չգտավ: Փուչիկ էր: Բայց գործն արված էր: Արված էր նաև լեզվական մակարդակով, որովհետև նախորդ իշխանության մասին խոսելիս մեր այն ժամանակվա վերլուծագանգերի մեծամասնությունը գործածում էր հետևյալ բառակապակցությունը՝ «նախորդ հանցավոր ռեժիմ»: Ցավոք, սա միայն պրոպագանդա չէր: Ցավոք, սա հարված էր Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը: Բայց ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ առավել ևս թեթևսոլիկ ջահել արբանյակները սա չէին գիտակցում: Պետականությունը ժառանգականություն է սիրում: Պետականությունը հնարավոր չէ ամրապնդել «քանդենք, նորը կառուցենք» տխմար կարգախոսով (ռուսերեն՝ Сотрем- начнем сначала!): Բնական էր, որ 20-ամյա այսպիսի քարոզից հետո պետք է գար մեկը և ասեր, որ 30 տարի ոչինչ չի եղել, որ ինքը հիմա կսկսի իր կետից, որ ամեն ինչում մեղավոր են նախկինները:
3. Քաղաքական հակառակորդի կամ անձի դեմոնիզացիային հանգամանորեն անդրադարձել ենք դեռևս 2020-ի հոկտեմբերի 31-ին՝ «Անձը թիրախավորելով արժեզրկել են գործն ու գաղափարը» հոդվածում, ուստի ընդհանրացնելով ասենք, որ այս երևույթը հետագայում խանգարել է հենց իրենց՝ դեմոնացնողներին, որովհետև ա) նույն ճակատագրին են արժանացել, բ) չեն կարողացել օգտագործել այն ռացիոնալը, բանականը, որ պետք էր երկրին:
Ամփոփենք: Առաջիկայում, ըստ երևույթին, ընտրություններ են լինելու: Ով ասես արդեն հայտնվել է ասպարեզում՝ սկսած բացահայտ ծաղրածուներից, վերջացրած կրիմինալով: Լուրջ, ռացիոնալ, բանական ուժի համար շատ դժվար է լինելու, որովհետև ընտրողների մի զգալի հատված բացարձակապես չի գիտակցում, թե երկիրն ինչ վիճակում է հայտնվել, ինչու և ում պատճառով: Ընտրողներից ավելի անլուրջ են իրենց քաղաքական էլիտա համարող խմբերը: Եվ վերջում. թեպետ գրում ենք 1,5 էջանոց հոդված, քաջ գիտակցում ենք, որ լրատվության հայ սպառողների ճնշող մեծամասնությունը մեկ-երկու տողանոց ցիտատներից ավելին չի մարսում...
Զարուհի Գաբրիելյան
(շարունակելի)