...

Մեղադրյալի հիշողության կորուստն ակնհայտ է

Մեղադրյալի հիշողության կորուստն ակնհայտ է

Օրեր առաջ «Sputnik Արմենիան» մեղադրյալ Քոչարյանի ստորագրությամբ մի շատ ծավալուն տեքստ էր հրապարակել, որտեղ Քոչարյանն անդրադարձել է միջազգային, տարածաշրջանային և երկրում տիրող իրավիճակի մասին։ 

Ահա այսպես։ Քոչարյանը ղարաբաղյան կարգավորման արդի փուլի մասին ասում է․«Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի` պետությունների տարածքային ամբողջականության հարթություն»:  

Այո, այո, մի զարմացեք, այս տողերի հեղինակը Քոչարյանն է։ Այն, որ Փաշինյանի որոշ հայտարարություններ Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նույնիսկ պոպուլիզմի տարրեր են պարունակում, ակնհայտ է։ Իհարկե, սա այլ խոսակցության թեմա է։ Մեկուսարանում Քոչարյանի հիշողության հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, բայց հանրությունը լավ է հիշում, թե ինչպես նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից և հակամարտության լուծումը տարավ փակուղի։ Այսինքն՝ Ղարաբաղը մասնակցում էր բանակցային գործըթացին որպես հակամարտող կողմ և որպես ինքնորոշվող սուբյեկտ, միջազգային իրավական կարգավիճակ ուներ։ Իսկ միջազգային իրավունքի ինքնորոշման սկզբունքը հավասարակշիռ է միջազգային իրավունքի մեկ այլ՝ տարածքային ամբողջականության սկզբունքին, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի փայլուն արտաքին քաղաքականության արդյունքն էր։ 

Իսկ Ղարաբաղի ճակատագրով մտահոգ Քոչարյանն ինչ արեց, Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից և վերածեց երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի։ Եվ երբ 1996 թվականին ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովում ներկայացված բանաձևում առաջարկվում էր որպես Արցախի խնդրի կարգավորման հիմք ամրագրել նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է կիրառում` դեմ արտահայտվելով տվյալ սկզբունքի ընդունմանը: Իսկ 1998թ. նախագահի աթոռը զբաղեցրեց Քոչարյանը, և  քիչ ժամանակ անց Ստամբուլում ստորագրեց այն խարտիան, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի ներքին գործ։  

Այնպես որ՝ վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը չէ որ բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի` պետությունների տարածքային ամբողջականության հարթություն և բանակցություններում մեր դիրքերը թուլացրեց։ Մեղադրյալ Քոչարյանը դա արել է դեռ քսան տարի առաջ։ Իսկ հիմա Քոչարյանն անհաջող փորձ է անում իր կոպիտ սխալները վերագրել Նիկոլ Փաշինյանին։ Տեքստին, որ ոսկեղենիկ հայերենով խմբագրել են ու ներկայացնում են հանրությանը, ինչը հեռու է Քոչարյանի բառապաշարից, գոնե խմբագիրը պիտի ուշադիր լիներ, որ վերջում նման անհեթեթ բան չստացվեր։ Թե հիմա նիկոլ Փաշինյանին կհաջողվի Ղարաբաղին վերադարձնել բանակցությունների լիիրավ կողմ լինելուն, դա արդեն ժամանակը ցույց կտա։ 

Մեկուսարանում գտնվող Քոչարյանը մտահոգ է նաև, որ հասարակությունը ծվատված է հակասություններով և երբեք այդպիսին չի եղել։  Հասարակությունն ամենևին էլ ծվատված չէ: Եթե իրեն համոզել են մի քանի պիցցայակերներ կամ էլ իր վաղեմի բարեկամ դաշնակները, որոնց ինքը նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո բանտերից ազատել է իրավիճակի փոփոխության պատճառաբանությամբ, հիմա էլ այդ նույն դաշնակներն իրենք են ուզում Քոչարյանին ազատության մեջ տեսնել և անհեթեթ պատճառներով բողոքի ակցիաներ են կազմակերպում։

Ամենայն հավանականությամբ Քոչարյանին էլ համոզում են, թե հասարակությունը ծվատված է, և իշխանափոխությունը սարերի հետևում չէ, իրեն էլ նորից նախագահ են դարձնելու։ Էյֆորիա։ Քոչարյանի կողմնակիցների՝ մարզերում կազմակերպած ստորագրահավաքը ի պաշտպանություն իրենց տիրոջը, դարձյալ գալիս է ապացուցելու, որ հասարակությունը միասնական մերժում է Քոչարյանին։ Այո, հասարակությունում իշխանություններից դժգոհություն կա միայն այն պատճառով, որ նախկիններն իրենց արժանի քաղաքական գնահատականը չեն ստացել և շատ ժամանակ օրակարգ են թելադրում, իշխանություններն էլ կարծես թե արդարացումներ են փնտրում։ Անընդունելի է, որ լեգիտիմ իշխանությունը օրակարգ թելադրող չէ, ինչը կարող է իշխանության վարկանիշի կորստի պատճառ դառնալ։ Իշխանությունները մտածելու բան ունեն։ Իսկ Քոչարյանը շատ ուշ է սկսել մտածել հասարակությունը համախմբելու մասին։ Մի փոքր էլ, որ իրեն նեղություն տա և վերհիշի իր ղեկավարման տարիները, ինչը հասարակությունը շատ լավ է հիշում, այլևս «հասարակություն» բառը բառապաշարում չի ունենա։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ