...

Ռեֆերենտի սիրտը ուժեղ ձեռքի կարոտ ա

Ռեֆերենտի սիրտը ուժեղ ձեռքի կարոտ ա

Մեղադրյալ Քոչարյանին աջակցող «Այլընտրանքային նախագծեր խումբ» շարժման հիմնադիրներից Վահե Հովհաննիսյանը վերլուծական է հրապարակել: Վերլուծականում ասում է, որ ցանկացած հարց հասարակությանը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին: Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Եվ այս բոլորի մեղավորը իշխանություններն են: Մտահոգ ներկայիս ստեղծված իրավիճակով, բնականաբար վարկաբեկելով ներկա իշխանությանը` երկնել է «սոլիդ» իշխանության գաղափարը:

Այնուհետև: Եթե սոլիդ իշխանության ձևավորման փուլը երկարելու է, և այսօրվա իշխանության սոլիդ շրջանակները և իշխանությունից դուրս գտնվող սոլիդ շրջանակները չեն գտնելու տարբերակը՝ միասնական սոլիդ իշխանության ձևավորման, ապա Հայաստանին որոշ ժամանակ անց ոչինչ չի մնում, քան «ուժեղ ձեռքի իշխանությունը»։ Կազմաքանդումը լինելու է այնքան խորը, և ներքին ու արտաքին ռիսկերը լինելու են այնքան ռեալ, որ հասարակության բոլոր շերտերի կոնսոլիդացված պահանջն է լինելու «ուժեղ ձեռքը»։ Ձեռք, որը ստիպված է լինելու միառժամանակ սառեցնելու ժողովրդավարական նորմերը՝ կասեցնելու համար թշնամու հարձակումը, տնտեսության կոլապսը, ներքին ընդհարումները և այլն։ Այսպես է ավարտել Քոչարյանի վերլուծաբանն իր «հանճարեղության» հասնող վերլուծությունը:

Մինչդեռ, պատգամավոր Թունյանի հարևան անգրագետ Պողոսն էլ եթե կարդա վերլուծությունը, կհասկանա, թե վերլուծաբանն ի՞նչ է ուզում: Սկսենք վերջից: Իհարկե, մենք տեսել ենք այդ «ուժեղ ձեռքը»։ Իհարկե, ոչ ստալինյան ժամանակների: Բոլորիս է հայտնի, որ արտաքին ռիսկը Ղարաբաղի չլուծված կոնֆլիկտն է, որ եթե խաղաղություն չենք ուզում, այլընտրանքը պատերազմն է: Իսկ Ղարաբաղի կոնֆլիկտը Քոչարյանն է տարել փակուղի՝ Ղարաբաղը դուրս մղելով բանակցային գործընթացից: Քոչարյանի ղեկավարման տարիներին քարոզչամեքենան հայտարարում էր, որ շրջափակման պայմաններում հարյուր տարի էլ կարող ենք տնտեսություն զարգացնել և ոչ մի բառ չէին ասում թշնամու հարձակման մասին, դե իսկ ներքին ընդհարումների մասին խոսք լինել չէր կարող. «ուժեղ  ձեռքը» կար, հեչ որ չլիներ, անզգույշ կքաշքշեին։

Իշխանությունները պիտի զգույշ լինեն, վերլուծաբանը խորը կազմաքանդումից է խոսում: Իշխանությունների համար պիտի դաս լինի 1998թ. և պիտի հիշեն, որ ուժային կառույցներն իրենց ստեղծածներն են:

Այստեղ մենք կարճ ենք կապում և անցնում առաջ: Այն ինչ-որ թվարկել է Քոչարյանի վերլուծաբանը, ինքն էլ գիտի, որ իշխանությունը ժառանգություն է ստացել նախկիններից: Ամուլսարի պայմանագիրը կնքել են նախկին իշխանությունները, Արցախի հարցը նույնպես քսան տարի փակուղում է եղել, իսկ մարտի մեկի մասին Քոչարյանի վերլուծաբանը պարզապես պիտի լռեր, ինչը պարկեշտության պահանջ է, Երևանում աղբի հարց չկա, կա սաբոտաժ, որ վարկաբեկեն իշխանություններին: Իսկ դատավարությունների մասին խոսելիս վերլուծաբանը պիտի հիշեր Մարտի մեկի դատավարությունները, որ հարյուրավոր ընդդդիմադիրներ շինծու գործերով բանտերում էին, որ ընդիմադիրներից շատերին արդարացրել է նաև ՄԻԵԴ-ը, դատավարություններից հիշեր Քոչարյանի Կուկի դատը և էլի շատ դատավարություններ: Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսելը նույնպես իմաստ չունի, և թուղթը ստորագրել են նախկինները: Հասարակությունն արդեն քսան տարի է՝ բաժանված է: Այո, սոլիդ իշխանություն կարելի է, իշխանության ներսի և դրսի այն ուժերի հետ, ովքեր մասնակից չեն եղել թալանին և պայքարել են նախկինների դեմ: Հեղափոխությունից մեկուկես տարի անց եթե Քոչարյանի վերլուծաբանը խոսում է խորը կազմաքանդումից, ներքին ու արտաքին խորը ռիսկերից, իշխանությունները գոնե մեկուկես տարի անց պիտի սթափվեն և շուտափույթ իրականացնեն դատական իշխանության բարեփոխումները: Ռևանշի վտանգը ամեն վայրկյան կարող է լինել, ինչը կործանարար է լինելու թե՛ պետության, թե՛ հասարակության համար: Իսկ այսօր սկսվեց Դարի դատավարությունը:

Խմբ. Վահե Հովհաննիսյանը 2000-2006թթ. եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը: Կարոտած կլինի:

Ջավահիր Այվազյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6555 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ