...

Մեղավորն առնվազն պետք է հեռանար

Մեղավորն առնվազն պետք է հեռանար

Ջահերով երթն անցավ «Զարթի՛ր, լա՛ո» երգի ուղեկցությամբ։ Ինչպե՞ս և ինչո՞ւ այն կրկին արդիական դարձավ։ Ինչպե՞ս և ինչո՞ւ հարատևեցին ազգակործան միֆերը, և մենք կանգնեցինք երկիր կորցնելու շեմին։ Դժվար, տարողունակ խոսակցություն է։ Ուստի անդրադառնանք մեր քաղաքական պատմության մեկ ասպեկտին՝ առաջնորդի կամ կուսակցության ապաշխարանքին։ 

20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում մի դաշինք էր ձևավորվել, որի գործունեության արդյունքը երիտթուրքական հեղափոխությունն էր։ Ինչպես արդեն հասկացաք, դաշինքը հայ-թուրքական էր, ավելի ստույգ՝ սուլթանի դեմ միասնական պայքար էին մղում դաշնակցականները և երիտթուրքերը։ 1908-ին նրանք միասին էին ողողել Պոլսի փողոցները՝ «Մենք բոլորս օսմանցի ենք» պաստառները ձեռքներին։ Այո՛, հայերեն պաստառներ էլ կային։ Ճիշտ է, հետագայում ՀՅԴ-ականները պնդելու էին, թե խաբվել էին, թուրքերն իրենց խաբել էին։ 

Առաջին աշխարհամարտի սկզբին զուգահեռ ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովը որոշում է, «թէ արեւմտահայութիւնը չպէտք է ապստամբւի, պատերազմի ընթացքում յատուկ ազգային խնդիր չպէտք է յարուցանի, իր վրայ ընկնող բոլոր քաղաքացիական պարտականութիւնները պէտք է կատարի, բարեխիղճ, համբերող եւ պարտաճանաչ պէտք է լինի Թուրքիոյ եւ թուրքերի հանդէպ»։ Հայ կուսակցականները որոշում են, որ մենք չպետք է խուսափենք թուրքական բանակին զինվոր տալուց, սակայն․․․ ռուսների դեմ զենք չպետք է վերցնենք։ Սրա հետևանքն այն էր, որ թուրքերը ծրագրված անցկացրին Ցեղասպանության առաջին փուլը՝ բանակ զորակոչելով և հազարներով ոչնչացնելով հայ երիտասարդ տղամարդկանց։ Այս հրեշավոր լուրերն արագ էին տարածվում, սակայն դաշնակցականները, հավատարիմ իրենց որոշմանը, մատնում էին հավաքագրումից խուսափողների տեղը․․․

Մի բան էլ նշենք․ հայ կուսակցականները, մտավորականության մեծ մասը, մեծահարուստները և՛ չզգացին վտանգի ահռելի չափը, և՛ ոչինչ չարեցին հայ բնակչությանը գոնե զենքով ապահովելու համար։

1918-1920 թ․թ․ մեր առաջին հանրապետության կառավարության գործունեության սխալների մասին շատ է գրվել, այստեղ չենք անդրադառնա։
Պատմական այս սեղմ տեղեկանքը նրա համար չէ, որ Ցեղասպանության մեղքը բարդենք մերոնց վրա։ Ո՛չ, իհարկե։ Սա գրում ենք մեկ նպատակով։ Ուզում ենք ցույց տալ, որ բազում սխալներ թույլ տված քաղաքական ուժը երբեք ու երբեք չի ապաշխարել, չի վերլուծել սեփական սխալները (օր․՝ 1918-20թթ․ «ոչմիթիզականությունը»), չի վերագնահատել իր դերը, չի հասկացել, որ հայկական պետականության շահը կուսակցական «գաղափարներից» վեր է։

Ցավոք, նույնպիսի վիճակում ենք այսօր։

Նիկոլ Փաշինյանի կործանարար, փանջունիական գործունեությունը 2022 թվականի ապրիլին կրկին արդիական դարձրեց «Զարթի՛ր, լա՛ոն», հնարավորություն տվեց, որ Չավուշօղլուն Վենեսուելայի հայերին ցույց տա «գորշ գայլերի» նշանը։ Սա չէր կարող լինել մինչև 2020-ի ջախջախիչ պարտությունը, որի հիմնական պատճառը ՀՀ ներկայիս վարչապետի անմեղսունակ, փառամոլ վարքն էր թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում։ 

Իսկ պատերազմից հետո ո՛չ նա, ո՛չ նրա թիմակիցների մեծ մասը, ո՛չ էլ հարակից սազանդարները ապաշխարելու քաջություն չունեցան։ Ընդգծենք՝ զղջումը բառերով չի լինում։ Ձախողված, երկիրը անդունդը նետած քաղաքական ուժը, դրա ղեկավարը առնվազն պետք է հրաժարական տային և թողնեին քաղաքական ասպարեզն ընդմիշտ։ Սակայն տեսնում ենք ճիշտ հակառակը։ Նրանք շարունակում են «մուրճ» ճոճել և «միջազգային հանրությանը» խաղաղության օրակարգ խոստանալ՝ դրանով ծաղրի ենթարկելով թե՛ խաղաղության գաղափարը, թե՛ ամբողջ երկիրը։ 

Զարուհի Գաբրիելյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1566 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ