...

Մեղվաբույծները հեղափոխական քայլեր են պահանջում

Մեղվաբույծները հեղափոխական քայլեր են պահանջում

Մեղրից գոհ չեն

Բերքահավաքի եռուն շրջանում շուտով հերթը ամենաքաղցր բերքինն է: Մոտ 10 օրից՝ մեղվաբույծները մեղրաքամ կանեն:

Այս տարվա մեղրից, սակայն, գոհ չեն: Բերքատվության ցուցանիշը միջինից էլ ցածր է:

Նախնական տվյալներով՝ 150 տոննա մեղր կստանանք: Մեղվաբույծների միության նախագահ Արմեն Նազարյանի խոսքով՝ հանրապետության ամբողջ տարածքից 250 տոննա մեղր է հավաքվում, բայց այս տարի պակաս է:

Ժրաջան մեղուն այս սեզոնին էլ աշխուժորեն իր գործն արել է, բայց խանգարող հանգամանքներ են եղել:

Եղանակային պայմաններն անհաջող էին: Գարնանային անձրևները փոշոտմանը խոչընդոտեցին: Բայց սա միակ պատճառը չէր: Կորոնավիրուսը ևս իր բացասական հետևանքներն է ունեցել:

«Սահմանափակումների պատճառով, երբ մարզերում անցկակետեր էին դրված, չկարողացան մեղվափեթակների տեղափոխում անել: Մեղվաբույծները պետք է ամեն օր գնային մեղվանոցներ, բայց դժվարությամբ են գնացել՝ նորմալ խնամել չեն կարողացել: Ճանապարհները փակ էին, դրսից չկարողացանք դեղամիջոցներ ստանալ, շատ սակավ էր, որակյալ դեղամիջոցների կարիք կար, ուզած-չուզած հին դեղամիջոցներից օգտվեցինք, որոնք արդյունավետ չեղան: Դրա համար բերքը շատ չէ»,- «ՉԻ»-ի հետ զրույցում պարզաբանեց նա:

Անկում է եղել

Տարին մեղվի համար անհաջող էր հենց սկզբից: Արմավիրի մարզի մի քանի համայնքներում մեղուների զանգվածային անկում եղավ: Հետո պարզվեց, որ անկման պատճառը թունաքիմիկատներն են:

Մեղվաբույծների միության նախագահն արձանագրում է, որ անկումը միայն Արմավիրի մարզում է եղել, այլ տարածքներում դեպքեր չեն գրանցվել:

Նրա դիտարկմամբ՝ այս հարցը պետք է պետական մակարդակով լուծվի: Մասնագիտական խումբ ձևավորվի և հաստատվի օգտագործվող թունաքիմիկատների ցանկը, որ ո՛չ մեղուները վնասվեն, ո՛չ էլ բերքատվությունը տուժի:

«Մեղվի փոշոտումն ավելի մեծ էֆեկտ է տալիս, քան քիմիկատների օգտագործումը: Բայց արտադրողները նախընտրում են, որ բերքն ավելի սիրուն լինի, դրա համար թունաքիմիկատներ են տալիս, սակայն, վերջում դա վնասում է մեղուներին, իսկ բերքը քանակությամբ ավելի քիչ է լինում քան, եթե թողնեն, որ մեղուները փոշոտում անեն»,- նկատեց մասնագետը:

Ասում է՝ խնդիրը ոչ միայն մեզ մոտ է: Նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունում մեղուների մոտ 45 տոկոս անկում է գրանցվել՝ կրկին թունաքիմիկատների պատճառով: Այս տարի էլ է ՌԴ-ում մեղուների մեծ թվով անկում եղել:

«Չնչին տոկոս է կազմել թունաքիմիկատների պատճառով մեղուների անկումը: Թունաքիմիկատների պատճառով մեղուների մոտ 7 տոկոս անկում է եղել: Բայց ամեն մի մեղուն էլ մեզ համար թիվ է»,- հավելեց մեղվաբույծը:

Բանի տեղ դնող չկա

Մեղվաբուծությունն ուշադրությունից դուրս է մնացել: Պետության կողմից որևէ ծրագիր գյուղատնեսության այս ճյուղին չի ուղղվել՝ նկատում է Մեղվաբույծների միության նախագահը:

«Մեր մեղվաբույծները ոչ մի աջակցություն չեն ստացել: Այն մարդիկ, ովքեր ՍՊԸ-ներ և կոոպերատիվներ ունեն, նույնպես որևէ վարկային արտոնությունից չօգտվեցին»,- նշեց նա:

Թափանցիկություն է պետք

Արմեն Նազարյանի կարծիքով՝ պետությունը պետք է շահագրգռի մեղվաբույծներին, որ քաղցր համով բիզնեսը զարգանա:

Որպեսզի քաղցրահամ գործը նաև փողաբեր լինի, մեղվաբույծները ստիպված կեղծումներ են անում: Մեղվաբույծի խոսքով՝ շահույթ կարող են ստանալ, եթե ստացած բերքի արժեքը որոշվի որակով:

Մաքուր աշխատելու համար, ըստ Նազարյանի, այս ոլորտը նույնպես հեղափոխական ծրագրեր է պահանջում: Ասում է՝ պետք է վերահսկողություն լինի, որ շուկայում մաքուր ու շաքարով պատրաստված մեղրն իրարից տարբերվեն:

«Ժամանակին մշակել էինք պլան, որ մեղրի գինը տարբեր լինի՝ կախված որակից: Գինը և որակը պետք է իրար հետ համահունչ լինեն: Մեղրը պետք է ունենա և՛ շատ ցածր, և՛ շատ բարձր գին: Շատ մեղվաբույծներ, որոնք կեղծիքներով էին քանակ ստանում, իրենց դա ձեռք չէր տալիս: Մեկը շաքար է տալիս, ստանում շատ մեղր և անարատի անվան տակ վաճառում, փող աշխատում: Մյուսն էլ մաքուր է պահում, ստանում քիչ քանակ, վաճառում նույն գնով և մտածում գործը փոխելու մասին»,- մատնանշեց նա:

Մեղվաբույծների միության նախագահն ընդգծում է՝ մեղրի բիզնեսը թափանցիկ աշխատելու ժամանակն է, անհրաժեշտ է պետության կողմից վերահսկողություն սահմանել, որ գործում չարաշահումներ անողներն ու մաքուր աշխատողները նույն գնով ապրանքը չվաճառեն:

«Խանութում վաճառվող մեղրի վրա գրում են շատ բարձր ցուցանիշներ: Մի փոքր քանակի մաքուր մեղր են ճարում, տանում լաբորատորիա, թուղթ են վերցնում, բայց լրիվ այլ բան են լցնում բանկան և մաքուրի անվան տակ վաճառում: Միշտ այդ տվյալները և մեղրը չեն համապատասխանում իրար: Մաքուրն ու կեղծը նույն գնի տակ է վաճառվում: Այս խնդիրը պետք է վերացնել»,- կարևորեց մեղվաբույծը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1169 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ