...

Մենակը մենք ենք․ ինչո՞ւ

Մենակը մենք ենք․ ինչո՞ւ

Երբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մտավ վճռական մենակի դերի մեջ, աշխուժացան սոցցանցերի հայ օգտատերերը։ Հիմնականում չարախնդում էին, թե տեսա՞ք, որ Արևմուտքը բոլորին անտեր է թողնում, թե մեզ էլ մենակ թողեցին, բա՛, հիմա էլ դո՛ւք կերեք դրանց եփած բորշչը։ Սակայն տեղեկացնենք մեր ուկրաինագետներին, որ այդ երկրի տարածքը 603 549 քառակուսի կմ է, իսկ բնակչությունը՝ մոտ 42 մլն։ Ընդգծենք, որ Արևմուտքը, բացի այդ երկիրը մինչև ատամները զինելուց, նաև տնտեսական և քաղաքական մեծ ճնշումներ է գործադրում Ռուսաստանի դեմ։ Ուրեմն պրն Զելենսկին մի քիչ կեղծում էր․ Ուկրաինան մենակ չէ։ Ուկրաինացիները լավ զինված են և կռվել գիտեն։ 

Մենակը իրականում մենք էինք և ենք։ Եվ ոչ թե որովհետև Արևմուտքը, Ռուսաստանը կամ այլմոլորակայինները դավաճաններ են, այլ հենց մենք չհասկացանք, թե ինչ պետք է անել։ Իսկ չհասկացանք, քանի որ անգամ սեփական աչքերով տեսած պատմությունը չգիտենք, ավելին՝ կեղծում ենք։ 

Հիմա դարձյալ, սիրելի՛ ընթերցողներ, վերադառնալու ենք 90-ականների սկիզբ։ Մի՛ զարմացեք։ Այն ժամանակվա և այսօրվա իրադրությունները որքան էլ տարբեր են, սակայն ունեն սկզբունքային նմանություններ։ Դրանցից ամենակարևորը կայսրությունների (կամ կայսրության) փլուզման գործընթացն է։ Ընդգծենք նաև, որ մենք պետք է լավ սերտած լինեինք Արցախյան առաջին պատերազմի, անկախ Հայաստանի կայացման պատմությունը՝ որպես դասագրքային նյութ։ Պետք է տեսնեինք, որ մեր փրկության (այո՛, փրկության, որովհետև փոքրիկ, երկրաշարժի աղետից և ռազմական բախումներից քայքայված, տնտեսական կապերից զրկված, շրջափակված Հայաստանը կարող էր ջնջվել մոլորակի երեսից կամ մնալ կայսրության փլատակների տակ) և հաղթանակի հիմքում ընկած էր այն ժամանակվա իշխանությունների մտածված, արկածախնդրությունից հեռու, գրեթե ոսկերչական քաղաքականությունը։

Բերենք միայն մեկ օրինակ։ Թեպետ այն ժամանակ էլ Հայաստանն առանձնապես աջակիցներ չուներ, ոչ մի երկիր կամ բևեռ մեր երկիրը ագրեսոր չհայտարարեց։ Հատուկ Նիկոլ Փաշինյանի համար ընդգծենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, պատերազմի թեժ օրերին եղավ հետևյալը․ «1992թ. ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության աջակցության ակտ» (Freedom Support Act) օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու ժողովրդավարական կառավարման մոդել և ազատական տնտեսություն։ Հայաստանի համար այս ծանր ժամանակաշրջանում, երբ թեժ մարտեր էին ընթանում Լեռնային Ղարաբաղում, հայ համայնքի և հայամետ լոբբիստների ակտիվ ջանքերի շնորհիվ «Ազատության Աջակցության Ակտ»-ի տեքստում ներառվեց 907-րդ բանաձևը կամ հոդվածը (Section 907), որն արգելում էր ամերիկյան կառավարությանը «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է անում վերացնելու [Հայաստանի] շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»: Բանաձևի նախաձեռնողը դեմոկրատ կոնգրեսական, հետագայում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ջոն Քերրին էր, իսկ դրա ընդունմանը կողմ են քվեարկել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են սենատոր Ջոն ՄաքՔեյնը և հետագայում ԱՄՆ փոխնախագահներ դարձած Ջո Բայդենը և Ալբերտ Գորը»։ Իհարկե, մեկ ճշգրտում պետք է անել։ Հայ համայնքը և հայ լոբբիստները նման հաջողություն չէին արձանագրի, եթե մեր պետության ղեկին լինեին անմեղսունակ անգետներ կամ կոռումպացված ազգայնականներ։ Նշենք նաև, որ բանաձևը ժամանակավորապես չեղարկվեց 2001 թ․-ին (ջերմ ողջույններ Ռոբերտ Քոչարյանին)։ 

Մի բան էլ ընդգծենք․ Հայաստանն այն ժամանակ ո՛չ ռուսատյաց էր, ո՛չ էլ Արևմուտքին էր անիծում։ Հայաստանն ուներ իր հստակ նպատակները, և դրսում մեզ հարգանքով էին վերաբերվում։ 

Հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ 2020-ի պատերազմի ժամանակ ոչ մի երկիր չդատապարտեց ադրբեջանական ագրեսիան, ինչո՞ւ թշնամին մարսեց ահաբեկիչների ջոկատներն ու ֆոսֆորային ռումբերը։ Ինչո՞ւ ոչ միայն մենակ մնացինք, այլև դրսևորեցինք բացառիկ բթամտություն հենց պատերազմի ժամանակ, խոսքս քաղաքականի մասին է։ Բանակին չենք դիպչում։

Բացատրենք․ որովհետև մեր իշխանություններին, սկսած Ռոբերտ Քոչարյանից մինչև Նիկոլ Փաշինյան, թվում էր, թե գավառական ճարպկությամբ կարող են պլստալ աշխարհիս հզորների ձեռքից։ Նրանք չհասկացան, որ արցախյան խնդիրը «սեփական կետից» չի լուծվելու, ինչպես հիմա չեն հասկանում, թե ինչ վնաս են տվել մեր պետությանը, որովհետև պետության արժեքն էլ չեն հասկանում։

Եվ հիմա մի՛ զարմացեք, որ Թուրքիան և անգամ Ադրբեջանը գործոն են համաշխարհային մեծ բախման մեջ, իսկ մենք պետք է գոյատևման հարց լուծենք։ 

Եվ վերջում, եթե ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը այս ծանր օրերին ընդունակ չեն սեփական մանր-մունր շահերը մի կողմ դնելու հանուն հայոց անկախ պետության, դա պետք է անի հասարակության մտածող հատվածը։ Լռելու, չգործելու իրավունք չունենք։

Զարուհի Գաբրիելյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2149 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ