...

Մեր խնդիրները մեր լուծելիքն են

Մեր խնդիրները մեր լուծելիքն են

Այսօր թուրքական լիրան շարունակել է սրընթաց գահավիժել: 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո լիրան ավելի վատ վիճակում է. անկումը կազմել է 86 տոկոս:

«ՉԻ». Հիմա կասեք, թե ինչու ենք այս մասին նշում: Որովհետև ֆեյսբուքահայության մոտ սա աննախադեպ ոգևորություն է առաջացրել, որ թուրքական տնտեսությունը շատ վատ վիճակում է, դա մեր օգտին է, և դա պատերազմի հետագա ընթացքի վրա դրական ազդեցություն կթողնի: Մեզ համար, իհարկե:

Անկասկած, ներկայումս թուրքական տնտեսությունը լավ օրեր չի ապրում: Մեղմ ասած: Բայց զարմանալի է, որ դա կարող է հիմք տալ մտածելու, որ դրանով Թուրքիան հեսա-հեսա վարի կգնա: Բոլոր երկրներում էլ տնտեսական ճգնաժամեր են լինում, դա ինչ-որ արտառոց բան չէ, այն էլ՝ կորոնավիրուսի այս պայմաններում: Այնպես որ, պետք է զերծ մնալ ինքնախաբեությամբ զբաղվելուց: 

Ընդհանրապես, այսպիսի միտումներ ենք նկատում. Մակրոնի ու Էրդողանի հարաբերությունները սրվեցին, ցնծություն է, թե հիմա Ֆրանսիան Թուրքիային սև օրը կգցի: Էրդողանը ավել-պակաս խոսեց ԱՄՆ-ի հասցեին, նորից խինդ ու ուրախություն է, թե Թրամփը Էրդողանին կպատժի: Ուրախանում են ռուս-թուրքական, հույն-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներից՝ մոռանալով, որ այդ խնդիրներով չէ պայմանավորված արցախյան պատերազմի հետագա ընթացքը, այլ մեր բանակով ու մեր իշխանությունների դիվանագիտական աշխատանքով: 

Ուրիշ բան չասենք, Էրդողանը այս ամիս հայտարարեց, թե Ղրիմը Ուկրաինայի տարածք է, Իսրայելն էլ բռնազավթել է Երուսաղեմը: Բայց ոնց որ թե դրանից հետո Իսրայելը շարունակում է նույնկերպ համագործակցել Թուրքիայի հետ, միասին զենք մատակարարել Ադրբեջանին: Նույնն էլ ռուս-թուրքական հարաբերություններն են: Ունեն և՛ հակասություններ, և՛ համագործակցության եզրեր: Իրենք իրենց հարցերը ամեն անգամ լուծում են, հետո հայերը սկսում են զայրանալ, թե ռուսները մեզ դավաճանեցին: Չպետք է նման ակնկալիքներ ունենալ, թե ռուսները ատոմային ռումբ են գցելու Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա: Պետք է մեր ուժերի, մեր խելքի, մեր հնարավորությունների սահմաններում այնպես գործենք, որ ուշք ու մտքներս այն չլինի, թե Մակրոնն ինչ ասաց, Թրամփը ինչ տոնայնությամբ խոսեց Արցախի հարցի կարգավորման մասին, Պուտինը ժպտաց, թե չժպտաց հրադադարի լուրն իմանալիս:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   735 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ