...

Մի աննախադեպ հրաժարականի պատմություն

Մի աննախադեպ հրաժարականի պատմություն

Հայաստանի Ազգային ժողովն Արմեն Սարգսյանից նախագահի պաշտոնից հրաժարական տալու դիմումը հետ վերցնելու դիմում չի ստացել։ Եվ այսօր վերջին օրն է, երբ Արմեն Սարգսյանը կարող է դիմումը հետ վերցնել:

Ու թեպետ Վահագն Խաչատրյանին շատերն արդեն համարում են գրեթե նոր նախագահ, քիչ չեն նաև կարծիքները, որ Արմեն Սարգսյանը կարող է ձիով քայլ անել ու դիմումը հետ վերցնել: Օրինակ՝ կայֆի համար: 

Ու ասենք ձեզ, որ նման սցենարը ֆանտաստիկ չի թվում, քանի որ նախադեպ արդեն ունեցել ենք: Անեկդոտիկ մի պատմություն եղել է խորհրդարանում՝ 2000 թվականին: 

Ուրեմն, 2000-ի սեպտեմբերին մամուլում, իշխանական կուլուարներում հանկարծ շշուկներ, խոսակցություններ տարածվեցին, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը հրաժարական է տալու: Արմեն Խաչատրյանը ԱԺ նախագահ էր ընտրվել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, որի ժամանակ նա, ի դեպ, հրազենային վիրավորում էր ստացել: «Միասնություն» դաշինքը նրան ԱԺ նախագահ ընտրեց, Տիգրան Թորոսյանին էլ՝ ԱԺ փոխնախագահ:

Եվ ահա խոսակցություններ սկսվեցին, որ Արմեն Խաչատրյանը հրաժարական է տալու, Տիգրան Թորոսյանն է նրան փոխարինելու: Թե ինչի պիտի հրաժարական տար, ոչ ոք չգիտեր. մի տեսակետ կար, որ ՀՀԿ-ի ձեռքում էին գործադիր իշխանության հիմնական լծակները, հիմնական իշխող ուժ էր համարվում ՀՀԿ-ն, իրենք որոշել են, թե ինչու այդ դեպքում ԱԺ նախագահի պաշտոնն իրենցը չպետք է լինի: 

Այդ օրը, եթե ճիշտ ենք հիշում՝ 2000-ի սեպտեմբերի 26-ին, խորհրդարանում Արմեն Խաչատրյանը օրակարգ մտցրեց իր հրաժարականի հարցը, ինչը հանրապետականների համար անսպասելի չէր: Գիտեին, որ հրաժարական է տալու, սկսեցին իրար ետևից ելույթներ ունենալ, որոնք ավելի շատ հոգեհանգստի կենացներ էին հիշեցնում: Բոլորը ընդգծում էին Արմեն Խաչատրյանի քաղաքական անցյալը, դերը պետականության գործում, ներդրումը եսիմ որտեղ, որ լավ մարդ է, ազնիվ է, իր հետ հաճելի էր աշխատել և այլն: Մանրից հրաժեշտ էին տալիս: 

Կենացներն ավարտվեցին, հարցը դրվեց քվեարկության, հրաժարականն ընդունելի առաջարկին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, և Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ... որոշումն ընդունված չէ:

Ու այդտեղ իսկական կինոն սկսվեց: Այն հանրապետական պատգամավորները, որոնք ընդամենը 5 րոպե առաջ մինչև երկինք փառաբանում էին Արմեն Խաչատրյանին, սկսեցին նրա հասցեին թուք ու մուր անել, ինքնակոչ համարել, Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ ստանձնում է ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: ՀՀԿ-ից Վազգեն Խաչիկյանը, երբ խոսք խնդրեց, Արմեն Խաչատրյանին դիմելով, ասաց՝ պրն այս պահի դրությամբ իրեն ԱԺ նախագահ համարող անձնավորություն, որին Արմեն Խաչատրյանը արձագանքեց, թե տղա ջան, քեզ կոռեկտ պահի: 

Արդյունքում խորհրդարանում երկիշխանություն ստեղծվեց. Արմեն Խաչատրյանն ասում էր՝ ես եմ ԱԺ նախագահը, Տիգրան Թորոսյանն էլ՝ թե բա ես: 

Այս կլոունադան ավարտվեց նրանով, որ ՀՀԿ-ն ընդունված համարեց Արմեն Խաչատրյանի հրաժարականի հարցը, բայց հետո որոշման սահմանադրականությունը ճշտելու համար դիմեցին ՍԴ, որն էլ վճիռ կայացրեց, որ Արմեն Խաչատրյանի հրաժարականի հարցը ԱԺ կանոնակարգի մի շարք խախտումներով է օրակարգ մտցվել, հետևաբար՝ անօրինական է, հետևաբար, հրաժարականն ընդունելու քվեարկությունը սխալ է, և Արմեն Խաչատրյանը շարունակելու է ԱԺ նախագահ լինել: 

Արդեն ավելի ուշ, ներիշխանական շրջանակներում եղած խոսակցություններից, տեղեկատվական արտահոսքերից պարզ դարձավ, որ այս ամենը Քոչարյանի ու նրա թիմի սցենարն է եղել, որի նպատակն է եղել ՀՀԿ-ին փչացնելը: 

Այնպես որ, եթե հանկարծ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումն այսօր հետ վերցնի, կարող եք չզարմանալ, քանի որ մեր մոտ ամեն ինչ պատահում է: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ