Մի ապտակ էլ Հրայր Թովմասյանին և նրա տված ԺԵԿ-ի տեղեկանքին

Մի ապտակ էլ Հրայր Թովմասյանին և նրա տված ԺԵԿ-ի տեղեկանքին

Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, որի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում Ազգային Ժողովը մերժել էր, բավական ուշագրավ մեկնաբանություն է արել Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշման վերաբերյալ:

«Ինձ համար անհասկանալի է միայն ՔրԴՕ 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը, ու է՛լ ավելի անհասկանալի է այդ նորմի անվավերությունը։ Նորմն իր այսօրվա տեսքով նորմալ է, ՍԴ-ն ինքը նորմի գոյություն ունեցող տեքստում կարծես թե խնդիր չի տեսել։ ՍԴ-ն ուղղակի ասում է, որ օրենսդիրը ՉԻ ՆԱԽԱՏԵՍԵԼ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, որը նախատեսելը, ըստ ՍԴ-ի, օրենսդրի համար պարտադիր է։ Ընդ որում, ՍԴ-ն բառացիորեն խոսում է Սահմանադրության ուժով (ու ոչ թե, ասենք, միջագային պայմանագրերով) անձեռնմխելիությունից օգտվող անձանց քրեական հետապնդումը բացառող կարգավորման բացակայության մասին։

Հարց 1. Սահմանադրությունն էնքան չկա, որ ՔրԴՕ չարժի՞։ Սահմանադրության մեջ բառացիորեն կարգավորված անձեռնմխելիությունը հերիք չէ՞, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի։

Հարց 2. ՍԴ-ն որտեղի՞ց իմացավ, որ օրենսդիրը բացակայող կարգավորումը պիտի նախատեսի հենց ՔրԴՕ 35-րդ հոդվածում։ Հետո ի՞նչ, որ քրեական հետապնդումը բացառող այլ հիմքեր նախատեսված են 35-րդ հոդվածում։ Գուցե օրենսդիրը, հաշվի առնելով անձեռնմխելիության կարևորությունը, այդ հարցին կնվիրի մի առանձին ծավալուն հոդված, կամ այդ հարցը կկարգավորի քրեական օրենսգրքում, ինչպես արվել է Գերմանիայում։

3. ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ. ՔրԴՕ 35-րդ հոդվածը հակասահմանադրական ու ԱՆՎԱՎԵՐ է «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով»։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե հիմա վերջը 35-րդ հոդվածի ո՛ր մասն է անվավեր։ Ճիշտ է, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍԸ։ Բայց ընդհանրապես հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր։

Սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը։ Բայց օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել կարգավորման բացակայության պատճառով։ Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող։ ՍԴ-ի ձևակերպումը («...չնախատեսելու մասով ճանաչել... անվավեր») սխալ է նույնիսկ լեզվական առումով։ «...չնախատեսելու մասով.» ձևակերպումը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ:

Այդ պատճառով նման դեպքերում ՍԴ-ն տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը: Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, և որ օրենսդիրն այն չի կատարել: Ավելի պարզ՝ ՍԴ-ն կարող է առավելագույնը հակասահմանադրական (բայց ոչ անվավեր) ճանաչել ՕՐԵՆՍԴՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, այլ ոչ թե գոյություն ունեցող նորմերը։

Եթե սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԸ չի կարող անվավեր ճանաչվել»:

Բավական ծավալուն է իհարկե, բայց արժեր ներկայացնել, քանի որ մենք, հանրության գերակշիռ մասը, որպես կանոն, Սահմանադրական դատարանի որոշումը դիտարկում ենք քաղաքական տեսանկյունից, թեպետ՝ նույնիսկ մեր իրավական գիտելիքների շրջանակներում էլ ենք հասկանում, որ Հրայր Թովմասյանը մի բան մոգոնելու համար մի բան էր մոգոնել:

Բայց ահա սահմանադրագետը շատ պարզ ներկայացրել է ՍԴ-ի որոշման անգրագիտության աստիճանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել:

ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գոռ Աբրահամյանն էլ այսօր հայտնեց, որ Սահմանադրական դատարանը որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող: Այն իրավասու է որոշում կայացնելու միայն կիրառվող իրավական ակտի կամ դրա դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ:

Այսինքն, Հրայր Թովմասյանն ու մի քանի ընկերները (բոլորը չէ, քանի որ ՍԴ անդամներից առնվազն 2-ը զերծ են մնացել այդ որոշման մեջ թաթախվելուց), մի որոշում է կայացրել, որը ոչինչ չի նախատեսում: Հարց է առաջանում. ո՞րն է այդ որոշման իմաստը. վստահաբար, որպեսզի Քոչարյանի փաստաբանները դա ներկայացնեն դատարան և դա հիմք ներկայացնելով՝ միջնորդեն իրենց պաշտպանյալին ազատ արձակել: Ուրիշ ոչ մի բան: ՍԴ-ն իր որոշման հիմքերում կարող էր գրել, որ 35-րդ հոդվածը հակասահմանադրական է, քանի որ դրա տառատեսակը անդուր է, մեկ է, նման տեքստն էլ Քոչարյանի փաստաբանները կտանեին դատարան: Նրանց համար հիմա կարևորը Քոչարյանին ազատ բանտից հանելն է: Ազատության մեջ Քոչարյանը, մեկ էլ տեսար, թռավ Ռուսաստան՝ Պուտինին տեսնելու, կամ հիվանդությունը բուժելու, կամ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու ու վերջ, հարցը կփակվի:

Ահա սա է Սահմանադրական Դատարանում որոշ անձանց տված տեղեկանքի իմաստը:

ՎԱՐԿԱՆԻՇ

10101 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ