...

Մի հատ ՍԴ-ն մաքրեք ձեզանից, հետո՝ խոսեք

Մի հատ ՍԴ-ն մաքրեք ձեզանից, հետո՝ խոսեք

Այսօր Սահմանադրական դատարանի նախկին անդամ Հրանտ Նազարյանը փորձել է մտնել Սահմանադրական դատարանի շենք, սակայն ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել նրան ներս մտնել: «Իմ տեղեկություններով՝ Նազարյանն այդպես էլ չի կարողացել մտնել ՍԴ։ Սա առաջին այսպիսի միջադեպն է։ Հավելյալ մանրամասների չեմ տիրապետում, քանի որ ներկա չեմ եղել տեղի ունեցածին»,- հայտարարել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Քանի որ Էդգար Ղազարյանը մանրամասներին չի տիրապետում, բացատրենք. Ազգային Ժողովը օրենք է ընդունել, համաձայն որի՝ ՍԴ երեք անդամների լիազորությունները դադարեցված են: Օրենքը մտել է ուժի մեջ: Հետևաբար, Հրանտ Նազարյան անուն-ազգանունով մարդը չի կարող հենց-այնպես մտնել ՍԴ շենքի տարածք: Մտնելու համար կան որոշակի ընթացակարգեր. դիմում է գրում՝ ներս մտնելու համար, նշում է պատճառները, թե ինչու է ուզում ներս մտնել, ում մոտ է գնում, ինչ հարցով: Ոնց որ մնացած քաղաքացիները, որոնք չեն աշխատում ՍԴ-ում:

Լավ ե՞նք բացատրում: Օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Որ Հրայր Թովմասյանը նման այսպիսի անգրագետ ու շիլաշփոթ սահմանադրություն չգրեր, այսօր նման իրավիճակ չէր ստեղծվի: Ու հիմա փոխանակ պատասխան տա իր արածների համար, փախած է: Էդգար Ղազարյանն է նրա տեղը պատասխանում: 

Բայց մենք ուրիշ բանի վրա ենք ցանկանում ուշադրություն հրավիրել: Քանի օր է, հայ-հարայը գցել են, թե հասեք՝ Գագիկ Ջհանգիրյանին ուզում են ՍԴ դատավոր նշանակել: Բա ինքը ժամանակին ընտրակեղծարար է եղել, սա է արել, նա է արել: Ու չեն ասում, որ իրական և ամենամեծ ընտրակեղծարարը ՍԴ-ն զավթել ու սեփականաշնորհել է:

Չեն ասում, քաղաքացիների ընտրական իրավունքը այդ ընտրակեղծարարը տարիներ շարունակ բռնաբարել է: Չեն ասում, որ այդ ընտրակեղծարարը դարձել է մի խումբ քրեաօլիգարխների գործիքը: Ի՞նչ կապ ունի այստեղ Ջհանգիրյանը: 

Կամ էլ, տեսեք՝ ինչ են ասում. այս երեք պրոֆեսիոնալ, քաջ ու անկախ դատավորներին հանում են, որ տեղը իշխանությունների կամակատարներ նշանակեն: Նախկիններն են ասում. մի հատ եկեք, տեսնենք, թե այդ ինչ անկախներ են այսօր ՍԴ-ում աշխատում:

Հրայր Թովմասյան. ՀՀԿ նախկին անդամ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր: Սերժ Սարգսյանի հագով Սահմանադրության հեղինակ: Այս մարդը կարո՞ղ է անկախ լինել:

Արևիկ Պետրոսյան. ԲՀԿ նախկին անդամ: 2008 թվականին ընդդիմության ներկայացուցիչներին հալածելու գործընթացի ակտիվ մասնակից, քվեարկել է ընդդիմադիր պատգամավորներին կալանավորելու օգտին: Այս մարդը կարո՞ղ է անկախ լինել:

Էդգար Ղազարյան. ՀՀԿ նախկին անդամ: Միգուցե՝ ներկայիս: Չգիտենք: Սերժ Սարգսյանի դրածո և կամակատար: Այս մարդը կարո՞ղ է անկախ լինել: 

Ու ՍԴ-ն լցնելով նման կամակատար, շողոքորթ, օրվա իշխանություններին հլու-հնազանդ ծառայած դեմքերով, նախկինները մտահոգվել են ՍԴ-ի անկախությամբ: Դե եկեք, բոլոր նախկին կուսակցականներին հանենք ՍԴ-ից, այդ դեպքում կլինի իսկապես անկախ դատարան: 

Իսկ հիմա գնացեք, ու 1995 թվականի նորաստեղծ Սահմանադրական Դատարանի կազմը նայեք. փորձեք այնտեղ ՀՀՇ-ի անդամներ գտնել: Որ գտնեք, ձեն հանեք:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ