...

Մի քիչ մտածեք PR անելիս

Մի քիչ մտածեք PR անելիս

Երեկ համացանցում քննարկման առարկա էր դարձել երգիչ Միհրան Ծառուկյանի և նրա կնոջ՝ Արփի Գաբրիելյանի լուսանկարը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Ամուսիններն այցելել էին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին և այդ ամենը տեսա-լուսանկարահանել ու տեղադրել սոցցանցերում:

Սա որոշակի դժգոհության ալիք էր բարձրացրել, որ թեպետ իշխանությունների հորդորներին, Միհրան Ծառուկյանն ու նրա կինը գնացել են Ծիծեռնակաբերդ: Այն դեպքում, երբ ոստիկանությունը օրեր առաջ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ը փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները, և այդ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ:

Հետո, նախ՝ ոստիկանությունը, այնուհետև՝ Միհրան Ծառուկյանի կինը, հանդես են եկել պարզաբանմամբ, որ լուսանկարներն արվել են ապրիլի 21-ին: 

Այսինքն՝ այդ օրն են գնացել, մինչդեռ այդ ժամանակ գործել է արտակարգ դրությունը: Ինչը նշանակում է, որ արտակարգ դրության պայմաններում միայն խիստ անհրաժեշտության դեպքում կարելի է տնից դուրս գալ: Խանութ և դեղատուն գնալու, ինչպես նաև՝ անհետաձգելի իրավիճակների դեպքում: Իսկ Ծիծեռնակաբերդ գնալը դրանցից ոչ մեկի տակ, կոպիտ ասած, չի ընկնում: Եվ եթե հանկարծ ոստիկանները նրանց կանգնեցնեին և ստուգեին, հաստատ տուգանելու էին՝ արտակարգ դրության կանոնները խախտելու համար, ինչպես դա արել են մի շարք հայտնի անձանց դեպքում: 

Դրա համար պետք չէ մուննաթ գալ լրատվամիջոցների վրա, ինչպես ամուսիններն են արել, թե շահարկում են թեման: Չէիք գնա, չէին շահարկի: 

Լավ, գոնե գնացել եք, գնացել եք, ի՞նչ կարիք կար ձեր այցը լուսանկարել ու տեսանկարահանել: Ի դեպ, դա էլ նշանակում է, որ երկուսով չեն եղել, առնվազն մի հոգի էլ հետները տարել են, որ իրենց այցը նկարահանի: Դա առավել ևս տգեղացնում է նրանց այցը, քանի որ ստացվում է, որ նպատակը եղել է ոչ թե Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելը, այլ պարզապես սովորական ինքնա-PR-ը: Մի քիչ մտածեք, նոր PR-ի մասին մտածեք, քանի որ ստացել եք ճիշտ հակառակ արդյունքը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ