Օրերս Աբովյան փողոցի սրճարաններից մեկում ուշ գիշերով վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հրազենային վնասվածքներ ստացած երկու երիտասարդներից մեկը մահացել էր: Մյուսը, որը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդին է, մինչև հիմա հիվանդանոցում է:
Այսօր գիշերը Ալեք Մանուկյան փողոցի մոտ գտնվող սրճարաններից մեկում ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել երիտասարդ ամուսինները. աղջիկը, որի հայրը խոշոր գործարար է, մահացել է, իսկ նրա ամուսինը հիվանդանոցում է:
ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը` անդրադառնալով հանրապետությունում վերջին տարվա ընթացքում վթարների թվի աճին, հայտնել է, որ ներկայումս 10 հազարից ավելի վարորդներ զրկված կամ կասեցված վարորդականներով են երթևեկում:
Ու ամեն օր է այսպես: Ինչ որ չի երևում, որ մենք թևակոխել ենք սիրո և հանդուրժողականության մթնոլորտ: Ընդհակառակը, սա խոսում է երկրում ամենաթողության և իշխանությունների կողմից իրավիճակին չտիրապետելու, չվերահսկելու մասին:
Հիմա կարող են ասել՝ բայց ի՞նչ մեղավոր են իշխանությունները, որ սրճարանում վիճում, հետո իրար սպանում են: Մենք պատահական չենք այն փաստը ներկայացրել, որ 10 հազար վարորդ մեքենա է վարում առանց վարորդական վկայականի: Նշանակում է՝ նրանք վստահ են, որ չեն պատժվելու, պրոբլեմ չեն ունենալու, ոչ ոք իրենց չի ստուգելու, մեքենան չեն տանելու տուգանային հրապարակ, գիտեն, որ իրավապահ մարմինները դրանով զբաղվելու ժամանակ, հնարավորություն չունեն, ուրիշ գործերով են զբաղված, վստահ են, որ իշխանություն չկա:
Կարելի է վիճակագրական տվյալները հանել և ստուգել. կասկած չունենք, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրոք այսպիսի պատկեր չի եղել: Այսքան անպատիժ երթևեկող վարորդներ չեն եղել, մահվան դեպքերով այսքան ՃՏՊ-ներ չեն եղել: Որովհետև վերահսկողության որոշակի մակարդակ կար, և վարորդները չէին համարձակվի այսքան «հաբրգել» կամ հարբած մեքենայի ղեկին նստել: Ոչ ոք չի կարող սրան հակափաստարկ ներկայացնել:
Իսկ եթե վարորդն այսպես վստահ է, որ կարող է անպատիժ մեքենա վարել, ապա նույն կերպ էլ բազմաթիվ քաղաքացիներ վստահ են, որ կարող են հանգիստ զինված սրճարան մտնել, օրը ցերեկով կամ գիշերով, Երևանի կենտրոնում մարդկանց վրա կրակել: Վստահ են, որ ոչ ոք իրենց չի ստուգի:
Բա ի՞նչ էիք ուզում: Ոստիկանության կեսը Ազգային ժողովն է վերահսկում, կեսը՝ Կառավարության շենքը: Ներքին զորքերի ու ԱԱԾ-ի ջոկատները Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն են պահպանում. վերևից, ներքևից, կողքից, աջից, ձախից: Իսկ թե ով պետք է պահպանի մեր քաղաքացիների անվտանգությունը՝ գոնե Երևանում (սահմանամերձ շրջաններում դա արդեն վաղուց մուրազ է), իրենց չի էլ հետաքրքրում: Դա թողել են մեզ վրա: Ի՞նչ անենք, բոլորս զինվենք ու այդպես սրճարան գնա՞նք: Եթե մեր անվտանգությունը պահպանելու այլ ուղի չկա, ասեք՝ անենք:
Սրա հաջորդ փուլը համատարած «անտերությունն» է լինելու: Այդպես է լինում, երբ իշխանությունը միայն իր իշխանությանն է տեր կանգնում: