...

Միհրան Հակոբյանը սաղ խառնել է իրար

Միհրան Հակոբյանը սաղ խառնել է իրար

Փաշինյանական իշխանության հասցեին նախկինների քննադատությունն ամեն անգամ զավեշտի է վերածվում այն պատճառով, որ նրանք այդպես էլ չեն կարողանում գտնել քննադատելու ճիշտ անկյունը։ Մեծ մասամբ այս մարդիկ ներկա իշխանությանը գնահատում են իրենց մերժված իշխանության արժեքաբանության ու վարքի համատեքստում, հավասարության նշան դնում նրանց միջև, նորերին վերագրում բաներ, որոնք հատուկ են եղել նախկիններին, և ահա այս դիրքերից քննադատելով գործողներին՝ հայտնվում են «դասականի» ասած՝ կուստուրիցական վիճակում։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ներկայում միշիկական քարոզչական մեքենայի առաջամարտիկ «Քառյակ մեդիայի» անդամ Միհրան Հակոբյանն անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ նկարագրում է մի վիճակ, որը տող առ տող համընկնում է իր պաշտելի Սերժ Սարգսյանի (նաև Ռոբերտ Քոչարյանի) իշխանության տարիների վիճակին ու սերժական ռեժիմի գործողություններին։ 

Մի փոքր կանխատեսում անելով Փաշինյանի իշխանության հնարավոր գործողությունների մասին՝ ՀՀԿ-միշիկական սույն քարոզիչը, օրինակ, ասում է. «Կառավարչական աղետի ու սովի մատնված ժողովրդի հարցերը բարձրաձայնող ընդդիմադիրներին ժողվարչապետը աննախադեպ ու աննորմալ ռեպրեսիաների է ենթարկելու: Խորհրդարանական ընդդիմությունից օրինակ՝ Ծառուկյանի շրջապատին ժողվարչապետը կալանավորելու է, հարկայինով մտնելու է բիզնեսներ ու հաշիվների վրա կալանքներ դնի»: 

2015 թվականի փետրվար։ Իշխանությանը քննադատող Գագիկ Ծառուկյանին հրապարակավ քաղաքականապես ոչնչացնելով, Սերժ Սարգսյանն անցավ նրա ու իր շրջապատի դեմ ռեպրեսիաների, Ծառուկյանին մոտ կանգնած տասնյակ մարդկանց ձերբակալեց, հարկայինով մուտք գործեց վերջիններիս բիզնեսներ, կալանքներ դրեց հաշիվների վրա, խոշոր տուգանքներ գրեց, ճնշեց, նեղեց։ Արդյունքում՝ Ծառուկյանը հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ (Այլ պատմություն է Սարգսյանի ու Ծառուկյանի հետագա վերամերձացումը)։

Միշիկական քառյակիստ Միհրան Հակոբյանն այնուհետ ասում է. «Մարուքյանին ու նրա պատգամավորներին պերմանենտ ծեծելու է: Արտախորհրդարանական ուժերի մասով նույնպես ոչնչի առաջ չի կանգնելու: Անխտիր բոլորին փորձելու է կալանավորել»: 

Ռոբասերժական ռեժիմի շատ ծանոթ պատմություն է, չէ՞։ Տասնյակներով կարելի է օրինակներ բերել, երբ իր կուռք զույգ նախագահների իշխանության տարիներին ծեծել են ընդդիմադիր պատգամավորների, կալանավորել հարյուրավոր ընդդիմադիրների, հետապնդել նրանց ու իրենց ընտանիքներին, զրկել աշխատանքից։
Միհրան Հակոբյանը նաև ասում է, թե Փաշինյանը «գրպանային ընդդիմություն է ձևավորում, ժողվարչապետի հաճախորդները ձևանալու են ընդդիմություն»։ 

Տնաշենը գոնե անվանումները փոխի, հաճախորդների փոխարեն մեկ այլ բառ օգտագործի։ Չէ, դա էլ չի անում ու բառացի կրկնում է Սերժ Սարգսյանի ժամանակների կեղծ ընդդիմադիրներին տրված անվանումը։ Հաճախորդը բացառապես Սերժ Սարգսյանի ստեղծած ու նրան սպասարկած տասնյակ կուսակցությունների ու գործիչների հավաքական անվանումն է։ Ի դեպ, նրանց այդպես անվանել է հենց Սերժ Սարգսյանը։

Մի խոսքով, Միհրան Հակոբյանը ներկայացնում է մի պատմություն, որը ներկայացնում է իր նախկին շեֆ ու այսօրվա շեֆի աներ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիների ճշգրիտ պատկերը։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1252 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ