...

Միջին վիճակագրական պոպուլիստները

Միջին վիճակագրական պոպուլիստները

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «մենք ամենևին էլ իշխող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, որոնք կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից»։

Նիկոլ Փաշինյանը երևի ցանկացել է հերթական անգամ «ժող ջան, ես ձեզանից մեկն եմ» ոճի մեջ ինչ-որ իր կարծիքով՝ լավ բան ասել, բայց արդյունքում հերթական անհեթեթությունն է ստացվել։ Չէ, խնդիրն այն չէ, որ եթե, ասենք, մեկը կաղամբ է ուտում, մյուսը՝ միս, ապա «միջին վիճակագրականորեն» երկուսով տոլմա են ուտում։ Խնդիրն այն է, որ եթե ժողովուրդը ցանկանար, որ իրեն կառավարեն միջին վիճակագրական քաղաքացիները, ընտրությունները բացարձակապես անիմաստ կլինեին։ Դրա փոխարեն ազգովի կհավաքվեին որևէ հրապարակում ու «գիր-ղուշով» կորոշեին այն պայմանական հազար հոգուն, որոնք պիտի դառնան նախարար, մարզպետ, պատգամավոր և այլն։ Այ այդ դեպքում կունենայինք միջին վիճակագրական իշխանություններ՝ 51 տոկոս կին, 49 տոկոս տղամարդ, 21 տոկոսը՝ բարձրագույն կրթությամբ, 32 տոկոսը՝ գյուղաբնակ, 41 տոկոսը՝ ծխող, 6,1 տոկոսը՝ «ալկաշ», և այլն։ Բայց այդպես չի եղել, ժողովուրդը սրանց մանդատ է տվել՝ այն հույսով, որ երկիրը կկառավարեն ոչ թե միջին վիճակագրական քաղաքացիները, այլ ամենաազնիվները, ամենակրթվածները, ամենապրոֆեսիոնալները, և այլն։

Եվ ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ արտահայտությամբ վիրավորում է ժողովրդին, որովհետև ստացվում է, որ «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին» փնթի է, սուտասան, «փողի մեռած», սիրում է բյուջեի հաշվին կուշտ փորով հաց ուտել, թքում է դիմացինի երեսին, երազում է, որ իր ընտանիքի անդամների գլխավերևում բյուջեից աշխատավարձ ստացողները «զոնտիկ պահեն», թշնամու առաջ խեղճանում է, և այլն։ 

Իսկ մեծ հաշվով՝ «մենք իշխող էլիտա չենք» արտահայտության կեսը ճիշտ է․ սրանք իշխող են, բայց ոչ էլիտա։ Իսկ թե ինչու են պարծենում դրանով՝ նույնպես հասկանալի է։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո էլ կարմիր կոմիսարներ դարձած անթրաշ բոսյակներն էին հպարտանում, թե «մի ակադեմիեվ նե կանչալի»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ