Պարզվում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Արցախում սոցհարցում է անցկացվել՝ ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցով: Սոցհարցումն անցկացվել է Միքայել Մինասյանի հետ ասոցացվող «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվերով:
«ՉԻ». Միանգամից շեշտենք. ոչ թե Սորոսի կողմից է նման հարցում պատվիրվել, այլ՝ Միշիկի: Այսինքն՝ այն ամենը, ինչ վերագրում են սորոսականներին, Սորոս ձյաձյային՝ պարտվողականություն, անիշխանություն, անարխիա, պետության դեմ գործողություններ, ապա իրականում սրա ճիշտ հասցեատերը Միքայել Մինասյանն է: Փաստորեն, վերջինս ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու քայլեր է իրականացրել, որովհետև երբ նման հարցում է անցկացվում, նշանակում է՝ դու չես բացառում նման հեռանկարի հավանականությունը:
Դուք երբևիցե լսե՞լ եք, որ Սորոսը տարածքներ հանձնելու հետ կապված ինչ-որ հարցում իրականացներ, սեմինար-քննարկում-կոնֆերանս կազմակերպեր: Մենք էլ չենք լսել: Այս մասին թմբկահարում էին միայն նրանք, ովքեր Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու ջատագովներից են ֆինանսավորվում:
Բնականաբար, Միքայել Մինասյանը ինքնագլուխ նման հարցում չէր պատվիրի: Թե ով է իրական պատվիրատուն, անունը չտանք, թեպետ հասկանալի է, որ «это слоненок»:
Հ.Գ. Բայց շատ ափսոս, որ տարածքները հանձնելու հետ կապված հարցման պատվիրատուն Սորոսը չի: Նույնիսկ չենք պատկերացնում, թե սորոսականներին ինչ օրը կգցեին: Դրանց գրասենյակի դռան առաջ բարիկադներ կկառուցեին, ցմահ կարգելափակեին սորոսականների ելումուտը, նրանց լուսանկարները՝ «Դավաճան» մակագրությամբ, կտարածեին սոցցանցերում ու քոչարյանական լրատվամիջոցներում... Այո, շատ, շատ ափսոս: