...

Միշիկը դեռ ամեն ինչ չի ասե՞լ

Միշիկը դեռ ամեն ինչ չի ասե՞լ

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ Միշիկը, մեդիագրոհի երկրորդ փուլ է մտել՝ փաստեր է հրապարակում Փաշինյանի մտերիմների գործունեության մասին: Դրանցից առաջինով Փաշինյանի աներձագը զբաղված է ծխախոտի ապօրինի բիզնեսով, իսկ երկրորդ փաստով՝ Փաշինյանի ընտանիքը ադամանդի գործ է անում: 

Չքննարկենք, թե Միշիկին որտեղի՞ց է հայտնի դարձել այս ամենը: Ճի՞շտ է ասում, թե՝ սխալ: Մարդը փաստեր է հրապարակում: Հրապարակողը դեռ չի կորցրել իր թելերն այս իշխանությունում: Այսինքն, եթե նույնիսկ ամեն ինչ չէ, որ ճիշտ է ասում, համենայնդեպս նրա որոշ հայտարարություններ այս կամ այն եղանակով հաստատվում են, մասնավորապես ծխախոտի մասով լուրեր սպրդեցին, որ իսկապես ապօրինություններ եղել են: Փաշինյանն էլ իր ասուլիսում ընդունեց, որ Հայաստանից դուրս եկած ծխախոտի «ճանապարհորդությունների» օրինական կամ ոչ օրինական լինելը դեռ պետք է պարզվի: 

Միշիկը ասում է՝ տղերք, դուք մեզնից լավը չեք: Ինչո՞վ են հակադարձում տղերքը: Հերթական քրեական գործով: Որ ի՞նչ: Դուք հլը նրա հրապարակած փաստերը հերքեք ծայրից ծայր: Դուք հլը ձեր իշխանության մեջ նրա արբանյակների հարցերը լուծեք, նոր անցեք քրեական գործերին: Էդ քրեական գործերը վաղուց էր պետք հարուցել: Հեղափոխության ամենասկզբից էր պետք հարուցել, ոչ թե երկու տարի հետո երեխայի նման մեղադրանքին պատասխանել քրեական գործով: Իրենք չգիտե՞ն, որ քրեական հանցագործ են, գիտեն, չէ՞: Ու իմանալով են հայտարարում, որ դուք ավելի լավը չեք: Մենք էլ գիտենք, որ Միշիկը հանցագործ է, որ ոչնչից միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ դարձել է ամեն ինչ: Էդ ամենը գիտենք: Բայց եթե ինքը հանցագործ է, դա ձեր ինդուլգենցիա՞ն է, եթե ինքը հանցագործ է, դուք մեխանիկորեն դառնում եք անմե՞ղ: Հլը դեռ պարզ չէ՝ դուք ապագայում ավելի լա՞վն եք լինելու: 

Էդ մարդը չի հանգստանալու, իր գրոհները շարունակվելու են: Լռել նրա հրապարակած փաստերի մասին, դեռ չի նշանակում, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Էդ մարդը հո միայն ձեր մասին չի՞ խոսում, էդ մարդը խոսում է իշխանության բնույթի մասին, այն մասին, թե ինչպես է մարդուն այլասերում իշխանությունը: Ինքը դա հո գիտի՞: Ու երբ դուք լռում եք նրա հրապարակած փաստերի մասին, նշանակում է ինչ-որ նմանություններ արդեն գտել եք ձեր ու իր միջև: Տղերք, մի մոռացեք, որ էդ մարդը ինչ-որ իմաստով դեռ ձիու վրա է, դուք ոչ մի բարեփոխում չեք արել ու հույս ունեք, որ նա ձեզ հանգի՞ստ է թողնելու: Դուք արդեն վեթինգից եք ուզում հրաժարվել, Հրայր Թովմասյանի հարցը քիչ էր մնում կուլ տայիք: 

Դուք այդքան վստա՞հ եք, որ այս իշխանությունը ոտից գլուխ ձերն է: Եթե նրա խոհանոցային փաստերին ոչ մի հակադարձում չկա, ուրեմն դրանք ճշմարտություն են: Էս մասին մտածեք: Հո կրակը չե՞նք ընկել, որ ժողովուրդը ձեզ վստահում է: Էդ ժողովուրդը մի օր դադարելու է վստահել, իսկ Միշիկի ասածները մնալու են: Թե՞ Միշիկը դեռ ամեն ինչ չի ասել, այսինքն, դեռ չի ասել այնպիսի մի բան, որ հակադարձելն իմաստ ունի: 

Հա, գարշելի է այդ մարդը որպես ընդդիմադիր, հա, ծիծաղելի է նրա դերասանությունը, հա, ոչ մի հավատ չի առաջացնում նրա ասածը, թե ուզում է ծառայել ազգին: Մենք տեսել ենք նրա ծառայությունները: Մենք տեսել ենք, թե ինչպես է նա դարձել միլիոնատեր: Նրա ապօրինությունների մասին ով ինչ փաստ էլ հրապարակի, գրեթե վստահ ենք, չի խաբելու, բայց ինքը մի սովորական խաբեբայի մասին չի պատմելու: Ինքը պատմելու է Հայաստանը թալանի, կաշառքի, քծնանքի դարբնոց դարձրած մեկի մասին, որի արբանյակները մաֆիային գաղտնի գործակալների նման հաստատ սպասում են հակագրոհին: Նրանց նույնիսկ ձեր լռությունը կարող է դարձնել անկառավարելի: Նրանք այլևս կորցնելու ոչինչ չունեն: Եվ ձեր հակառակորդը Միշիկը չէ անձամբ, ձեր հակառակորդը նրանք են, որոնք դեռ ձեր մեջ են: Հետևաբար, խոսեք ընկերներ, պատռեք դիմակները, քանի դեռ դրանք չեն դարձել ձեր դիմակները: 

Սարգիս Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ