Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի` «Ստի վերջը» վերնագրված բազմասերիանոց լեզվավարժանքներին չէինք անդրադառնա, եթե ինքնակոչ «հրամանատարը» իշխանափոխություն անելու հայտ չներկայացներ` մոբիլիզացնելով հակահեղափոխության «մարտիկներին»: Բոլորին քաջ հայտնի, աներհայրիկի միջոցով կարիերայի Էվերեստը նվաճած «կոմբինատորի» անձը հանրությանը հանգամանորեն ներկայացնելու կարիք չկա, քանի որ Սարգսյանի կոռումպացված ադմինիստրացիայի անդամ լինելն արդեն խոսուն փաստ է այդ անձի մասին: Հընթացս հիշեցնենք, որ նախկին դեսպանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով (ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար): Եվ մեկ մեղադրանք էլ ՀՔԾ-ն է հարուցել` անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։ Այս գործը վերաբերում է Մինասյանի կողմից «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր-Առաքելյանի ձեռքից` վերջինիս հավաստմամբ` «500 հազար դոլարանոց սրճարանը խլելուն»: Դա այն շրջանում է եղել, երբ Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:
Եվ ահա, այս մարդը, որը դեռ պետք է պատասխան տա արդարադատության առաջ, իշխանափոխության պահանջ է դնում՝ լինելով ներկայացուցիչն այն վարչակազմի, որի կառավարման տարիներին պերմանենտ բնույթ էին կրում «Սերժիկ, հեռացիր» օրակարգով ակցիաները, ժողովրդի արդար ցասումն էլ ամեն անգամ ճնշվում ու լռեցվում էր բիրտ ուժի գործադրմամբ: Հասկանալի է, որ Մինասյանը սեփական կաշին վերահաս արդարադատությունից փրկելու խնդիր ունի ու հանուն իր էգոյի պատրաստ է ամեն ինչի, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում` կծել, գոռել, աքացի տալ, ընդհուպ վտանգավոր արկածախնդրության դիմել` իր ուժից վեր ծանրաքար բարձրացնելով («պերեվառոտ» անելով)` փույթ չէ, որ դրա հետևանքով կարող է ճողվածք ստանալ` հարստացնելով իրեն առաջադրված մեղադրանքների «մենյուն»: Մինասյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված, ճիշտ կանի` դուրս գա բունկերից, որտեղ թաքնվել է, մի քիչ մաքուր օդ շնչի, ապա հանձնվի իրավապահներին, բացատրություն տա քննչական մարմիններին, որոնց վրա մերթ ընդ մերթ, ավելի ճիշտ` լայվ ընդ լայվ մատ է թափ տալիս, եթե դատվելու ենթակա արարք է կատարել` դատվի, կրի արժանի պատիժը, «…а там дальше видно будет»:
Հեղինե Մանուկյան