...

Նախագահ Ստեփան Դանիելյան

Նախագահ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այն ինչ պետք է հիմա անել, ծիծաղելու աստիճան պարզ է:

Փողոցի ընդդիմությունը պետք է փաստացի կերպով իշխանությունը վերցնի և դրա համար պետք է անել հետևյալ գործողությունները: Հայտարարվում է զուգահեռ կառավարություն: Վազգեն Մանուկյանը ձևավորում է կառավարությունը՝

- ՊՆ նախարար՝ Օնիկ Գասպարյան, ձևավորվում է Գլխավոր Շտաբի կազմը,

- Ոստիկանապետ՝ Օսիպյան,

- ԱԱԾ պետ՝ Վանեցյան,

- Էկոնոմիկայի նախարար, ասենք, Արամյան, կամ Վաչե Գաբրիելյան,

- Տարածքային կառավարման նախարար՝ ասենք Կապանի քաղաքապետ և այլն:

Հիշյալ կառույցները զուգահեռաբար ձևավորում են իրենց աշխատակազմերն ու ստորաբաժանումները: Հիշյալ իրական կառույցներն ամբողջությամբ, կամ մասամբ սկսում են ենթարկվել զուգահեռ կառավարությանը, տեղական կառավարման մարմինների մի մասը, նաև ամբողջությամբ Սյունիքը, ճանաչում է զուգահեռ կառավարությունը:

Գնալով կառավարության ազդեցությունը սկսում է ծավալվել: Հայտարարվում է կառավարության նստավայրը, որը սկսում է ամենօրյա ռեժիմով աշխատել՝ ծրագրեր կազմել, որոշումներ կայացնել ու կառավարել: Վստահ եմ, որ կարճ ժամանակում զուգահեռ կառավարությունն է իրական կառավարություն դառնալու: Կարելի նաև զարգացնել միտքը, բայց առայժմ այսքանը, մնացածը տեխնիկայի հարց է»։

«ՉԻ». Դեռ վաղուց է ասված՝ ամեն տաղանդավոր բան հասարակ է: Եթե այս հանճարեղ ծրագիրը գործի, ապա Ստեփան Դանիելյանին էլ պետք է շնորհել ազգային հերոսի կոչում և նշանակել երկրի նախագահ: Նստավայրն էլ սկզբի համար թող Ջաբրայիլում լինի: Հաստատ Ադրբեջանը դեմ չի լինի մի քանի Հայաստանի գոյության հեռանկարին:

Երբ ասում ենք, որ գործող ընդդիմությունը վարակ է տարածում, այսպիսի դեպքերը նկատի ունենք: Մինչև հեղափոխությունը Դանիելյանը ադեկվատ վերլուծաբանի համբավ ուներ, իսկ հիմա տարածում է մտքեր և գաղափարներ, որոնք երբեք չէր տարածի, եթե 40+ տաքություն չունենար: Այսպիսի արկածախնդիր գաղափարներ անգամ Վազգեն Մանուկյանի գլխում դեռ չեն ծնվել, բայց համոզված ենք՝ նա հաստատ կփորձի օգտվել այս առաջարկից: Չէ՞ որ վարչապետի թեկնածուից ավելի լավ է դառնալ գոնե Սյունիքի վարչապետ:

Ամեն դեպքում մի քանի գործնական խորհուրդներ էլ մենք տանք այլընտրանքային կառավարությանը.

- քանի որ դեռ դրամ չեք կարող թողարկել, շրջանառու միջոց կարող են դառնալ պիցցայատների ու լահմաջոյանոցների ՀԴՄ կտրոնները,

- նոր պետության անձնագիր կարող է ծառայել «Նիկոլ հողատու» բուկլետը,

- հաշվի առնելով Դաշնակցության անուրանալի պայքարը ընթացիկ քաղաքական գործընթացներում՝ դրոշի վրա գրել «Մահ կամ իշխանություն»,

- Հրանտ Մարգարյանին նշանակել Մեղրու մաքսատան պետ,

- Իշխան Սաղաթելյանին նշանակել սպորտի նախարար. բոլորից արագ է վազում:

Հ.Գ. Ընդդիմությունը ճիշտ կանի այլևս չխոսի ոմանց գժի թղթից: Ֆեյսբուքյան այս գրառումը լավագույնս է ապացուցում, թե ով հոգեկան լրջագույն խնդիրներ ունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1475 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ