...

Սպասենք 100 տարվան

Սպասենք 100 տարվան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Ես վստահությամբ չեմ կարող ասել, որ 100 տարի հետո Հայաստան կլինի, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ երկու ինստիտուտ կլինի, դա Հայ Եկեղեցին է ու Դաշնակցությունը»:

«ՉԻ». Ցավն էլ հենց այն է, որ դա իսկապես կարող է իրականություն դառնալ: Որովհետև հայկական պետականությունն այդպես էլ չի դառնում միակ, առաջին ու վերջին ազգային գաղափարախոսությունը: Այո, այն, որ ասում են՝ ազգային գաղափարախոսություն, դրա հիմքը պետք է հենց պետականությունը լինի:

Պետականությունը ազգի գոյատևման, զարգացման բարձրագույն միջոցն է: Այն ազգերը, որոնք չունեն պետականություն, վաղ թե ուշ կորչում են պատմության էջերում: Իսկ մեզ մոտ այդպես չէ: Եկեղեցին ու Դաշնակցությունը համարվում են վերպետական, մի քիչ ավելի բարձր ինստիտուտներ, քան ինքը՝ պետությունը: 

Դրա համար էլ էս օրին ենք: Դրա համար էլ 130 տարի է, այս վերպետական ինստիտուտները պետականության կայացման փոխարեն իրենց ինստիտուտներն են զարգացրել: Ինստիտուտներ, որոնք հայ ժողովրդի առջև ծառացած ոչ մի հիմնախնդիր չեն լուծել, որոնցից ամենաթարմը Ղարաբաղի հարցն էր: Դրանք լուծելու համար պետական ինստիտուտներ են անհրաժեշտ, մի բան, որը նույն Դաշնակցությունը չի ընդունում: Հենց այնպես չէր հայտարարել. «անկախական ըլլալով, անջատմանը դեմ կըլլանք», որովհետև ի դեմս հայկական պետականության՝ սպառնալիք էր տեսնում իր գոյության ու իմաստի: 

Վանո Սիրադեղյանն էր դիպուկ նկատել. «Այն ազգերը, որոնք առաջնորդվում են «Մահ կամ՝ ազատություն» կարգախոսով, սովորաբար ստանում են մահ, իսկ ազատությունը մնում է այդ կարգախոսի հեղինակներին»:

Հիմա այդ կարգախոսով ենք առաջնորդվում: Իհարկե, այդ դեպքում կստանանք հայկական պետականության մահ, իսկ կարգախոսի հեղինակները 100 տարի հետո էլ կմնան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   988 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ