...

Նիկոլ Փաշինյանի ելույթը գաղտնի նիստում

Նիկոլ Փաշինյանի ելույթը գաղտնի նիստում

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել կառավարության և ՔՊ վարչության համատեղ գաղտնի նիստում Նիկոլ Փաշինյանի արտասանած ելույթից մի հատված, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

- Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Նստեք։ Ալենչո, դու է՛լ նստի։ Նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ․․․ Ալենչո, ասեցի՝ նստի։ Լավ Սահմանադրություն է, բայց վերջերս սպորտով քիչ եմ զբաղվում, մի քիչ չաղացել եմ, վրաս նեղ ա, թևատակերիցս սեղմում ա, պիտի բարեփոխենք ու մի քիչ լայնացնենք լիազորություններս։ 

Հա, ի՞նչ էի ասում։ Նախ՝ ֆինանսատնտեսական հարցերի մասին։ Հարգելի բարեխիղճ գործարարներ, եթե 300 հազար դրամից ավել կանխիկ գործարքներն արգելված են՝ էդ չի նշանակում, որ պիտի ձեռքերդ թափ տալով գաք ինձ հետ հանդիպումների, էղա՞վ։ Հրավիրում եմ գլխավոր դատախազի առանձնահատուկ ուշադրությունը։ Էն լսե՞լ եք, էն որ ասում ա «եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն ա զբաղվում քեզանով»։ Հիմա էդ ա, եթե դուք հատուկ ուշադրություն չեք դարձնում Աննային, մի ուրիշ Աննա հատուկ ուշադրություն կդարձնի ձեզ։

Անցանք առաջ։ Բյուջեն համալրելու ի՞նչ նոր տարբերակներ կան։ Տիկո, դու սո՛ւս։ Այ օրինակ՝ Զարուհի Բաթոյանն առաջարկել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել և օրենքով հստակեցնել ժեստերի լեզուն։ Որովհետև մարդ կա՝ ինձ տեսնելիս ոչ թե հայհոյում է, այլ, ասենք, միջնամատը բարձրացնում կամ երեք մատի կոմբինացիա ցույց տալիս, ու մենք այդ մարդկանց տուգանելու օրենսդրական հիմքեր չունենք․․․ Պրն Ավինյան, ասեցի՝ դու սուս։ Էդ Ռոմեո-Ջուլիետի մեջի խալաթն ու գլխարկն էլ հանի, մենք է՛լ ենք Նար-Դոս կարդացել։ Եվ ընդհանրապես՝ դու ամեն ինչ թարս ես հասկանում։ Մենք ուզում ենք անօդաչու թռչող սարքեր արտադրել՝ դու կանեփի պլանտացիաներ ես հիմնում, այսինքն՝ առանց թռչող սարք օդաչուներ ես բազմացնում, ես ասում եմ գնա կոռուպցիայով զբաղվի՝ ․․․ Այսինքն՝ չէ, էդ մասով լավ էլ ճիշտ ես հասկացել․․․ Բայց արդյունքնե՛րը չեմ տեսնում։ 

Ուրիշ ի՞նչ առաջարկներ կան։ Ընդդիմադիր պատգամավորների հրաժարականները դարձնենք վճարովի՞։ Կարելի է մտածել։ Ուրի՞շ։ Այ օրինակ Սամվել Լիմինդրովիչն առաջարկել է․․․ էդ հումոր ե՞ս անում․․․ հի-հի, ասում ա «գրավո՞ր»․․․ առաջարկել է դստեր հարսանիքի ծախսերի հետ կապված՝ մի երկու ամսով դոլարը դարձնել 200 դրամ․․․ Հանգստացեք, Խաչատուր Ալբերտովիչ, տեսնում եմ, որ չորս վերջույթներով կողմ եք, բայց ընթացակարգեր կան։

Ուրի՛շ առաջարկներ։ Սուրո՛, «Զաբուխը ծախենք»-ը ո՞րն ա, հազար անգամ ասել եմ՝ ՊՆ-ն շահույթ հետապնդող կազմակերպություն չի, միայն բարեգործություն․․․ Ասա, Ռոմանոս։ Բայց եթե էլի պիտի ասես «բերեք Սևանի ջուրը ծախենք»՝ նստի տեղդ։ Հըմ, փաստորեն ուրիշ առաջարկներ չկան։

Լավ, դե արձակուրդի ժամանակ կմտածեք․․․

Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ