Վերջին օրերին, հատկապես այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածումը աննախադեպ ծավալների է հասել, իշխանությունների նկատմամբ ագրեսիվ հակաքարոզչությունն էլ է աննախադեպ մակարդակի հասել:
Միայն հունիսի 1-ին, երբ վարչապետը իր ծննդյան օրով հայտարարեց վարակվելու մասին, նրա և նրա ընտանիքի հասցեին այնպիսի գրառումներ արեցին ընդդիմախոսները, քոչարյանա-միշիկական լրատվամիջոցները, որ տվեցին-անցան անբարոյականության բոլոր սանդղակները:
Հասկանալի է, որ վիճակը ծանր է, համաճարակի հետ կապված մխիթարիչ շատ քիչ բան կա, մյուս կողմից էլ՝ չարախոսների հարձակումները: Նաև դրանով էր երևի պայմանավորված, որ վարչապետի հասցեին բազմաթիվ քաղաքացիներ, ակտիվիստներ, տարբեր քաղաքական-քաղաքացիական շրջանակներ աջակցության խոսքեր հայտնեցին՝ չթաքցնելով, որ նրա հետ բազմաթիվ տարաձայնություններ ունեն: Շատերը կոչ արեցին մի կողմ դնել իրենց տարաձայնություններն ու համախմբվել Նիկոլ Փաշինյանի և իշխանության շուրջ, քանի որ նախկին ավազակապետական տարրերն ու նրանց վարձկանները բացարձակապես լկտիացել են և սանձարձակ արշավ են սկսել՝ հեղաշրջման պերմանենտ կոչերով:
Այստեղ մի հին հրեական անեկդոտ պետք է հիշեցնել. մի հրեա ամեն օր աղոթում է և Աստծուց խնդրում, որ վիճակախաղի տոմսով մի հատ ավտոմեքենա շահի: Օրը մի քանի անգամ աղոթում է, ամիսներ շարունակ: Ի վերջո, հրեշտակների համբերությունը սպառվում է, գնում են Աստծո մոտ և ասում. «Տեր Աստված, այս մարդու ձեռից քուն ու դադար չունենք, մեր անդորրը խաթարվել է, քեզանից ի՞նչ է գնում, այնպես արա, թող մի հատ վիճակախաղի տոմսով մեքենա շահի»:
Աստված պատասխանում է. «Հա, իմ զահլեն էլ է տարել, բայց գոնե թող մի հատ վիճակախաղի տոմս գնի»:
Հիմա մեզ մոտ այդ հարցն է առաջանում. իսկ մենք ինչպե՞ս օգնենք իշխանություններին: Իրենք «լատարեյի» տոմս առե՞լ են, որ կարողանանք աջակցել: Երկու տարի է, խորհուրդ ենք տալիս գնել այդ տոմսը. այսինքն՝ իրականացնել քաղաքական և իրավական բարեփոխումներ, ամբողջությամբ փոխել դատաիրավական համակարգը, ուժային կառույցները քաղաքական մարմիններ դարձնել, Սահմանադրական դատարանի հարցը լուծել, նախկին կոռումպացված ռեժիմի թալանածը ետ բերել, պատասխանատվության ենթարկել տարիներ շարունակ ծանր հանցագործությունների, արյան մեջ թաթախված բարձրաստիճան պաշտոնյաներին, վերանայել բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ, սեփականաշնորհումներ, փակել քոչարյանական-միշիկական այդ բանդիտիզմի ակտիվացման ճանապարհները, քրեական բարքերը արմատախիլ անել, լյուստրացիա իրականացնել:
Չեն արել: Բացի մարտի 1-ի գործից, մնացած հարցերում արմատական ոչինչ չի արվել: Կոսմետիկ ինչ-որ բաներ արվել են. մի երկու հատ օրենք են ընդունել, մի երկու հատ խրոխտ ելույթ են ունեցել, բայց պրակտիկ առումով արդյունքներ չկան: Չեն կարող լինել:
Իսկ ժամանակը թռչում է: Ու ի վնաս իշխանությունների է թռչում: Նիկոլ Փաշինյանն այնքան վստահ էր այս երկու տարին, որ 80 տոկոս վարկանիշը գրպանից ոչ ոք չի հանի, քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի, առողջ ու բանական ուժերի խորհուրդների կարիքը չունի: Ինքը միայնակ բոլոր հարցերը կլուծի: Բա ո՞նց իրեն աջակցենք: Լավ, գնացինք, կողքը կանգնեցինք, ասացինք՝ Նիկոլ, մենք քեզ աջակցում ենք: Դրանից իր դիրքերը ամրապնդվելո՞ւ են: Սերժ Սարգսյանի կողքին էլ ժամանակին մի 400-500 հազար մարդ կար կանգնած: Պարզվեց՝ միայն թղթի վրա են աջակցում: Սադամ Հուսեյնը վստահության հանրաքվե անցկացրեց, 100 տոկոս ձայն «հավաքեց», մի տարի հետո իշխանությունը կորցրեց: Որովհետև կողքները նորմալ, մտածող, սկզբունքային մարդիկ քիչ էին:
Չի առել այդ տոմսը: Մինչև հիմա: Ավելին, դեռ մի բան էլ անում է, որ այդ տոմսից չվաճառեն: Տարբեր ուժեր նրան առաջարկներ ու խորհուրդներ են տալիս, իսկ ինքը հիասթափվածների ցուցակ է հրապարակում, թե նայեք, այս մարդիկ ակնկալիքներ ու ամբիցիաներ ունեին, դրանք չիրականացան, դրա համար էլ հիասթափվել են ինձանից:
Ոնց որ զոռով իրենից վանի այդ ուժերին: Կոպիտ ասած՝ հայտարարի, թե ախպեր ջան, ես առանց տոմս էլ մեքենա կշահեմ: Չես շահելու: Դա անհնար է: Բազմաթիվ առաջարկներ են եղել, որոնք անտեսվել են, հիմա նոր ընդունում են, որ ոնց որ թե խելոք առաջարկներ էին: Երբ արդեն ուշ է:
Մի ուրիշ պրոբլեմ էլ ունի Նիկոլ Փաշինյանը. ինքն անընդհատ փորձում է ընդգծել իր բացառիկությունը, իր աննախադեպությունը, ու իր վրա պատմական առաքյալի պատմուճան գցած՝ իրեն վեր է դասում բոլոր նրանցից, որոնք վերջին 30 տարում մեր պետականության կայացման գործընթացում ինչ-որ դեր են ունեցել: Մի քիչ վազգեն մանուկյանական նարցիսիզմ կա դրա մեջ, ինչը միայն վնաս է հասցնում հենց իրեն: Միգուցե դա էր պատճառը, որ Վազգեն Մանուկյանից ներողություն խնդրեց 1996-ի դեպքերի համար: Ու այդ ներողության հիմքում ոչ թե այն էր, որ Վազգեն Մանուկյանից իբր խլել էին հաղթանակը, այլ, որ նրա պատմական առաքելությունը, այն է՝ իշխանություն զավթելը, չի ստացվել: Մենք չգիտենք ներողության շարժառիթները, կարող ենք ենթադրել, բայց վստահեցնում ենք. Փաշինյանը ահա սրա համար շատ թանկ է վճարելու:
Մի ուրիշ բան ասենք. մայիսի 31-ին մեր նորանկախ պետականության ամենավառ իրադարձություններից մեկի օրն էր. 31 տարի առաջ այդ օրը «Ղարաբաղ» կոմիտեն ազատ արձակվեց «Բուտիրկայից»: Թեկուզ մի բառով Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ դրան: Հանրային հեռուստատեսությունից էլ նման բան չտեսանք: Իսկ անտեսվեց, որովհետև էլի չէր տեղավորվում սեփական բացառիկության տեսլականի մեջ: Մինչդեռ պետք է խոսեր այդ մասին, անուն առ անուն նշեր «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, ընդգծեր նրանց դերն ու նշանակությունը մեր պետականության կայացման գործում, մի հատ էլ վերջում շնորհակալություն հայտներ: Բայց Փաշինյանը համարում է, որ որևէ կապ չունի այդ Հայաստանի հետ, ինքը պետք է Նոր Հայաստան կերտի, իրենը, իր պատկերացրածը: Դա էլ չի ստացվի, թեկուզ 67 հատ Նոր Հայաստան ստեղծվի, հիմքը 1988թ. Շարժումն է և հրաժարվելով այդ հիմքից, պարզ չէ՞, որ հիմքդ խախուտ է լինելու, երերուն, անորոշ: Բա որտե՞ղ մնաց մեր աջակցության կարիքը:
Մեր խնդիրն է օգնել իշխանություններին՝ ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնելու համար, օգնում ենք: Ի դեպ, դրա մեջ քննադատությունն էլ է մտնում, մեր խնդիրն է աջակցել իշխանություններին, որպեսզի ստեղծեն արդյունավետ պետություն, որի շարժիչը պետք է լինի քաղաքացիական հասարակությունն ու միջին խավը, դա էլ ենք աջակցում: Աջակցության այլ ձևաչափ մենք չգիտենք:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը աջակցության խնդիր չունի: Նա այդ աջակցությունից օգտվելու խնդիր ունի: Իսկ վիճակախաղի տոմսը մի գեղեցիկ օր մեկ ուրիշը կարող է գնել: