Վերջին օրերին մեր քաղաքական դաշտում հիմնական դերակատարները հանրությանը պատեպատ են ծեփում իրենց մտքերի «արգասիքներով»: Իրենց ամեն մի խոսքից հետո մարդկանց տրամադրվածությունները փոխվում են լույսի արագությամբ: Տեսեք, թե ինչ է լինում:
Երկուշաբթի.
Առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր լայվ-ուղերձում հայտարարում է, թե «ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա բոլոր սխալների պատասխանատվությունը «հրել» դեպի ինձ»:
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: 2020 թվականին ամոթալի պարտություն է կրել, թե բա՝ պատճառը վերջին 25-30 տարվա սխալներն էին: Թե դա ինչ կապ ունի պատերազմի հետ, չի ասում: Կամ եթե սխալներ են եղել, երկրի ղեկավար էիր, 2,5 տարվա ընթացքում պիտի շտկեիր այդ սխալները, ոչ թե՝ խորացնեիր: Չէ, ախպեր, սա պիտի գնա, քանի որ իր արածների համար իրեն պատասխանատու չի զգում ընդհանրապես:
Երեկոյան Վազգեն Մանուկյանը հայտարարում է. «Փաշինյանը լավ կանի կամովին հրաժարական տա. «Շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»»:
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: Էս մարդը բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում: Մի անգամ 1996 թվին մի քանի հազար հոգու գազազացրեց, տեսանք՝ ինչ եղավ. խորհրդարանը ջարդուխուրդ արին, ԱԺ ղեկավարներին ծեծեցին: Հիմա նորից նույնն է փորձում անել: Սա ո՞նց կարա վարչապետ լինի, եթե հանուն իշխանության պատրաստ է արյունահեղության:
Երեքշաբթի.
Առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր լայվ-ուղերձում հայտարարում է, թե իր իշխանությունը ոչ թե դիվանագիտությունն է ձախողել, այլ փորձել է դուրս գալ 20-25 տարի ձախողած դիվանագիտության բեռի տակից:
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: Ընկեր ջան, դու էիր, չէ՞, ասում, որ Լավրովի պլանը խայտառակություն է, դավաճանություն է, բա ինչի՞ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիան ստորագրեցիր, երբ դրանից առաջ քանի անգամ քեզ առաջարկել էին ավելի լավ պայմաններով հաշտություն կնքել: Չէ, սա վարչապետ չի:
Երեկոյան Վազգեն Մանուկյանը հայտարարում է, թե Հայաստանը Թուրքիայի դեմ ստեղծվող դաշինքի մեջ պետք է լինի, քանի որ աշխարհը չի համակերպվելու Թուրքիայի լկտիություններին:
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: Իբր Ադրբեջանի հետ կարողանում ենք հարցերը լուծել, հիմա էլ առաջարկում է երկրորդ ճակատ բացել, այս անգամ՝ Թուրքիայի դեմ: Սա Հայաստանը վարի կտա: Ու այս մարդը ուզում է վարչապետ դառնալ:
Չորեքշաբթի.
Առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Աննա Հակոբյանը Արցախի ՊԲ բունկերում է եղել, որ ոգևորի հրամանատարությանը:
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: Այսինքն, ՊԲ հրամանատարությունը ընկճված, լոմկա վիճակում էր, ու Աննա Հակոբյա՞նը պիտի նրանց ոգևորեր: Պատմությունից մեզ հայտնի չէ երկրորդ նման դեպք, որ ռազմական գլխավոր հրամանատարական կետում կողմնակի մարդ լինի: Ու դա՝ երկրի ղեկավարի պահանջով: Որովհետև դա նշանակում է չվստահել բանակի ղեկավարներին: Չէ, սա վարչապետ չի, պիտի գնա:
Երեկոյան ընտանեկան բռնության թեմայով քննարկման մի դրվագ է տարածվում, որտեղ Վազգեն Մանուկյանը հայտարարում է, թե ժողովրդի 10 տոկոսը անասուն է:
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: Մի մարդ, որը ժողովրդի մի հատվածին անասուն է համարում, նրանից ի՞նչ սպասես:
Հինգշաբթի.
Առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 2016-ին ՀՀ իշխանությունը լեգիտիմացրել է Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը:
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: 2016-ից հետո բանակցություններ են ընթացել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև, կողմերը եկել էին համաձայնության, թե որ չգային, պատերազմն այն ժամանակ կվերսկսվեր: Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքի լեգիտիմացումն այն էր, երբ հայտարարում էիր, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», կամ՝ Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցելու բան չունի, թող Արցախը բանակցի: Այ, դա պատերազմ սկսելու լավ հիմք էր հակառակորդի համար: Չէ, ախպեր, պիտի գնա:
Երեկոյան Վազգեն Մանուկյանը հայտարարում է, թե Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք պառակտում են ժողովրդի:
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: Կարծես ինքը չէր, որ վազել էր Մոսկվա՝ «դաբրո» ստանալու: Աստված գիտի, թե քանի դուռ է մաշեցրել: Կարծես ինքը չէր, որ տարիներ շարունակ ամերիկյան NDI և IFES կազմակերպությունների «լիազոր ներկայացուցիչն» էր Հայաստանում: Ու դեռ խոսում է արտաքին ազդեցություն ունեցող ուժերի մասին: Ու մշտապես արտաքին ուժերի վրա հենվելով, հիմա ո՞նց է ուզում անկախ երկիր կառավարել:
Ուրբաթ.
Առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Դիվանագիտական հաջողությունը՝ 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի և սա է հարցի լուծման բանաձևը»։
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: Այս մարդը ո՞նց կարող է վարչապետ լինել, եթե նույնիսկ չգիտի, թե ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովը երբ է կայացել: Կամ ինչպե՞ս կարելի է անհաջողություն համարել մի բան, որը երբեք չի եղել: ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովում որևէ փաստաթուղթ՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, չի ընդունվել: Բա մարդ կարո՞ղ է 25 տարվա վաղեմության և գոյություն չունեցող բանը պատճառ բերել՝ արդարացնելու արցախյան պատերազմում իր պարտությունը: Ու դրանից հետո շարունակի երկիր ղեկավարել:
Երեկոյան Վազգեն Մանուկյանը հայտարարում է, թե իր շնորհիվ 1990-ականների տարածքներ են գրավել, Քելբաջարն են ազատագրել, բանակ է կայացել:
Ասում ենք. չէ, սենց չեղավ, էս ի՞նչ է ասում: Այս մարդը կատարյալ նարցիսիզմով է տառապում: Սամվել Բաբայանը մի անգամ՝ 1996 թվականին, արդեն պատասխանել է Վազգեն Մանուկյանի այս մտքերին և հայտարարել. «Քելբաջարի գրավման գործողությունը մշակվել և իրականացվել է ղարաբաղյան բանակի կողմից, իսկ կոնկրետ Վ. Մանուկյանի անհատական ավանդն ինչպես այդ, այնպես էլ ղարաբաղյան բանակի կազմակերպման գործում չնչին է եղել: Ղարաբաղի զինվորականությունը վրդովված է կեղծիքի միջոցով Հայաստանի նախագահական ընտրարշավում միավորներ կորզելու Վ. Մանուկյանի փորձերից, նրա այդ քայլը համարում է սրբապղծություն՝ իրենց կյանքը հանուն հաղթանակի զոհաբերած ազատամարտիկների հիշատակի նկատմամբ»:
Չի կարող նման որակներով մարդը երկրում կայունություն հաստատել, եթե աջուձախ կեղծիքներ է տարածում:
Ահա այսպիսի վիճակ է մեզ մոտ: Նիկոլ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը ոնց որ հերթափոխով կռիվ անեն, թե իրենցից ով ավելի շատ անպատասխանատու հայտարարություններ կանի: Առայժմ ոչ-ոքի է: