...

Նմանակողի «ռիտորիկան»

Նմանակողի «ռիտորիկան»

Հայաստանն աշխարհիս մեծերի և փոքրերի համար ծաղրի առարկա դարձրած մարդը շարունակում է երկրի ներսում որոնել մեղավորների, որպեսզի մի կերպ ազատվի սեփական մեղքից։ Ասենք, որ ապարդյուն ջանքեր են, և ինքը դա շատ լավ գիտի։ 

Անիմաստ բան կլիներ այդ մարդու ասածներին լուրջ վերաբերվելը, եթե նա չզբաղեցներ ՀՀ վարչապետի պաշտոնը, քանի որ պետական որոշ համակարգեր անմիջականորեն արձագանքում են նրա խոսքին։

Այսպես, Ն․ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ արտահայտվեց գերիների մասին։ Օրերս նույն մեղադրանքները կրկնեց ԱԺ նախագահ կարգվածը։ Եվ մեր չափազանց ինքնուրույն իրավապահ համակարգն արձագանքեց։ Դեկտեմբերի 9-ին գերությունից վերադարձած 5 հոգու մեղադրանք առաջադրեցին։ Կան ձերբակալվածներ։ Դեկտեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեն, որը, ի դեպ, ղեկավարում է Արգիշտի Քյարամյանը, հաղորդագրություն տարածեց, որում պնդում է, թե ս․թ․ նոյեմբերի 16-ին Սյունիքում մեր զինվորները չեն կատարել իրենց մարտական պարտականությունները։ Ըստ քննչական կոմիտեի՝ դիրքապահ զինվորներն են մեղավոր զոհերի, գերիների և կորսված դիրքի համար։ Կան ձերբակալվածներ։ 

Ս․թ․ դեկտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նոր թիրախ առաջարկեց իր թիմին և իրավապահ մարմիններին։ Պետական կառույցներն են։ Մի քիչ մշուշոտ է, բայց, կարծում ենք, ելք կգտնեն։ Պետական կառույցներում աշխատում են բազմաթիվ պարկեշտ մարդիկ, որոնք գիտելիք, փորձ և հմտություններ ունեն, սակայն, ի դժբախտություն իրենց, գործի են անցել դեռ նախկինների օրոք։ Առայժմ ձերբակալվածներ չկան, բայց կլինեն, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեղավորներ են «գեներացնում»։ 

Մամուլն արդեն հասցրել է հիշեցնել նախորդ դարի երեսունական թվականները, երբ ստալինյան տեռորը որոնում և գտնում էր «ժողովրդի թշնամիների»։ «Գեներացված» զոհերը գյուղացիներ էին, բանվորներ, գիտնականներ և, իհարկե, զիվորականներ։ Բոլորը հակահեղափոխական էին, նախկին։ Զինվորականները, օրինակ, դավաճաններ էին կամ դասալիքներ։ 

Չենք բացառում, որ 2018-ին Մոնթեի կերպարը նմանակող Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ ընտրություններից սկսած՝ նմանակում է Իոսիֆ Ստալինին։ Պողպատը՝ վկա։

Սակայն նմանակելը ոչ մի լավ բանի չի հասցնում։ Նմանակը թույլ և ողորմելի է սովորական կյանքում, իսկ քաղաքականության մեջ՝ աղետաբեր։

Այսպես, Մոնթեին նմանակելով՝ փորձեց հաղթող դուրս գալ պատերազմում, չստացվեց։ Երկիրն ու բանակը ջախջախեց։ 

Ստալինին նմանակելով՝ փորձում է ազատվել գերիների խնդրից։ Չի ստացվելու։ Սակայն խայտառակ է լինում բանակը։ Դասալիքներ որոնելու «ռիտորիկայով»՝ վարկաբեկում է հայ զինվորին և ստիպում, որ անգամ մանկահասակ որդի ունեցող ընտանիքներն արագորեն արտագաղթեն երկրից։ 

Ավերածությունները շարունակելու է պետական ծառայողների շարքերում՝ խթանելով կառավարման համակարգից կադրերի արտահոսքը։

Հերթը գիտնականներին և արվեստագետներին էլ կհասնի։

Ի դեպ, երբ Իոսիֆ Ստալինը 30-ականներին ավերում էր Կարմիր բանակը, չէր պատկերացնում, որ ֆաշիստական Գերմանիան շուտով հարձակվելու է երկրի վրա։ ԽՍՀՄ-ը, սակայն, մեծ երկիր էր։ Անասելի ջանքերով և զրկանքներով, 28 միլիոն մարդ զոհելով՝ մի կերպ կարողացավ դուրս գալ աղետալի վիճակից։ Հաղթանակը չափազանց թանկ գին ունեցավ։ Իսկ փոքրիկ Հայաստանը, մանավանդ պարտությունից հետո, այդպիսի ներուժ չունի։ Մեր անգետ իշխանությունները պատեհ-անպատեհ սիրում են հիշատակել Իսրայելի օրինակը։ Սակայն բարեհաջող «մոռանում են», որ այդ երկրի հիմնական զենքը մարդն է, մարդկային ուղեղը։ Մեկ-մեկ դա՛ էլ հիշեք և ձե՛զ նայեք։ 

Զարուհի Գաբրիելյան 


 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ